Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն՝ իր դերի մեջ

Սեպտեմբեր 03,2020 10:00

Պատկերացրեք մի թագավորի, որն իշխանության է գալիս՝ խոսքի ազատությունն ապահովելու անկեղծ ցանկությամբ: «Ինչ ուզում եք՝ խոսեք, ինչ ուզում եք՝ գրեք, ձեզ ոչինչ չի սպառնում», – հայտարարում է թագավորը: Եվ առաջին մի քանի ամիսը կամ անգամ մեկ տարին այդ սկզբունքն իսկապես պահպանվում է: Բայց հետո, ժամանակի ընթացքում նազիր-վեզիրները, պալատականները եւ շողոքորթները նստում են թագավորի ականջին ու սկսում են փսփսալ. «Ախր, դու շատ բարի ես, թագավոր ջան, սրանք ո՞վ դարձան, որ քեզ նման մեծ մարդու մասին առանց հարգանքի խոսեն: Հրաման տուր, մենք նրանց ձայները կտրենք»: Անցնում է որոշ ժամանակ, եւ թագավորը տեղի է տալիս այդ քծնանքին: «Իրոք որ, – ասում է նա ինքն իրեն, – ես առավոտվանից գիշեր տանջվում եմ հանուն իմ ժողովրդի, եւ սրանք, փոխանակ շնորհակալ լինեն, ժողովրդին իմ դեմ են լարում: Ես, իհարկե, կողմ եմ շինիչ քննադատությանը, բայց այս լուտանքներին ինչո՞ւ պիտի դիմանամ»:

Այդ տրամաբանության մեջ էին գործում Հայաստանի առաջին երեք նախագահները, բայց, կարծում եմ, մենք գործ ունենք ոչ թե հայաստանյան, այլ գլոբալ օրինաչափության հետ:

Խոսքի ազատությունը բերում եմ զուտ որպես մասնավոր օրինակ՝ այս պահին Հայաստանում նման խնդիր չկա, եւ, հուսամ, չի լինի: Բայց եթե հարցին նայենք ավելի մեծ խորապատկերի վրա, այսինքն՝ փորձենք հասկանալ, արդյոք չի՞ սկսվել ներկայիս իշխանության մեծամտանալու, կյանքից կտրվելու գործընթացը, արդյոք այն բա՞ց է հասարակության տարբեր շերտերից եկող առաջարկների եւ քննարկումների համար, ապա կտեսնենք, որ խնդիր, այնուամենայնիվ, կա:

Քաղաքական դաշտում քննադատությունը չեզոքացնելն այսօր բավականին «հեշտ» է: Երբ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ծառուկյանն ասում է, որ երկու տարում մեր քաղաքացիների մեծամասնության սոցիալական վիճակը մնացել է նույնը (ինչը, կարծում եմ, համապատասխանում է իրականությանը), ապա որպես պատասխան հնչում է՝ «բա որ դու բռնաբարության համար նստած էիր…»: Երբ դաշնակցականները քննադատում են կրթական նոր չափորոշիչները (բնականաբար, այդ քննադատության հետ կարելի է համաձայն չլինել), հակադարձումը հետեւյալն է՝ «բա որ 1920 թվականին ձեր կուսակցությանը մատնեց զորավար Անդրանիկին…»:

Խոսք չկա, քաղաքական պայքար է՝ իրար «ջախջախելու» կռվանները կարող են տարբեր լինել: Բայց խնդիրն այն է, որ այս իշխանությունը, ինչպես եւ նախորդ բոլոր իշխանությունները, չի ցանկանում լսել նաեւ այն խորհուրդներն ու առաջարկները, որոնք հնչում են քաղաքական հավակնություններ չունեցող շրջանակներից ու անձանցից՝ «սրանք ո՞վ դարձան» ոչ այնքան հասուն տրամաբանությամբ: Մտնում են, մի խոսքով, իշխանության սովորական դերի մեջ:

…1971 թվականին Սթենֆորդի համալսարանում անցկացվեց աշխարհը ցնցած հոգեբանական փորձ: Կամավոր ուսանողներին առաջարկվեց որոշ ժամանակ մնալ փակ, բանտանման տարածքում, բաժանվել երկու մասի եւ խաղալ ազատազրկվածների ու բանտապահների դերերը: Ուսանողները շատ արագ հարմարվեցին իրենց գործառույթներին, եւ բանտապահների դերը խաղացող ուսանողները սկսեցին դրսեւորել սադիստական հակումներ: Չնայած հետագայում շատերը պնդում էին, որ փորձը բեմադրված էր, ես հավատում եմ, որ նման հոգեբանական վերափոխումները միանգամայն հնարավոր են: Նույնը՝ «իշխանավորի դերը» խաղալու դեպքում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930