Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կալլաս եւ Արիստոտել Օնասիս. անիծված սիրո պտուղները

Սեպտեմբեր 03,2020 12:30

1975 թվականին  առաջ կյանքից հեռացավ  ազգությամբ հույն միլիարդատեր եւ նավային մագնատ Արիստոտել Օնասիսը:

Անցյալ դարի 50-ականներին նա առաջինն էր, ով սկսեց կառուցել սուպերտանկերներ։ Նա ուներ ամեն ինչ՝ փող, փառք, գեղեցիկ կանանց, երկրորդ անգամ ամուսնացել էր ժակլին Քենեդիի հետ, իսկ օպերային դիվա, աշխարհահռչակ սոպրանո Մարիա Կալլասը հանուն նրա  թողեց իր ամուսնուն:

Եկավ մի պահ, որ Օնասիսը կորցրեց հետաքրքրությունը կյանքի ու ամեն ինչի հանդեպ, մահացավ դժբախտ միայնության մեջ:   

Kulturologia.ru-ն որոշ դրվագներ է ներկայացրել  Օնասիսի ու Մարիա Կալլասի ողբերգական սիրո մասին: Նախ ո՞վ էր Օնասիսը: Նա ծնվել էր Իզմիրում, ծխախոտագործի ընտանիքում:

Հետագայում Օնասիսների ընտանիքը տեղափոխվել էր Հունաստան, իսկ որդուն ուղարկել Արգենտինա՝ լավ կյանքի հեռանկարով:

Այդ ժամանակ Արիստոտելի գրպանում  ընդամենը հարյուր դոլար էր: Բուենոս Այրեսում նա սկզբում ափսեներ էր լվանում, ապա դարձավ նավահանգստային կարգավար, հետո սկսեց զբաղվել ծխախոտի ներկրմամբ:

Հետագայում Արիստոտել Օնասիսը կարողանում է բացել իր խանութը, 1928-ին նա արդեն Արգենտինայում Հունաստանի հյուպատոսն էր, իսկ քսանհինգ տարեկանում աշխատել էր իր առաջին միլիոնը, 1932 թ. Օնասիսը կանադական ընկերությունից 120 հազար դոլարով գնեց իր առաջին 6 բեռնատար նավերը։

Հետագայում նրա գործարար ակտիվությունը գնալով աճեց, հարստությունը՝ նույնպես:

1953-ին նա վճարեց 1 միլիոն դոլար, որի դիմաց ձեռք բերեց The Societe des Bains de Mer ձեռնարկության ակցիաների վերահսկիչ փաթեթը, որի մեջ մտնում էին թատրոններ, հյուրանոցներ, խաղատուն Մոնտե Կառլոյում եւ այլ անշարժ գույք։

1957-ից մինչեւ 1974 թվականները Օնասիսը համարվում էր հունական ազգային ավիաուղիների՝ Olympic Airways կազմակերպության սեփականատերը։

Օնասիսին հաճախ էին կանայք սիրահարվում, նա էլ սիրում էր կրկնել. «Եթե չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերը արժեք չէին ունենա»:

Նրա սիրուհիների թվում էին միլիոնատեր Դեդիխենի դուստրը, բալետի պարուհի Աննա Պավլովան եւ այլ հայտնի կանայք: Սակայն նրանց մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում Մարիա Կալլասը: Արին կանանց հարցում բռնակալ էր, անչափ խանդոտ ու սեփականատեր: Այդ պատճառով էլ առաջին կինը հեռացավ նրանից:

Մարիա Կալլասը հանուն Արիի հեռացավ ամուսնուց: Նա 42 տարեկանում հղիացավ նրանից, սակայն Օնասիսը  պարտադրեց, որ ընդհատի հղիությունը, ու այդ պատճառով օպերային դիվան ընդհանրապես  զրկվեց մայրանալու հնարավորությունից: Ժակլին Քենեդիի հետ Օնասիսի ամուսնանալու լուրը Կալլասը թերթերից տեղեկացավ, ինչը շատ ծանր տարավ:

«Ես ինձ փոքրիկ աստղիկ պատկերացրի, որը Արին նկարել էր իր ինքնաթիռին՝ ի հիշատակ հերթական հակառակորդին խփելու: Նա հայտնի կանանց կոլեկցիոներ էր»,-ցավով գրել է Մարիա Կալլասը:

Օնասիսից բաժանվելուց հետո երգչուհին կորցրեց ամեն ինչ՝ նաեւ ձայնը: Դրանից հետո նա այլեւս չամուսնացավ, ապրեց միայնության մեջ՝ համարյա առանց բնակարանից դուրս գալու:

Ի դեպ, Ժակլին Քենեդիի եւ Օնասիսի ամուսնությունն էլ երջանիկներից չէր, որովհետեւ նրանք չէին սիրում միմյանց, դա երկուստեք հաշվենկատ ամուսնություն էր: 1973-ին Օնասիսի 25-ամյա որդին՝ Ալեքսանդրը, անսպասելի զոհվեց, նրա մասնավոր ինքնաթիռը ջարդուփշուր եղավ, թեեւ երիտասարդը փորձառու օդաչու էր:

Որդու մահը խորտակեց 67-ամյա միլիարդատիրոջ կյանքը, նա վերածվեց կենդանի «դիակի»: 1988-ին էլ դուստրը՝ Քրիստինան մահացավ թմրանյութի գերդոզավորումից: Կա կարծիք, որ Օնասիսի ընտանեկան ողբերգությունները Աստծո պատիժ էին, որ տրվեցին նրան ի վերուստ՝ Մարիա Կալլասի կյանքը կործանելու եւ նրան մայրանալու շնորհից զրկելու համար:

1977-ին Մարիա Կալլասը մահացավ՝ սրտի կաթվածից իր փարիզյան բնակարանում: Մինչ այդ նա հասցրել էր այցելել սիրեցյալի գերեզմանին:

Կարծիք կար, որ նրան թունավորել էր դաշնակահարուհին՝ ունեցվածքին տիրանալու համար, Կալլասի նախկին ամուսնու՝ Ջիովանի Բատիստա Մենեգինիի պնդմամբ` նախկին կինն ուղղակի ինքնասպան է եղել:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930