Քեմալիստական ուղղվածություն ունեցող թուրքական «Cumhuriyet» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում նոր մարզահամալիր և լողավազան է կառուցվում։
Թերթի հոդվածագրի դիտարկմամբ՝ չնայած էրդողանական Թուրքիայում ամեն տեղից փորձում են վերացնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, այնուամենայնիվ, այս անգամ նոր կառուցվող մարզահամալիրին հենց Աթաթուրքի անունն են տվել։
Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից 5 պատգամավոր մասնակցել են նոր մարզահամալիրի հիմարկեքի արարողությանը։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք նույնպես չի վրիպել ընդդիմադիր թերթի ուշադրությունից։ Մարզահամալիրը կրում է Աթաթուրքի անունը, բայց համալիրի պատի վրա Թուրքիայի հիմնադրի «Ես սիրում եմ խելացի, ճարպիկ և բարոյական մարզիկներին» ավանդական խոսքերի փոխարեն տեղ են գտել Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ «Սպորտը ոչ հաղթելու մոլուցք է, ոչ էլ պարտվելու երկյուղ։ Սպորտը մեկ բառով՝ ինքնավստահություն է»։