Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Նավալնու գործով Գերմանիայի հայտարարություններին՝ նշելով, որ Գերմանիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին որևէ բովանդակային հաշվետվություն չեն հանձնել: Նման հայտարարություն է տարածել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը:
Բեռլինում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևն ավելի վաղ հրավիրվել էր Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան ներկայացրել էին Նավալնու գործով գերմանական կողմի հետազոտությունների արդյունքները:
«2020թ. սեպտեմբերի 2-ին Գերմանիայում ՌԴ դեսպանին կանչել են այդ երկրի ԱԳՆ և հայտնել այսպես կոչված «Նավալնու գործով» Գերմանիայի դաշնային կառավարության հայտարարության բովանդակության մասին: Ընդ որում, որևէ բովանդակային հաշվետվություն դեսպանին չի ներկայացվել»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:
Նշենք, որ Գերմանիայի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Բունդեսվերի լաբորատորիայի մասնագետները հաստատել են, որ Նավալնուն թունավորել են »Նովիչոկ» տեսակի թունավոր նյութերի խմբին պատկանող նյութով: Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին մեկնաբանելով Գերմանիայի կառավարության հայտարարությունը, ասել էր, որ ռուսական կողմը դեռ սպասում է Նավալնու շուրջ իրավիճակի մասին ՌԴ Գլխավոր դատախազության ուղարկած հարցման պատասխանին:
Կարդացեք նաև
Իսկ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն էլ խիստ քննադատել են Ալեքսեյ Նավալնու դեմ մահափորձը: «ԵՄ-ն խստագույնս դատապարտում է ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորումը»,- ասված է ԵՄ արտաքին գործերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ իր կողմից շոկային է որակել Նավալնու թունավորումը: «Ես խորապես դատապարտում եմ դա: Նյարդապարալիտիկ ազդեցության մարտական նյութի կիրառումը նշանակում է, որ ռուսական իշխանությունների համար այս գործի ամբողջական և թափանցիկ հետաքննության անցկացումն ուղղակի անհետաձգելի է դառնում: Հանցագործության մասնակիցները պետք է հայտնաբերվեն և խստագույնս պատժվեն»,-ասել է Ստոլտենբերգը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ