Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովենց այգին եւ տունը կրկին սպասում են այցելուներին

Սեպտեմբեր 03,2020 13:00

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ներկայացնում է կրթական ծրագրերը եւ հետաքրքիր դրվագներ պատմում:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը օգոստոսի վերջից իր դռներն է բացել այցելուների առաջ։ «Առավոտի» զրուցակիցն է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, որը խոսեց առաջիկայում սպասվող միջոցառումների եւ կրթական ծրագրերի մասին։ Տիկին Խոջամիրյանը նշեց, որ այսուհետ թանգարանում գործելու է գորգագործության խմբակ, որը տարիքային սահմանափակում չի ունենալու, եւ ով հետաքրքրություն ունի այս ոլորտի հանդեպ, կարող է մասնակցել։ Նախատեսվում են նաեւ արտատպության՝ լինոգրավյուրայի դասեր։

Տնօրենը ներկայացրեց  եւս մեկ հետաքրքիր կրթական ծրագիր՝ «Ֆիլմ Հայաստանի» խորագրի ներքո. այցելուները թանգարանում դիտելու են որեւէ հայկական ֆիլմ եւ քննարկելու են կինոռեժիսորի հետ։ Ասաց, որ այս ամենի նպատակն է ընթացքում ձեւավորել համապատասխան լսարան, իսկ առավել հետաքրքրվողներին կներկայացվի, թե օրինակ ինչպես կարելի է սմարթֆոններով ֆիլմ նկարել։

Մեր զրույցի ժամանակ խոսք գնաց օտարերկրյա այցելուներից: Տնօրենը հայտնեց, որ անցյալ տարի օտարերկրյա այցելուների աննախադեպ աճ է գրանցվել, ինչը հավանաբար պայմանավորված էր Արարատի վերելքին նվիրված  միջոցառումների շարքով։ Հավելեց, որ Համագործակցում էին Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի հետ, ու ֆեդերացիայի անդամները դասախոսությունների շարք են կազմակերպել թանգարանում։ Տիկին Խոջամիրյանը կարեւորեց այն հանգամանքը, որ  արտասահմանցի այցելուները, որոնցից շատերի մոտ լեռնագնացությունը ասոցացվում է Ալպերի հետ, Խաչատուր Աբովյանին  ճանաչեցին որպես լեռնագնաց ու  առաջինը Արարատ բարձրացած մարդ: Նրա խոսքով, օտարերկրյա այցելուների ուշադրությունը թանգարանում գրավում է հենց «Արարատյան վերելքը» եւ այդ ցուցափեղկի մոտ էլ տալիս են ամենաշատ հարցերը։ Իսկ հայազգի այցելուներին թանգարանում ամենից շատ գրավում է Աբովյանների տոհմատունը, թանգարանի շենքը, որը խորհրդային ճարտարապետության եզակի նմուշներից է եւ գրողի հուշարձանը, որը կերտվել է 1913 թվականին, Փարիզում։ Արձանը եկար դեգերումներից հետո տեղադրվել է թանգարանի բակում եւ ինչպես նշեց տիկին Խոջամիրյանը՝ թե՛ արձանը, թե՛ տոհմատունը հավասարապես ուշադրություն են գրավում։

Նրանից տեղեկացանք, որ այցելուների հիմնական խումբը դպրոցականներն են։ Աբովյանը մանկավարժության եւ նոր գրականության հիմնադիրն է, որը սիրում էր մանուկների հետ աշխատել եւ երկար ժամանակ էր անցկացնում նրանց հետ: Թանգարանում եւս կարեւորված է  դպրոցականների հետ աշխատանքը՝ թե՛ այցելությունները, թե՛  տարբեր կրթական ծրագրերն ու էքսկուրսիաները: «Մենք ձգտում ենք հասնել նրան, որ թանգարանը լինի աշակերտի դպրոցը»,-ասում է տնօրենը։

Վերջին հաջողված եւ հիշվող միջոցառումների եւ կրթական ծրագրերի մասին խոսելը դժվար էր, քանի որ ներկայիս տնօրենը 2 տարի է, ինչ աշխատում է: Ու թեեւ 2020ը ոչ այնքան բարենպաստ տարի էր թանգարանային առումով, տիկին Խոջամիրյանն, այնուամենայնիվ, առանձնացրեց «Լուսե ուղենիշ» եւ «Արարատյան վերելք -190» միջոցառումները: «Լուսե ուղենիշի» մրցանակներից մեկը ուղեւորություն էր դեպի Արեւմտյան Հայաստան, իսկ մրցույթում եզրափակիչ փուլ անցածների լուսանկարները դրվել են ցուցադրության այգում։

Ինչ վերաբերվում է «Արարատյան վերելք -190»-ին, այնքան շատ այցելուներ են ունեցել, որ ստիպված են եղել աշխատել մինչեւ կեսգիշեր։

Թանգարանի տնօրենը ընդգծեց, որ ներկայումս պարբերաբար ախտահանվում է թանգարանը, աշխատակիցները պահպանում են հակահամաճարակային կանոնները:  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը համագործակցում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ բացվել է բացօթյա գրադարանը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930