Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միայն օրենքում փոփոխություն կատարելը բավարար չէ, որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինի արդյունավետ». Արամ Մինասյան

Սեպտեմբեր 02,2020 17:07

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի չորրորդ պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողների կողմից դատապարտյալների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքին,  ասաց՝ ՄԻՊ արագ արձագանքման խմբի այցի արդյունքները բավարար հիմք էին տալիս իրենց անմիջապես քրեական վարույթ հարուցելու գրություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Նա մանրամասնեց. «Օգոստոսի 24-ին՝ մինչ լրատվական միջոցներով տեղեկատվության տարածումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի վերաբերյալ մենք ունեցել ենք ահազանգ: Արագ արձագանքման խումբը մեկնել է քրեակատարողական հիմնարկ, ընթացքում մեկ ահազանգ էլ ենք ստացել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում իրականացվող խուզարկության ընթացքում անձանց նկատմամբ գործադրվել է ոչ համաչափ ուժ, առանձնազրույց ենք ունեցել այդ օրը պատժախցում գտնված երեք անձանց հետ: Նույնիսկ մեր այցի ընթացքում նշված ազատազրկված անձանցից մեկը նաև գրավոր դիմում-բողոք է հասցեագրել ՄԻՊ-ին»:

Արամ Մինասյանի փոխանցմամբ՝ տեղեկություն ունեն, որ գլխավոր դատախազության կողմից նշված դեպքի հետ կապված թե′ իրենց գրությունը, թե′ ազատազրկված անձի կողմից երկու հաղորդումները հանցագործության մասին ուղարկվել են ՀՔԾ: Ներկայումս դեռ քրեական գործ հարուցված չէ, բայց այդ ուղղությամբ նյութեր են նախապատրաստվում: Նա նաև հայտնեց. «Նշանակված են նաև դատաբժշկական փորձաքննություններ նշված անձանց մարմնական վնասվածքների աստիճանի, վնասվածքների պատճառման մեխանիզմները պարզելու նպատակով»:

Արամ Մինասյանը նաև նշեց՝ բացի քրեական վարույթ նախաձեռնելու պահանջ ներկայացնելուց՝ գրություն են հասցեագրել արդարադատության նախարարություն, որում հարցադրումներ են ներկայացվել քրեական ենթամշակույթի դեմ պայքարում իրականացվող գործողությունների հիմքերի պատճառների և ուժի գործադրման համաչափ կիրառելիության կապակցությամբ, սակայն դեռ պատասխան չունեն:

Նա նաև հայտնեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջադեպին հաջորդող օրը ահազանգ են ստացել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ոչ համաչափ ուժի կիրառման վերաբերյալ: Կրկին մեկնել է արագ արձագանքման խումբ: Արամ Մինասյանը տեղեկացրեց, որ դեռ չի ցանկանում երկու ՔԿՀ-ներում կատարվածին գնահատական տալ, քանի որ այդ հարցերը պետք է քննարկվեն, և դրանց վերաբերյալ գնահատականներ պիտի տան քրեական վարույթ իրականացնող մարմինները:

Խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին՝ Արամ Մինասյանն ասաց. «Միայն օրենքում փոփոխություն կատարելը բավարար չէ, որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինի արդյունավետ: Դեռ 2018-ին ՄԻՊ կողմից հրապարակվել է հայեցակարգ քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ: Դրա համար համալիր մոտեցումներ են պետք՝ սոցիալական երաշխիքներ, վարձատրություն, հաստիքների ավելացում՝ բարձր պրոֆեսիոնալիզմով քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930