Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսները քայլեր են հուշում Թբիլիսիին ու սպասում են

Սեպտեմբեր 03,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ

Մոսկվան հանդես է գալիս Վրաստանի հետ «փոխշահավետ եւ բարեկամական հարաբերությունների օգտին»

Թուրքիան հետեւողականորեն կլանում է Աջարիան: Թուրքերն այստեղ իրենց ազատ են զգում, Ստամբուլից դեպի Բաթումի թռիչքները նույնիսկ ներքին թռիչքներ են համարվում: Աջարիայում մեծ թափով իրականացվող թուրքական ներդրումները, թուրք ձեռներեցներին տրվող խթանիչ պայմանները, Աջարիայում նրանց ընկերությունների կողմից իրականացվող շինարարությունը, այս ամենը, պարզ է, թուրքական իշխանությունների հետեւողական քաղաքականություն է:

Հարց է ծագում՝ իսկ վրացական իշխանությունները չունե՞ն մտավախություններ՝ թուրքական կլանող այդ քաղաքականության առնչությամբ…

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը զարկ տվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացմանը, վաղուց արդեն իշխանության ղեկին չէ: Նրան հաջորդած Վրաստանի իշխանությունները, եթե անգամ ունեն որոշակի մտահոգություններ, ինչպես երեւում է, առայժմ գերապատվություն են տալիս Վրաստանի տնտեսական զարգացման, հզորացման քաղաքականությանը:

Վրաստանում, մասնավորապես՝ Աջարիայում, թուրքական ազդեցության մեծացմանը, եւ առհասարակ Թուրքիայի իշխանությունների ակտիվությանը զուգահեռ վերջին շրջանում փորձագիտական շրջանակներում առավել հաճախ են սկսել քննարկել պնդումը, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ձգտումները կարող է զսպել Ռուսաստանը:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները՝ մերթընդմերթ ծագող ու պահպանվող տարաձայնությունների ֆոնին, մնում են գործընկերային: Պուտինի ու Էրդողանի հանդիպումների, հեռախոսազրույցների պակաս չկա վերջին տարիներին: Թուրքիայի նախագահը Պուտինին ընկեր, բարեկամ է համարում: Բայց նույնիսկ այս պայմաններում, կարեւոր է, թե ինչ քաղաքականություն կվարի Ռուսաստանը՝ ընդդեմ Հարավային Կովկասում Թուրքիայի փափուկ-կլանող քաղաքականության:

Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները Միխեիլ Սաակաշվիլիի օրոք դարձան խնդրահարույց: Օգոստոսի 8-ին լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 12-րդ տարին: Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին:

Վրաստանի այն ժամանակվա իշխանությունները պնդում էին, որ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն եւ վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն նշում էր, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին եւ խաղաղապահներին պաշտպանելու նպատակով: Ռուսաստանը Վրաստանին պատասխանեց սկզբում Հարավային Օսիա, ապա՝ Վրաստան զորքեր մտցնելով: Պատերազմը տեւեց 5 օր: Զինադադարը կնքվեց Եվրամիության լուրջ ջանքերով:

Անցյալ տարի սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից 11 տարի անց, առաջին անգամ հանդիպեցին Ռուսաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները: Սերգեյ Լավրովի եւ Դավիթ Զալկալիանիի հանդիպումը կայացավ Շվեյցարիայի միջնորդությամբ։

Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել էին բոլոր հարցերը, հիմնականում ռուսական իշխանության դիրքորոշման վերաբերյալ մոտեցումները, ինչպես նաեւ՝ ժնեւյան բանակցությունների թեման եւ իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հաղորդագրությունում պարզապես նշել էր, որ հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ շվեյցարական կողմի միջնորդությամբ, եւ որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերն ու մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։

Հանդիպման վերաբերյալ ո՛չ ռուսական, ո՛չ վրացական կողմերը այլ մանրամասներ չհայտնեցին: Զալկալիանին տեսագրություն էր տարածել, որում շեշտել էր, որ Լավրովի հետ հանդիպելուց առաջ խորհրդակցություններ է անցկացրել իր արեւմտյան գործընկերների հետ, այնուհետեւ համաձայնել հանդիպել Ռուսաստանի արտգործնախարարի հետ։

Հակամարտությունները կարգավորելու համար Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Մեկնաբանելով Լավրով – Զալկալիանի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշել էր, թե Նյու Յորքում կայացած հանդիպումը կարող է նպաստել երկու երկրների միջեւ առկա բարդ խնդիրների կարգավորմանը։

Լավրով – Զալկալիանի բանակցությունների նախօրեին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե իր կարծիքով՝ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կարելի է վերականգնել։ «Ես երեւի կվերականգնեի այդ չվերթները: Ինձ թվում է՝ այդպես ճիշտ կլինի, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը գիտակցել է Վրաստանի խորհրդարանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ կատարվածի սադրիչ բնույթը», ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը։

Ուշագրավ էր, որ Լավրով – Զալկալիանի բանակցությունները Նյու Յորքում կայացան՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի հունիսին ռուս-վրացական հարաբերությունները հերթական անգամ սրվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում կոնֆերանսի ժամանակ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը եւ փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այդ տեսարանը դժգոհության ալիք էր բարձրացրել ներկաների շրջանում, ինչպես նաեւ խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով Թբիլիսիում մարդաշատ բողոքի ակցիաների: Արդեն հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց արգելել բոլոր չվերթները դեպի Վրաստան:

Նկատենք, որ Վրաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից էր՝ նույնիսկ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ու դրան հաջորդած՝ երկու երկրների միջեւ խզված դիվանագիտական հարաբերությունների պայմաններում:

Ռուսաստանի իշխանությունները այս ընթացքում պարբերաբար հայտարարում են, որ հուսով են, թե կգա ժամանակ, կստեղծվեն համապատասխան պայմաններ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար։ Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՁՐցՊ» թերթին տված հարցազրույցում կրկին անդրադարձավ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցին:

Ինչպես հիշեցրել էր ՌԴ արտգործնախարարը՝ դեպի Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին որոշումը կայացվել է ի պատասխան վրաց ազգայնականների հակառուսական սադրանքի: «Ցանկանում եմ հուսալ, որ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Ուշադիր հետեւում ենք Վրաստանում իրավիճակին: Բնականաբար, սպասում ենք տարածաշրջանում եւ աշխարհում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի ընդհանուր բարելավմանը, այլ ուղղություններով կանոնավոր չվերթների բացմանը»,- ասել էր Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը, վկայակոչելով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, նշել էր, որ դրանց խզումը Թբիլիսիի նախաձեռնությունն էր եւ արդյունք էր «Հարավային Օսիայի արկածախնդրության», որը ստանձնել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունը: Նա հավելել էր, որ Ռուսաստանը անընդհատ հանդես է գալիս Վրաստանի հետ փոխշահավետ եւ բարեկամական հարաբերությունների օգտին:

Նա նաեւ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված Կարասին-Աբաշիձե ձեւաչափով քաղաքական երկխոսության շուտափույթ վերսկսման հույս է հայտնել. «Մենք համոզված ենք, որ առկա տարաձայնությունների արագ հաղթահարումը, երկկողմ կապերի վերականգնումն ու լիարժեք զարգացումը բխում է մեր երկրների եւ ժողովուրդների երկարաժամկետ շահերից»: Հիշեցնենք, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկխոսությանն աջակցում են Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն եւ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինը:

Լավրովի հարցազրույցից հետո չուշացավ պաշտոնական Թբիլիսիի արձագանքը:

Վրաստանը չի պատրաստվում վերականգնել խզված դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում են որպես անկախ երկրներ՝ նույն օրը ՏԱՍՍ-ին հայտնեց Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը: «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2008-ին վրացական ղեկավարության որոշմամբ դիվանագիտական հարաբերությունները խզվել են», հավելել էր Զուրաբ Աբաշիձեն՝ շարունակելով. «Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ճանաչել այդ երկու տարածքների անկախությունը (Աբխազիա եւ Հարավային Օսիա), դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը չի կարող օրակարգում լինել»:

Ռուսաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների վերականգման հարցում, թվում է, որ Թբիլիսիի դիրքորոշումն ամուր է ու անփոփոխ: Մոսկվան, ակնհայտորեն, կողմնակից է թե՛ Վրաստանի հետ ավիահաղորդակցության, թե՛ փոխհարաբերությունների վերականգմանը: Վաղուց ակնհայտ է, որ գնդակը պաշտոնական Թբիլիսիի դաշտում է:

Ռուսաստանը կարող է զսպել Վրաստանում թուրքական աճող ազդեցությունը՝ վերջերս ռուսական քարոզչական շրջանակները հրապարակ են նետել այս թեզը եւ ակտիվորեն քննարկում են այն: Հավանաբար, այս կերպ, ռուսական կողմը փորձում է պաշտոնական Թբիլիսիին քայլեր հուշել, որպեսզի Վրաստանում կենտրոնանան ոչ միայն «ռուսական քաղաքականության», այլեւ՝ թուրքական մեղմ, բայց կլանող քաղաքականության հնարավոր հետեւանքների վրա:

Սկիզբը՝ այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 02.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930