Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս տարվա հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով վարույթ է հարուցել: Դրա համար առիթ է հանդիսացել արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասցեագրված դիմումը։ Կարապետյանը հանկարծ հայտնաբերել է, որ Ծառուկյանը, լինելով պատգամավոր, նաեւ բիզնեսմեն է եւ մասնակցում է իրեն պատկանող ձեռնարկությունների կառավարմանը։ Բանն այն է, որ 2020 թ․ հունիսի 23-ի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության ընդհանուր ժողովին մասնակցել է անձամբ Ծառուկյանը, որպեսզի դադարեցնի ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ԺՊ նշանակի Արայիկ Կեսոյանին, քանի որ Առուստամյանը գտնվում է կալանքի տակ։
Արձանագրության տակ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի ստորագրությունն է, որն էլ նման «բացահայտումների» առիթ է հանդիսացել, որ Ծառուկյանը զբաղվում է բիզնեսի կառավարմամբ՝ լինելով ԱԺ պատգամավոր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթի քննության համար 90-օրյա ժամկետ ունի։ Խոսեցինք հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ են հայտնաբերել իրենց ուսումնասիրությունների արդյունքում, Ծառուկյանն իսկապե՞ս հանցավոր արարք է թույլ տվել, որը կարող է հիմք հանդիսանալ նրա պատգամավորական լիազորությունների դադարեցման համար։
– Եվ ի՞նչ կարող եք ասել՝ պարբերական բնո՞ւյթ է կրել Ծառուկյանի մասնակցությունը բիզնես-գործունեությանը։
Կարդացեք նաև
– Փաստերը բավականին շատ են, բայց դա չի նշանակում, որ պարտադիր իր դեմ են։ Եկեք դեռեւս չգնահատեմ, դա եզրակացության մեջ կներկայացնենք։ Այնպես չէ, որ բոլոր փաստաթղթերում ինքն է հանդես եկել, բայց միեւնույն ժամանակ հանրային դրսեւորումներում եւ ասոցիացիաներում ինքն է հանդես գալիս որպես բիզնես-գործունեություն ծավալող։
– Նկատի ունեք Ծառուկյանի հարցազրույցները, հայտարարություննե՞րը։
– Այո։ Ինքն իրեն ասոցացնում է․․․ անգամ ԱԺ իր ելույթներում ասում է՝ ես սա եմ արել, նա եմ արել։ Մարդկանց մոտ օբյեկտիվորեն հարց պետք է առաջանա՝ կներեք, եթե Դուք պատգամավոր եք, ո՞րն է ավելի նախընտրելի գործունեությունը։
Մարդն իր հայտարարություններով իրեն ասոցացնում է բիզնես-գործունեության հետ, արդյոք նման կեցվածքով անձի պարագայում հանրային պաշտոն զբաղեցնելը համատեղելիության կանոնի հետ տեղավորվող կոնցե՞պտ է, կապ չունի, որ փաստաթղթերով․․․ Եթե հանրային ընկալումներում նա բիզնես-գործիչ է, հանդես է գալիս այդ դիրքերից եւ պատգամավորական մանդատը ծառայեցնում է այդ նպատակին, դա լրիվ փոխում է իրավիճակը։
– Տիկին Հարությունյան, եթե չկա ապացույց, որ պատգամավորական մանդատը ծառայեցնում է այդ նպատակին, իսկ փաստաթղթերով էլ ամեն ինչ նորմալ է, այստեղ իրավիճակն ինչպե՞ս է փոխվում։ Էլ չեմ ասում, որ մարդը նման ելույթների վերաբերյալ էլ կարող է ասել, որ այնքան էլ ճիշտ չի ձեւակերպել, ուզեցել է այլ բան ասել, ուրիշ բան է ստացվել։
– Այդ արտահայտվելը մի դրվագով կամ մի էպիզոդով չէ, ասոցացման խնդիրն է։
– Ներողություն, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ Ծառուկյանը, ինչպես իշխանությունները կասեին՝ խոշոր սեփականատեր է, փաստաթղթերով բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման։
– Հիմա հենց այդ հարցն է կոնցեպտուալ, որ հանձնաժողովն ավելի կոնցեպտուալ մշակույթի փոփոխության հարց է բարձրացնում։ Մենք՝ ինքներս էլ այդ հարցին ենք գալիս՝ արդյոք այն բոլոր դեպքերում, երբ հայտնի է, որ անձն ունի մեծածավալ բիզնես-գործունեություն, իր պաշտոնավարումը եւ իշխանության մաս կազմելը (կապ չունի, որ ընդդիմություն է) բարեվարքության տեսանկյունից ընդունելի՞ է, թե՞ ոչ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում