«Այսօր գունավոր հեղափոխությունները պետական հեղաշրջում կազմակերպելու տեխնոլոգիաներ են»,- «Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում ասաց Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոֆեսոր, Կոնֆլիկտոլոգների ասոցիացիայի նախագահ, տեղեկատվական և հիբրիդային հակամարտությունների գծով փորձագետ Անդրեյ Մանոյլոն։
Ըստ նրա, այսօր Բելառուսում հիբրիդային գունավոր հեղափոխության է տեղի ունենում, որտեղ օգտագործվում են Հոն Կոնգում, Վենեսուելայում, ինչպես նաև Ուկրաինայում օգտագործված տեխնոլոգիաները։
Նա կարծում է, որ գունավոր հեղափոխություններում ի տարբերություն իրական հեղափոխությունների առաջնորդներ չկան․ «Գունավոր հեղափոխություններում առաջնորդներ կան, ինչպես Տիխոնավսկայան (բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայա, խմբ)։ Բայց նրանք տեխնիկական բնույթ ունեն, որովհետև նրանց կարիքը չկա։ Իրական հեղափոխություններում առաջնորդները ղեկավարում են զանգվածներին, իսկ գունավոր հեղափոխության ընթացքում մարդկանց միավորում են մեծ զանգվածների կամ համայնքների մեջ ինչ-որ Մայդանում, հետո նրանք վերածվում են ամբոխի, այնուհետև կառավարում են ամբոխը։ Իսկ ռեֆլեկտիվ տեխնոլոգիաներով ամբոխը կառավարելու համար առաջնորդներ պետք չեն»։
Անդրեյ Մանոյլոյի խոսքով՝ գունավոր հեղափոխությունները, որպես կանոն, չունեն նաև գաղափարախոսություններ․ «Այսինքն՝ առաջ է քաշվում կարգախոս՝ «հերիք է», «հոգնել ենք», «ժամանակն է փոխել ներկայիս իշխանությանը», քանի որ «մենք ամեն լավ բանի կողմ են ենք և դեմ ենք բոլոր վատ բաներին»։
Կարդացեք նաև
Նրա գնահատմամբ՝ գունավոր հեղափոխությունները բերում են միայն անձանց փոփոխությունների․ «Եթե տեղի է ունենում գունավոր հեղափոխություն, դա բերում է կոնկրետ երկրի ղեկավարության բուրգի վերևում գտնվող մարդկանց փոփոխության։ Այսինքն՝ մեկին մերժում են, մյուսները գալիս են նրանց տեղը: Ըստ էության, ոչինչ ընդհանրապես չի փոխվում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ