Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ շուկայական հարաբերություններ են և գինը որոշվում է շուկայում։ Կառավարությունը չի կարող գին թելադրել». «Ժամանակ»

Սեպտեմբեր 03,2020 10:19

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի խաղողագործներ բողոքի ակցիաների են պատրաստվում՝ դժգոհելով խաղողի մթերման գներից։ Մթերող գործարանները գյուղացիներին ասել են, որ Արմավիրի խաղողը մթերելու են մեկ կիլոգրամը 130 դրամով, իսկ չափումների արդյունքում, եթե ավելի ցածր որակ արձանագրեն՝ 120 դրամով։ Գյուղացիների խոսքերով՝ նախորդ տարի մեկ կգ-ն մթերվել է 150 դրամով, նրանք պահանջում են, որ այս տարի ևս պահպանվի նախորդ տարվա գինը։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ և՛ երեկ, և՛ նախորդ օրը հանդիպում-քննարկում եղել է խաղողագործների հետ։ Խնդիրն այն է, որ Արմավիրի մարզի խաղողագործները նախնական պայմանագիր ունեին մարզի գինու և կոնյակի գործարաններից մեկի հետ, որը, սակայն, խաղողագործների հետ խզել է այդ պայմանագրերը, քանի որ քչացրել է մթերման ծավալները։

Մեր դիտարկմանը՝ որ գյուղացիների պահանջը, կարծես թե, խաղողի մթերման գնի հետ է կապված, ոչ թե մթերման պայմանագրերի, նրանք պահանջում են 130 դրամի փոխարեն մթերումն իրականացնել 150 դրամով, մարզպետը արձագանքեց. «Մեր գերնպատակն այն է, որ խաղողը դաշտում չմնա, վաճառվի։ Գործարաններն էլ հիմա ընդունում են։ Դրանից հետո գյուղացիները ասում են՝ չէ, մեր ուզած գինը չի, 150 դրամ պետք է լինի։ Բայց ազատ շուկայական հարաբերություններ են, և գինը որոշվում է շուկայում։ Կառավարությունը չի կարող գին թելադրել։ Եթե այդպես է, ապա նույն հաջողությամբ պետք է կառավարությունը ծիրանի, ցորենի կամ դեղձի գի՞ն թելադրի։ Կրկնում եմ, կառավարության խնդիրն այն է, որ խաղողը վաճառվի, և կառավարությունն այդ խնդիրը լուծել է։ Ինչ վերաբերում է գնին, ապա դա շուկան է կարգավորում։ Պահանջել, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով մթերում իրականացնեն, դա տրամաբանական չէ։ Մի կողմից դա խաղողագործների իրավունքների պաշտպանություն է, բայց գինեգործների իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն։ Երկուսն էլ պետք է հավասար դիտարկել։ Եթե խաղողագործը կարող է որոշել, թե իր ապրանքը ինչ գնով վաճառի, ապա նույն հաջողությամբ էլ գինեգործը իրավունք ունի որոշել՝ գնե՞լ այդ խաղողը, թե՞ ոչ, և ինչ գնով գնել։ Կառավարությունն այստեղ մասնակցություն չունի»։

Մարզպետը նաև հավելեց, որ Արմավիրի մարզի խաղողագործները մթերում իրականացնում են ոչ միայն Արմավիրի մարզում։ Մարզի բնակիչները մթերում և վաճառք կազմակերպում են նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930