Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «սորոսիզացիայի» մեջ է, հայ-ռուսական հարաբերությունները քայքայվում են. Քոչարյանի մտահոգությունը՝ ռուսական РБК-ին տված հարցազրույցում

Սեպտեմբեր 02,2020 19:11

Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության մասին: Նա նշեց, որ Թուրքիան իրեն ծայրահեղ ագրեսիվ պահեց, չափազանց կտրուկ. «Բայց ես տեղեկություն չունեմ, որ Թուրքիան դրդել է այս միջադեպին: Ինձ թվում է, որ միջադեպը տեղի է ունեցել պատերազմող կողմերի՝ առաջնագծի ուժեղացման տրամաբանության մեջ: Բայց քանի որ Թուրքիան մտավ այս գործընթաց, դա շատ հարցեր է առաջացնում: Սա, իհարկե, խնդրահարույց է մեզ համար: Թուրքիան Հայաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք է, ուստի մենք շատ ցավոտ ենք արձագանքում: Թուրքիան միշտ աչք է ունեցել Հարավային Կովկասի վրա, այս իրավիճակում, ըստ երեւույթին, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը, ներկայությունը: Սա տեղավորվում է ընթացող գործընթացների մեջ: Եվ եթե մենք լիովին օբյեկտիվ ենք, ապա պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը միակ երկիրն է, որը զսպում է կամ ի վիճակի է զսպել Թուրքիայի նման նկրտումները: Վաշինգտոնի, Բրյուսելի բղավոցներն այլեւս չեն աշխատում, կամ աշխատում են կիսատ-պռատ, կամ նույնիսկ ավելի քիչ»:

Նա ասաց, որ Թուրքիան դժգոհ է, որովհետեւ չի ընդունվում ԵՄ, արդեն հանձնվել են. «Եվ հետո, երբ ուժեղ պապիկը ծերանում է, թոռները դադարում են ենթարկվել նրան, սա կյանքի պատմություն է՝ միջազգային հարաբերությունների մեջ»,- ասաց Քոչարյանը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին: Ըստ Քոչարյանի, Թուրքիային կարող է զսպել Ռուսաստանի գործոնը:

Քոչարյանը խոսեց տնտեսության մասին՝ ասելով, որ եվրոպական շուկա մտնելը շատ դժվար է ու առանց ՌԴ տնտեսության հետ կապերի, մեր տնտեսությունը դժվար թե զարգանա:

Հետո Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն հայտնեց, թե հայ-ռուսական հարաբերությունները քայքայվում են: Ըստ նրա, անհրաժեշտ է էներգիա ու ուժ գործադրել ռուս-հայկական հարաբերությունները սնելու համար. «Ինձ անհանգստացնում է այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, քանի որ այստեղ տեղի է ունենում ճիշտ հակառակը»: Թե ինչպես է դա արտահայտվում, Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը սորոսիզացիայի մեջ է. «Հարցը Սորոսի մեջ չէ: Այն դարձել է կենցաղային անուն, բայց իրականում ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այստեղ: Սա արժեքների պարտադրում է մատաղ սերնդին, որից դուրս է մղվում այն ​​բաղադրիչը, որը հիմք է հանդիսանում մեր ինքնության, վերաբերմունքի՝ հավատի, ընտանիքի եւ մի շարք այլ իրերի նկատմամբ…Եվ եթե դա արվում էր ավելի վաղ, ասենք, մարգինալ ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով, ապա այսօր այս ամբողջ կազմը միացել է կառավարությանը, նրանք բոլորը իշխանության մեջ են»:

Հարցին, թե իր օրոք այդ ՀԿ-ները գոյություն չունեի՞ն, ինչո՞ւ այն ժամանակ չեն փակվել՝ Քոչարյանը պատասխանեց, թե չգիտեր, որ Հայաստանում նրանք գրասենյակ ունին. «Պարզապես ինչ-որ տեղ ինչ-որ կազմակերպություն կար, նույնիսկ, որքան ես հասկանում եմ, նրանք գրասենյակներ չունեին… դրանք մի տեսակ քաղաքական լուսանցքներ էին և չէին ազդում գործընթացի վրա: Եվ ես զարմացա, թե վերջին տարիներին որքան հանկարծակի նրանք այդքան ուժեղացան»:

Թե ինչով է զբաղվելու առաջիկայում՝ Քոչարյանը պատասխանեց, որ եթե չնստեցնեն, շարունակելու է պայքարը:

Պատրաստեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930