Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, օրերս կրկին զինվորական համազգեստ էր հագել, սազում էր։ Տիկին Հակոբյանը զենք էր բռնել, հաստատ նաեւ՝ կրակել։
Տիկին Հակոբյանը «ռազմական» կերպարով էր, որովհետեւ իր նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որին մասնակցել է Արցախում բնակվող 15 կին։ «Դասընթացի ժամանակ կանայք անցել են մասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարական հիմունքների եւ առաջին բժշկական օգնության ցուցաբերման ավելի քան 20 պարապմունք։ Յոթնօրյա դասընթացը տեղի է ունեցել «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում»,- Աննա Հակոբյանի գրասենյակն է տեղեկացնում։
Մինչեւ զենք վերցնելը՝ տիկին Հակոբյանը պարզապես զինվորական համազգեստ էր հագնում, մեկնում Տավուշ, հետո լուսանկարներ հրապարակում ու խաղաղության կոչեր անում։
«Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին՝ կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:Կանայք, մայրերը եւ քույրերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ի՞նչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, եւ ի՞նչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով»,-հերթական խաղաղության կոչն էր արել Աննա Հակոբյանը տավուշյան մարտերի օրերին։ Այդ օրը նա զինվորական համազգեստով էր՝ ձեռքին ծաղիկներ, առանց զենքի։
Կարդացեք նաև
Զենքով ու «կամուֆլյաժով» հանրային հարթակում հանդես գալը, պարզապես ռազմականացման քարոզ է։
Աննա Հակոբյանի կերպարը տրանսֆորմացիայի է ենթարկվել իշխանափոխությունից հետո. սկզբում նա այլ կերպարով էր խաղաղության կոչ անում։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն է հիշեցնում։ «Առավոտ»-ի հետ զրույցում նա ասում է՝ իշխանափոխությունից հետո ռադիկալ փոփոխություն եղավ ազգ-բանակի հետ կապված, կրթական համակարգից ծրագիր հանվեց, եւ տիկին Հակոբյանի խաղաղության քարոզչությունը տեղավորվում էր այդ հակադրության ենթատեքստում՝ նախկին իշխանությունների՝ ռազմականացման հռետորաբանության։
«Ի՞նչ տեղի ունեցավ, որ Աննա Հակոբյանի հռետորաբանության, վարքի եւ բառապաշարի փոփոխություն եղավ՝ մենք տեսնում ենք նոր ծրագրեր՝ աշխարհազորի ստեղծում, տարբեր պետական ծրագրեր, որոնք վերականգնում են ազգ-բանակի պատկերացումները, դրանց մեջ նաեւ կանանց ներգրավման մասին են խոսում։ Հիմա այդ քարոզչության գծում տեղավորվել է վարչապետի կինը եւ աստիճանաբար փոխում է իր կերպարն ու հռետորաբանությունը՝ կապված ռազմականացման հետ»,-ասում է Զառա Հովհաննիսյանը։ Նա հիշեցնում է այն շրջանը, երբ վարչապետի կինը նախաձեռնել էր փամփուշտից զարդեր պատրաստելու միջոցառումը, դա հիմա կարծես լռել է. «Ես դրա հետ համաձայն չէի, իրականում դա նշանակում է, որ մարդիկ կրողը չէին խաղաղության փիլիսոփայության, հակամիլիտարիստական գործընթացների, եւ հատկապես նախկին իշխանության հստակ ուղեծրի փոփոխության։ Դա օգտագործվում էր ուղղակի հանրային դիսկուրսի շրջանակներում ցույց տալու, որ իրենք նրանցից տարբերվում են»։
Իրավապաշտպանը նկատում է՝ այս երկու տարվա ընթացքում այն խնդիրը, որը դրել էր Նիկոլ Փաշինյանը՝ նախաձեռնող լինել բանակցային գործընթացում կամ առավել ինքնուրույն քայլեր անել դեպի խաղաղության երկխոսության, միգուցե այդ կոնցեպտուալ հիմքը չստացվեց. «Մենք ունեցանք տավուշյան իրադարձություններ,Աննա Հակոբյանի կերպարի փոփոխությունն էլ այդ իրադարձությունների ֆոնին եղան»։
Ի սկզբանե խաղաղության կոչերն այլ կերպարով անելը, Հովհաննիսյանի կարծիքով, գուցե կապված էր նրա հետ, որ հույս ունեին միջազգային հանրության մոտեցումը կփոխվի Հայաստանի նկատմամբ, որ ավելի բարյացակամ վերաբերմունք կլինի։
«Բայց երբ մարդիկ իրավիճակի փոփոխության հետ փոխում են բառապաշարն ու կերպարը, ուրեմն այդ մարդիկ կրողը չեն խաղաղության փիլիսոփայության, հակամիլիտարիստական։ Դա հստակորեն ազդանշան է, որ մենք չունենք կառավարման ղեկին մոտ կանգնած անձանց խումբ, որն այլ մոտեցում ունի։ Նրանք շարունակում են նախկին իշխանության մոտեցումը»,-ասում է իրավապաշտպանը։ Նա նշում է՝ կառավարման ղեկին մոտ կանգնած անձի նկարները «կամուֆլյաժով» կամ զենքով՝ մարտական կոչեր են, հատկապես այն մարդկանց, որոնք ընդհանրապես զինապարտության կամ բանակի հետ պաշտոնապես կապ չունեն. «Այդ բոլոր նկարներն ինքնին հասարակության գիտակցության վրա ազդելու համար են՝ ռազմականացմանն ուղղված, եւ դա առանցքային կերպով հակասում է խաղաղության կոչին, եւ դա խաղաղության երկխոսության հրավիրելուն նպաստող երեւույթ չէ։ Ի վերջո, մենք կոչված չենք ռազմականացված երկիր ստեղծելու։ Այս երկու տարվա ընթացքում որեւէ գաղափար, որը կարողանար համախմբել հասարակությանը եւ գերակա ուղղություն լիներ, չմտածեցին։ Կոնցեպտուալ տեսանկյունից մենք ունեցանք հստակ կորուստ, փոփոխություն չեղավ, հին մեթոդն են օգտագործում համախմբման համար»։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր-նախագահ Էդգար Խաչատրյանը կարծում է՝ տիկին Հակոբյանի գործողություններում հակասություն չկա՝ զենք վերցնել, զինվորական հագուստ կրել ու զուգահեռ խաղաղության կոչեր անել. «Դա կախված է նրանից, թե մարդն իրականում ինչ հայացքներ ունի, խոսքն այն մասին չէ, որ Աննա Հակոբյանը պացիֆիստ է, խոսքն այն մասին է, որ Աննա Հակոբյանը փորձում է կանանց ներգրավել խաղաղաշինական գործընթացների մեջ։ Մյուս կողմից էլ, որպես վարչապետի կին, ուզում է ցույց տալ, որ անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության կանայք ինչպես են ընկալում խաղաղության գաղափարը, մենք, որպես պետություն, պատրաստ ենք նաեւ մարտական գործողություններին»։
Պարոն Խաչատրյանն ասում է՝ Աննա Հակոբյանի գործողություններում, խոշոր առումով, հակասություն չկա, որովհետեւ նրա վրա դրված է գործառույթ՝ ներկայացնել դիրքորոշում, որ մենք պատերազմ չենք ուզում որպես պետություն, դրված է գործառույթ, որ մենք՝ կանայք, պատրաստ ենք նաեւ պաշտպանել մեր հայրենիքը. «Ես չեմ կարող ասել, թե որ դիրքորոշումն է գերակշռող նրա հայացքներում, բայց ես հասկանում եմ, որ դա ունի թիրախ՝ մենք պատրաստ ենք թե՛ խաղաղության, թե՛ պաշտպանել մեր հայրենիքը զենքի միջոցով՝ անհրաժեշտության դեպքում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2020