Երկնային կյանքով ապրող Մարիետա Բադալյանի 70-ամյա հոբելյանի արարողությունը հետաձգվել է, դուստրը առանձնահատուկ էր պատրաստվել:
Ճանաչված ու սիրված երգչուհի Մարիետա Բադալյանի արվեստին «Առավոտը» վերջին անգամ անդրադարձել է 2014թ., երբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվում էր նրա բեմական եւ ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանը։
Երջանկահիշատակ երգչուհուն այն ժամանակ հիշեցրինք, որ մինչ իր հեղինակային երգերով հանդես գալը, երգչուհու մեկնաբանմամբ լսել ենք աշխարհի ժողովուրդների լեզուներով երգեր, իսկ հետո էլ արդեն 1974-75թթ. ինքը եւ Ռոբերտ Մավիսակալյանը հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ վարում էին անգլերեն լեզվի դասեր՝ «ABC» խորագրով։ Եվ հենց այդ հաղորդաշարին հետեւեցին երգչուհու հեղինակային, նաեւ՝ Իսահակյանի, Տերյանի, Շիրազի եւ այլ բանաստեղծների տեքստերով երգերը, ինչպես նաեւ՝ Ռոմանոս Մելիքյանի, Նիկոլ Գալանտերյանի, Դանիել Ղազարյանի, Նադյա Եղիազարյանի եւ մյուսների հեղինակած ստեղծագործությունները։
Այսօր գուցե դժվար է հավատալ, բայց Մարիետա Բադալյանը 1980-ականների սկզբին առաջինը ներկայացրեց աշխարհին վաղուց ծանոթ Besame mucho եւ Jingle Bells երգերը… Տարիներ անց երաժիշտների հարցում չափազանց ժլատ մոսկովյան «Մելոդիա» ֆիրման թողարկեց երգչուհու անհատական ձայնապնակը, իսկ մեկ-երկու տարի անց ԱՄՆ-ում «Բարսեղյան ստուդիոն» անդրադարձավ երգչուհու կատարումներին՝ թողարկելով CD:
Կարդացեք նաև
Երգչուհին, չընդմիջելով մեր խոսքն, ասել էր. «Դուք այնպես սեղմ ներկայացրիք գործունեությունս, կարծես կենսագիրս լինեք։ Ինչ վերաբերում է նրան, թե բեմական ու ստեղծագործական գործունեությունս հաշվվում է 30 թե 40 տարի, գուցե առաջին անգամ եմ ասում, բայց իրականությունը հետեւյալն է՝ փոքր տարիքից լսել եմ դասական երաժշտություն, երազել եմ կատարել Շուբերտի, Դվորժակի, Բախի, Բեթհովենի ստեղծագործությունները։ Բնականաբար, մտքովս չէր անցնում, որ տասնամյակներ հետո Գերմանիայում հանրահայտ Մոցարտյան սրահում կհնչեցնեմ այդ գործերը։ Իհարկե, յուրաքանչյուր մենահամերգս, որ կայացել է եվրոպական երկրներում կամ ԱՄՆ-ում, սկսել եմ կոմիտասյան երգերով։ Իսկ հիմա վերադառնամ 30, թե՞ 40 տարվա գործունեությանը: Իմ առաջին հեղինակային երգը՝ «Թիթեռնիկը», գրել եմ 8-րդ դասարանում, որին հաջորդեց Իսահակյանի տեքստով «Ուռին» (այս երգը մինչ օրս շփոթում են ժողովրդականի հետ-Ս.Դ.)։ Ես կրկներգում երգում էի լա-լա… Լավ եմ հիշում՝ 10-րդ դասարանում մեր դպրոցում հյուրընկալվել էր Շիրազը, որը երբ լսեց «Ուռին», ինձ ասաց՝ աղջիկս, լա-լա-ն հայերեն չէ, փորձիր լե-լե-լե…»։
Երգչուհին կեսկատակ-կեսլուրջ հավելել էր, թե դպրոցական տարիքում, երբ իրեն լսել է Արաքսի Գյուլզադյանը, դիմելով հորն, ասել էր՝ Ռուբեն, թող էս աղջկադ երգչուհի դարձնեմ. «Հայրս չէր ուզում ինձ տեսնել իբրեւ երգչուհի, բայց դպրոցական տարիներին հաճախում էի երգչախումբ, ինչն էլ համարում եմ իմ առաջին պրոֆեսիոնալ կոլեկտիվը։ Հայրս պատերազմի մասնակից էր, ես նրա համար միշտ պատերազմական թեմայով երգեր էի երգում։ Եվ երբ ռադիոյից եկել էին դպրոց երեխաներ ընտրելու Գրիգոր Սանդալջյանի ղեկավարած երգչախումբը համալրելու նպատակով, ընտրեցին նաեւ ինձ։ Շատ էի վախենում, որ հայրս կհանդիմաներ, բայց, բարեբախտաբար, հակառակը եղավ…»։
«Առավոտի» առաջին հանդիպումը Մարիետա Բադալյանի հետ 2001 թվականին էր, երբ երգչուհին արդեն ճանաչված էր, եւ նրան առանձնապես ներկայացնելու հարկ չկար։ Դիմեցինք ճանաչված արվեստագետների՝ երգչուհու մասին նրանց կարծիքը լսելու նպատակով։ Բարեբախտաբար այդ կարծիքները պահպանվել են։ Առաջին անգամ ներկայացնում ենք մի քանիսը։
«Մարիետայի բնատուր, ազնիվ, մաքուր ու անմիջական ձայնը եւ նույնորակ նախասիրությունները նրա երգը դարձնում են հոգեթով ու հմայիչ, նրա կատարողական անսեթեւեթ մաներան իր երգին հաղորդում է պարզ ու անկաշկանդ մի ոճ, որն անչափ հեռու է սեփական արժանիքները ցուցադրելու ցանկությունից, որպես կանոն` նախապատվությունը տալով կատարվող երգի արժանիքներին…»,- ասել էր Տիգրան Լեւոնյանը։
Ռուբեն Մաթեւոսյանն էլ նշել էր. «Երգչուհու երգերի կատարման առանցքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաղորդակցվել մարդկային մտքին ու հոգուն՝ մտերմիկ ոճի ինքնաարտահայտմամբ, քանզի այն լսելի է կիթառի իր նվագակցությամբ։ Երգչուհու երգը միանշանակ զուլալ է, մաքուր։ Իսկ ամենակարեւորը՝ նրա երգը ժողովրդական երգի ակունքներից է գալիս…»։ Գեւորգ Աբաջյանը Մարիետա Բադալյանի երգը որակել էր զերծ խրթին հավակնություններից, նորանոր երեւալու մարմաջից, ռամկահաճո ճաշակին գոհացում տալու ճիգ ու ջանքից եւ այլազան պչրանքներից, որոնցով այսօր, դժբախտաբար, այնքան հարուստ է մեր երգարվեստը…
2018թ.-ից Մարիետա Բադալյանն ապրում է երկնային կյանքով։ Հանդիպեցինք նրա դստերը՝ երգչուհի Էլիզա Դարյանին, որը հաստատեց մեզ հասած այն տեղեկությունը, թե ամեն ինչ պատրաստ էր՝ գարնանը մոր ծննդյան 70-ամյակը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշելու համար, բայց համավարակի պատճառով այն անժամկետ հետաձգվել է։ Էլիզան մեզ նվիրեց մոր վերջին CD-ն՝ «Սիրո ռեքվիեմ» խորագրով, առանց մանրամասնելու էլ հավաստիացրեց, որ կայանալիք հիշատակի երեկոյին սպասվում են անակնկալներ։
Անդրադառնալով 2014թ. երգչուհու հետ հանդիպմանը` հիշեցնենք, որ ժողովրդի որակմամբ՝ «կիթառով աղջիկը» մեր հարցին ի պատասխան ասել էր. «Թող այն տպավորությունը չստեղծվի, թե իմ արվեստում ընդհանրապես բացեր ու թերություններ չեմ տեսնում եւ այն համարում եմ կատարյալ… Եթե կան ստեղծագործական մտորումներ ու որոնումներ, ճանապարհներ, որ անցնում է արվեստագետը, եթե կա մարդն՝ իր մարդկային բոլոր հատկություններով, ուրեմն կան նաեւ բացեր ու թերություններ…»։ Հետո էլ ժպտալով հավելել էր. «Ռադիոյի ֆոնդում ունեմ մի քանի ժամ տեւողությամբ ձայնագրություններ։ Տարօրինակ է, բայց մի քանի անգամ լսելով այս կամ այն ձայնագրությունը, մեջս առաջանում է դրանք կրկին ձայնագրելու ցանկություն, ուզում եմ նորովի մեկնաբանել…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2020