Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանն իրեն ներկայացված կասկածանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել՝ տալով մանրամասն ցուցմունք:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գոռ Գեւորգյանը՝ պնդելով, որ Հովսեփյանը ցորենի գործարանային սպիրտը ձեռք է բերել մարզի մեկ այլ բնակչից, դրան խառնել է միայն ջուր, լիմոն, բայց ոչ մի քիմիական հավելում:
Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
– Պարոն Գեւորգյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:
– Դիրքորոշում հայտնել է, կասկածանքի շուրջ իր առնչության վերաբերյալ ասել է, որ իրականում զբաղվել է սպիրտից օղի պատրաստման գործընթացով, սակայն ցորենի գործարանային սպիրտը նա գնել է եւ ցուցմունքով նշել է, թե ումից, փորձել է դրանով աջակցել քննությանը, որ եթե տարածման ճանապարհը դա եղած լինի, ապա դեմն առնվի եւ տարածում չստանա: Աշոտ Հովսեփյանն ի սկզբանե անգամ անզգուշության շրջանակում չէր կարող ենթադրել, որ կարող է այդ հետեւանքը առաջացնել, նա ընդամենը մաքուր ջուր եւ բնական լիմոնի մզվածք է խառնել սպիրտին, այսինքն՝ իր ձեռքով է մզել ու խառնել, որեւէ այլ քիմիական հավելում չի ավելացրել, որից կկարողանար հետեւություն անել, որ ստեղծած խմիչքը կարող է լինել թունավոր:
Կարդացեք նաև
– Պարոն Գեւորգյան, սկզբնակետը, որտեղից Ձեր պաշտպանյալը ձեռք է բերել Ձեր նշած սպիրտը, ո՞րն է եղել:
-Տեսեք՝ ինչ հետաքրքիր է. շղթա է, եւ մեր նշածը ոչ թե սկզբնակետն է, այլ այն անձը, որից ձեռք է բերել, բայց այդ անձը, իմ պատկերացմամբ, չէր կարող լինել ցորենից սպիրտ պատրաստող, պետք է ուրիշից ձեռք բերած լինի, եւ եթե իրականում պարզվի, որ դա է եղել թունավորման պատճառը, բոլորիս է հետաքրքիր՝ սկզբնակետը որն է եղել: Համենայն դեպս, Աշոտ Հովսեփյանը կատարել է իր՝ որպես քաղաքացու բարոյական պարտականությունը, չի օգտվել ցուցմունք տալուց ազատվելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, տվել է ցուցմունք, ցույց է տվել անձին, ումից որ սպիրտը ձեռք է բերել՝ ունենալով մեկ նպատակ. եթե իրականում դա է եղել թունավորման պատճառը, գոնե այդ շղթան կանխվի: Ու իր տված ցուցմունքի հիման վրա է, որ հայտնաբերվել է այն քանակությունը, որի մասին խոսվում է, հակառակ դեպքում մինչ օրս այդ սպիրտը ոչ մեկը չէր գտնի:
– Պարոն Գեւորգյան, վիճարկո՞ւմ եք Աշոտ Հովսեփյանի ձերբակալման իրավաչափությունը:
– Ես համարում եմ, որ ձերբակալումն ապօրինի է, բայց այս պահին իր գործով շատ ավելի կարեւոր հարցերով եմ զբաղված, ենթադրենք՝ վիճարկեի, համարեին ոչ իրավաչափ, դա ոչինչ չէր փոխելու, այդ ժամանակը շատ ավելի ռացիոնալ կարող ենք օգտագործել իր պաշտպանության մեկ այլ բնագավառում:
Միլենա Խաչիկյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: