Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ես աններելի եմ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2020 10:33

Դաշնակցությունը որոշել է բարի կամք դրսեւորել՝ համաներում հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից եւ շարքերից դուրս գտնված ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել։  Համաներումը հայտարարվել է ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ։ ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ սա աննախադեպ չէ ՀՅԴ պատմության մեջ, մի անգամ էլ ՀՅԴ հիմնադրման 100-ամյակի առթիվ են նման բարի քայլի դիմել, այսինքն՝ 30 տարի առաջ։

– Պարոն Համբարձումյան, ի՞նչ մեղք են գործել ձեր երբեմնի կուսակցականները, որ այսօր համաներման կարիք ունեն։

– Ինչպես ցանկացած կուսակցության պարագայում, Դաշնակցության պարագայում եւս համապատասխան ընթացակարգեր կան, որ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով հեռացվածները կարող են դիմել կուսակցության շարքերին վերամիանալու խնդրանքով։ Մեր կանոնագրով նման դեպքերում անհրաժեշտ է, որ, այսպես ասած, ենթական համապատասխան զղջումնագիր ներկայացնի։ Այս նախաձեռնությունը ենթադրում է, որ ոչ թե զղջումնագիր պիտի ներկայացնեն, այլ ուղղակի պարզ դիմում ներկայացնի՝ շարքերին վերամիանալու համար։ Ընդամենը սա է։ Այսինքն՝ առանց այս նախաձեռնության էլ այդ հնարավորությունը մարդիկ ունեին։ Պարզապես սա մենք ենք նախաձեռնել եւ դիմում ներկայացնելու ընթացակարգ ենք նախատեսել, բայց դա ամենեւին չի նշանակում, որ դա տարածվելու է բոլորի վրա։ Կան հստակ չափորոշիչներ, սկզբունքներ, եւ այդ շրջանակներում է գործընթացը տեղի ունենալու։ Օրինակ՝ արտաքսվածների վրա դա չի ազդելու, նյութական զեղծարարության համար Դաշնակցությունից հեռացվածների վրա դա չի ազդելու կամ, օրինակ, այն մարդկանց, ովքեր որ հեռացվելուց կամ հրաժարումից հետո հակադաշնակցական ընթացքի մեջ են եղել կամ հրապարակավ հանդես են եկել կուսակցության քաղաքական դիրքորոշումների դեմ։

Խոսեցինք նաեւ Աղվան Վարդանյանի հետ, որը 28 տարի եղել է ՀՅԴ անդամ եւ կանգնած է ՀՅԴ հայաստանյան կառույցի ստեղծման ակունքներում։ Վերջինս, սակայն, ասաց, որ իրեն այս ընթացքում քանիցս առաջարկ եղել է՝ վերադառնալ ու համալրել հարազատ կուսակցության՝ ՀՅԴ-ի շարքերը, բայց ինքը դեռ չի մտածել այս ուղղությամբ։

– Պարո՛ն Վարդանյան, Դուք պատրա՞ստ եք համաներվելու։

– Ես դեռ չեմ մտածել, ես աններելի եմ։

– Ձեզ առաջարկ եղե՞լ է այս ընթացքում՝ վերադառնալ կուսակցություն։

– Ասացի՝ չեմ մտածել այդ ուղղությամբ, իսկապես չեմ մտածել։ Առաջարկներ շատ են եղել այս երկու տարվա ընթացքում, բայց ես դեռ առայժմ չեմ մտածել։

– ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ Դուք առանձնապես աններելի մեղք չեք գործել, ընդամենը կուսակցական կանոնագրից եք շեղվել։

– Ամեն մարդ իր մեղքերը ինքը գիտի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930