Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում անգամ այդքան մեծ ներարկումների դեպքում 2020 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում անկում է գրանցվել. «Փաստ»

Սեպտեմբեր 03,2020 10:45

Այս տարվա 7 ամսվա սոցիալ-տնտեսական տվյալներն ավելի վատն են, քան հունիսին գրանցված ցուցանիշները: Այս եզրահանգմանն է եկել տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է տնտեսական մի շարք հարցերի, առանձնացրել այս փուլում առկա կարևոր հիմնախնդիրները: «Այդ ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության մեջ ֆինանսատնտեսական ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում:

Եթե 2020 թ. հունվար-հունիս ամիսների կտրվածքով 4,7 տոկոս տնտեսական անկում ունեինք, ապա 7 ամսվա տվյալներով այդ ցուցանիշը 5,7 տոկոս է: Հուլիս ամսվա ցուցանիշների մեջ անկումն առավել խորացել է հատկապես ծառայության ոլորտում: Արդյունաբերության ոլորտում ևս անկումը շարունակվում է: Եթե հունվար-հունիս ամիսներին արդյունաբերությունը 1,5 տոկոս աճ ուներ, ապա հունվար-հուլիսին աճը կազմում է 1,3 տոկոս: Այս ոլորտում մենք որոշակի անկում ունենք, ինչը պայմանավորված է հանքարդյունաբերության թվերի ճշգրտմամբ: Մասնավորապես՝ անցած տարի հուլիս ամսին շահագործման հանձնվեց Թեղուտը:

Այս տարվա 6 ամսվա ընթացքում Թեղուտի արտադրանքը թույլ էր տալիս մեր հանքարդյունաբերության մեջ աճ ապահովել, բայց այդ աճը հուլիսից սկսած նվազելու է, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնելու տնտեսական ցուցանիշների վրա, քանի որ մեր տնտեսությունը մեծ կախվածություն ունի այս ոլորտից»,-ասաց տնտեսագետը: Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ նա հավելեց. «Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն առհասարակ չունեն թիրախավորված նպատակներ:

Բացի այդ, կան վերահսկողության խնդիրներ՝ կապված դրանց կատարման հետ: Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում միլիարդավոր դրամների չափով սուբսիդավորում են իրականացնում, գյուղացիները 1-3 մլն դրամի չափով անտոկոս վարկեր են ստանում, բայց խնդիր կա այդ վարկերի հասցեական օգտագործման տեսանկյունից: Օրինակ՝ դրանք արդյոք ծախսվո՞ւմ են ցանքատարածություններ ավելացնելու համար, թե՞ ոչ:

Որևէ վերահսկողություն չկա: Եվ, մեծ հաշվով, բանկերին ոչ թե հետաքրքրում է, թե ինչ նպատակով է գումարը ծախսվել, այլ հետաքրքրում է վարկունակությունը: Եվ այս իրավիճակում պատահական չէ, որ գյուղատնտեսության ոլորտում անգամ այդքան մեծ ներարկումների դեպքում 2020 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում անկում է գրանցվել: 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ 2020 թ. երկրորդ եռամսյակում այս ոլորտում արձանագրված անկումը կազմել է 3,2 տոկոս: Ստացվում է՝ գումարները, որոնք դրվել են այս ոլորտում, տեղ չեն հասել:

Եվ ակնհայտ է, որ այս տարի նշված ոլորտում ևս խնդիրներ ենք ունենալու: Բայց մեր հիմնական խնդիրը հատկապես այս տարվա աշնան ամիսներին է ի հայտ գալու, երբ սկսվի վարկային ճգնաժամը: Խնդիրն այն է, որ թե՛ քաղաքացիները, թե՛ բիզնեսները տարբեր վարկեր ձեռք բերելու համար մեծ քանակությամբ անշարժ գույք են գրավադրել բանկերում: Այս ամիսներին շատերը որոշակի պարտքեր են կուտակել: Թեպետ ոմանք օգտվել են որոշակի արձակուրդներից, բայց ակնհայտ է, որ այսպես երկար չի կարող շարունակվել. բանկերը կա՛մ վերցնելու են գրավադրված գույքերը, կա՛մ մարդիկ իրենց շենք- շինությունները, բնակարանները պետք է վաճառքի հանեն:

«Բացասական երևույթը վերցված գումարներն անարդյունավետ ծախսելն է, ինչը մենք արդեն տասնամյակներ շարունակ տեսնում ենք: Խնդիր է, երբ երկիրն ունի աղբյուրներ, բայց նախընտրում է պարտք վերցնել: Մենք կարող էինք հարկերի ձևով տնտեսությունից վերցնել գումարները, բայց պարտք ենք վերցնում: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ անարդյունավետ ծախսեր ունենք, և պետք է վերանայել բյուջետային քաղաքականությունը: 2020 թվականի բյուջեն համահունչ չէ այս տարվա ֆինանսատնտեսական ճգնաժամին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930