Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը. Սևանա լիճ թափվող գետեր բաց թողնվեց շուրջ 280.000 մանրաձուկ

Սեպտեմբեր 02,2020 17:14

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային օրը սկսվեց Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ գեղարքունի իշխանի բացթողում:

Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ․ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից:

Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։

Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:

Այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ նախարարը ծանոթացավ հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեց մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան:

Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով , տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70․000-80․000 հատ մանրաձուկ։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացավ արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ. ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։

Որպես այցի եզրափակում՝ նախարարը ներկա գտնվեց մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։

Շեշտենք, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան» ազգային պարկի նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում։

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։

Հոգատարությամբ վերաբերվենք բնության անգնահատելի հուշարձանին։ Այն եկող սերունդներին փոխանցենք անվնաս։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930