Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անժամկետ հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողն ասում է՝ համավարակային որեւէ աջակցության միջոցառումից չի օգտվել

Սեպտեմբեր 03,2020 14:30

«Նախարար կոչվածներ, չգիտեմ էլ ոնց դիմեմ ձեզ, հերիք չեղա՞վ խաբեք հայ ժողովրդին: Տիկին Զարուհի Բաթոյան եւ պարոն Նիկոլ Փաշինյան, հայտարարում եք 25 500 դրամից ցածր նպաստ չի լինելու, տալիս եք նախկին 18 000 դրամը:

Հայտնվել ենք անօգնական վիճակում, հիմնավորված եմ գրում եւ ասում՝ ականջ ունեք՝ դուք լսեք, աչք ունեք՝ տեսեք, եթե ազնիվ, արդար լրագրող եւ փաստաբաներ կան, թող այս մասին հրապարակեն եւ տարածեն, ունեմ բոլոր ապացույցները»:

Հունիսից մինչ օրս Մանուկ Հովիկյանի ՖԲ ամենօրյա գրառումները նույն բովանդակության են:

Երեկ երեք տասնյակից ավելի մարդիկ տարածել էին այս գրառումը. ովքե՞ր էին, ինչո՞ւ չեն բարձրաձայնում սոցիալական հարթակում բարձրացրած նրա խնդրի մասին:

Նրա հետ հեռավար զրույցի ժամանակ հիշեցի, որ 53-ամյա Մանուկ Հովիկյանի խնդրի մասին «Առավոտ»-ը գրել է 2009թ. փետրվարի 20-ին: Զենքի ապօրինի ձեռքբերման համար նախկինում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված, պատիժը ՌԴ Վետլակում մարած Մանուկին գիտեն երկրորդ մականմամբ՝ «Մանուկ Երեւանսկի»:

Նրա պատժաչափն ութ տարով ավելացրել էին՝ «բանտային բունտեր» կազմակերպելու համար: «Ընկերներս մահացել են, եւ չեմ կարող ապացուցել, թե ոնց եմ գյուլլի բերան գնացել, վրացիների հետ կռիվ տվել, Հայաստան բենզին ու զենք բերել: Կարող եմ ընկերներիս գերեզմանի տեղերն էլ ցույց տալ: Այսօրվա դրությամբ ով չկա, դարձրել են կինո, իսկ մեր նմանները, ովքեր ապրում են, իրականում բացակա են: Մենք մնացել ենք ճամփեզրին»,-մեր զրույցի ժամանակ ասել էր Մանուկը:

Նա տասներկու տարի առաջ վերադարձել է Հայաստան:

Մինչ օրս Մանուկն իր տունը չունի, կինն անցյալ տարի է մահացել: Պապը, ըստ արխիվային փաստաթղթերի, տեր Մանուկ Հովիկյանը՝ 1915թ. Արեւմտյան Հայաստանից գաղթած, ապա հայրը, հաշվառված են եղել Կոնդում, վճարել են նախատեսված պետական հարկերը, հաշվառված են եղել այդ հասցեում՝ որպես սեփականատեր: Մանուկը տարիներ առաջ դիմեց դատարան, առաջին ատյանի դատարանը նրան «մեղադրեց», որ չի ներկայացրել «վերաբերելի», «թույլատրելի» ապացույցներ, որով կհաստատվեր, թե նրա պապն իր ընտանիքով բնակվել է Կոնդում:

Դատարան ներկայացված արխիվային տեղեկանքի համաձայն,  պարզվեց, որ դեռ անցյալ դարի քառասունականներից, ԽՍՀՄ քաղաքացիություն ստացածների ցուցակում գրանցված Ազնիվ Մարտիրոսի Հովիկյանը բնակվել է Ռուսթավելի 5, իսկ պապը՝  Միհրան Մանուկի Հովիկյանը, բնակվել է Չկալովի 5 հասցեում՝ Կոնդ թաղամասում: Մանուկը ձերբակալված է եղել, իսկ հայրը այդ ժամանակ գտնվել է ՌԴ-ում, այդ պատճառով նրանք չեն կարողացել պաշտպանել իրենց խախտված իրավունքները: Հայրը վերադարձել է ավելի վաղ, տեսել, որ իր սեփական գույքն իրեն չի պատկանում: Մանուկը դիմել էր ժամանակավոր կացարան ստանալու համար, այս համավարակի օրերին նա փողոցում էր, իսկ երբ կոկիկ հագնված գնացել էր սոցիալական ապահովության ծառայություն, ասել էին՝ չենք հավատում, թե դու դրսում ես մնում:

Մանուկն ասում է. «Ես իմ հագուստը լվացքատուն եմ տալիս, եթե փողոցում եմ մնում, դա չի նշանակում, թե ես պետք է լինեմ փնթի»:

Սոցիալական ծառայությունն առաջարկում է Մարալիկում ժամանակավոր բնակվել: Այս կապակցությամբ, երեկ նա «Առավոտի» հետ հեռավար զրույցի ժամանակ ասաց.«Մարալիկցին եկել եւ բնակվում է Երեւանում եւ սոցիալական ծառայություններից օգտվում է, աշխատում է: Ես՝ հնաբնակ երեւանցիս, ոչ մի տեղ չունեմ: Ոչ մի տեղ էլ չեմ գնա, հանգուցյալ հայրս ԽՍՀՄ-ի տարիներին, իր ծննդավայրից ոչ մի տեղ չուզեց, որ գնար, ես ինչո՞ւ պետք է գնամ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ սոցիալական բնակարանի հետ կապված՝ նախարարը պատասխանել էր. «Ներկա դրությամբ բնակարանային ապահովման խնդիրը պայմանավորված է սոցիալական բնակարանային ֆոնդի բացակայությամբ: Նախարարությունը միջոցներ է ձեռնարկում բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ: Մասնավորապես, մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են տարբեր մեխանիզմներ՝ սոցիալապես անապահովների բնակարանային բազմազան ու բազմաբնույթ խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ»:

Մանուկն ասում է, որ փետրվարից դիմել է սոցիալական ապահովության նախարարություն, հանդիպել անգամ նախկին տեղակալներից մեկի հետ, ասել, որ իր նպաստը չեն տալիս, կորոնավիրուսի միջոցառումներից չի օգտվել, իսկ թոշակն էլ ստանում է 18 հազար դրամ՝ լինելով անժամկետ երրորդ խմբի հաշմանդամ: «Թոշակի հարցով էլ, միանվագ ֆինանսական օգնության համար էլ էի դիմում գրել, սոցիալական բնակարանի համար էլ էին խոստացել, մի հատ անկապ դիմումի պատասխան բերեցին, ասին՝ ստորագրի, ես էլ այդ ժուռնալի մեջ գրեցի՝ որ համաձայն չեմ ձեր պատասխանին»,-ասում է Մանուկը:

Մարդու իրավունքների պաշտպանն էլ էր դիմել նախարարին, վերջինս տեղեկացրել էր, թե Հովիկյանը հայտնել է ՀՀ-ից գնալու «մտադրության» մասին, ինչից հետո դադարեցվել է նպաստի իրավունքը: Հազարավոր քաղաքացիներ ունեն մտադրություններ, բայց դա երբեք չի նշանակում դադարեցնել որեւէ իրավունք, առանց հիմնավոր ապացույցի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930