Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդդիմության գլխավերեւում կախում են՝ եթե հանկարծ չգաք համախոհության, մեկ է, մենք մեծամասնությամբ հարցը լուծելու ենք». Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլին»

Սեպտեմբեր 03,2020 12:21

Բարձրագույն դատական խորհրդի կազմը, ըստ օրենքի, պետք է լինի 10 անդամից բաղկացած, բայց իրականում երկար ժամանակ ԲԴԽ կազմը չէր համալրվում, 8-ն էր: Ու ստացվում էր, որ բոլոր անդամները պետք է պարտադիր քվեարկեին «կողմ» կամ «դեմ», որպեսզի այն հարցը, որը քննարկվում էր` ընդունվեր կամ մերժվեր: Օրինակ, եթե որեւէ անձի պետք է դատավոր նշանակեին ու 8 անձից 6-ը կողմ էին, նա դատավոր չէր դառնա, որովհետեւ ստացվում է, որ այն երկու ձայնը, որոնց տեղը թափուր է, դիտվում է որպես «դեմ» ձայն: Այսօր թեեւ ԲԴԽ կազմը համալրված է, բայց իմքայլական պատգամավորները որոշել են հարցին տալ լուծում հետագայի համար, օրինակ` սահմանել, որ քվեարկության ժամանակ ձայները հաշվարկվում են ներկաների թվով: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների այդ նախագծի քննարկման ժամանակ Արթուր Դավթյանն ասաց, որ Սահմանադրական դատարանից չունեն եզրակացություն, ուստի հարցը հետաձգվեց:

Հանձնաժողովում քննարկվեց նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ նախագահին տալ լիազորություն նշանակելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոն կա ու այն լրացնելու համար անհրաժեշտ է, որ ձեւավորվի մրցութային խորհուրդ: Խորհրդի ձեւավորումն այս պահին հնարավոր չի լինում իրականացնել, որովհետեւ վերջին ներկայացուցիչը, որը պետք է ԱԺ-ի կողմից ներկայացվի, ըստ օրենսդրական ձեւակերպման, խմբակցությունների համախոհությամբ պետք է նշանակվի: Իսկ այդպես որոշում կայացնել չի հաջողվել:

Ընդդիմությունը դեմ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. «ԱԺ նախագահը որպես ի՞նչ է նշանակում համապատասխան պաշտոնատար անձանց, նա նշանակում է որպես ԱԺ նախագահ, ով արտահայտում է ԱԺ-ում առկա բոլոր խմբակցությունների կա՞մքը, թե՞ նա պարզապես որպես ԱԺ-ի աշխատանքը համակարգող պաշտոնատար անձ է այդ նշանակումն անում»: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահին վերապահված է ՍԴ-ում ներկայացուցիչ նշանակելու լիազորություն ու եթե այդ դեպքում խնդիր չկա, այս դեպքում ինչո՞ւ են բողոքում:

Տարոն Սիմոնյանը հակադարձեց՝ ասելով, որ ՍԴ-ում երբ ներկայացուցիչ է նշանակում ԱԺ նախագահը, այդ անձը համարվում է ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի անդամը ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ չէ, քաղաքական կամքի արտահայտություն է պետք, դա բացակայում է, հետեւաբար իրավական տեսանկյունից մեծ խնդիր կա:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց, որ ոչ թե ԱԺ նախագահը նշանակի, այլ այդ ներկայացուցիչն ընտրվի ԱԺ խորհրդի կողմից, իսկ խորհրդում ընդգրկված են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրականում մեկ անգամ մի թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել, բայց պետք է փորձ արվի գալ կոնսենսուսի: Եթե 3-4 անգամ չգնան փոխհամաձայնության, նոր օրենքը փոխեն. «Չի կարելի մեկ անգամ ձախողումից հետո փոխել օրենքը»:

Վլադիմիր Վարդանյանը զարմացավ, երբ Տարոն Սիմոնյանն իր առաջարկին դեմ քվեարկեց՝ ասելով, որ իրավական տեսանկյունից ավելի բարվոք վիճակ է, երբ ոչ թե ԱԺ նախագահը միանձնյա է որոշում, այլ՝ ԱԺ խորհուրդը, բայց քաղաքական առումով խնդիրը չի լուծվում, որովհետեւ էլի կոնսենսուսային մոտեցումից հրաժարվում են: Եթե նույնիսկ ամրագրեն, որ համախոհության կարգով թեկնածու չընտրելու դեպքում նոր գնան այդ լուծման, մեկ է, դա ընդդիմության գլխին կախված է լինելու սպառնալիքի պես. «Եթե հանկարծ չգաք համախոհության, մեկ է, մենք մեծամասնությամբ հարցը լուծելու ենք»: Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Դեմ ըլլալով կողմ…չեմ հասկանում ձեզ»:

Առաջարկը դրվեց քվեարկության ու ընդունվեց, իսկ նախագծի քվեարկությունը հետաձգվեց մի քանի օրով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930