Վրաստանը չի պատրաստվում հետաձգել սեպտեմբերի 15-ին սպասվող դասապրոցեսի մեկնարկը: Երկրի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և դրա համար անհրաժեշտ է մոբիլիզացնել Կրթության և Առողջապահության նախարարությունները:
«Թեպետ այսօր 38 վարակված ենք ունեցել, դասապրոցեսի հետաձգման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ուսումնական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ին: Դրա համար պետք է մոբիլիզացնել Կրթության և Առողջապահության նախարարությունները: Մեզ համար շատ մեծ պատասխանատվություն է խուսափել դասապրոցեսի համար ռիսկերից: Դրա համար անհրաժեշտ է ուսումնական հաստատություններում պահպանել համապատասխան միջոցները»,- ասել է վարչապետը միջգերատեսչական խորհրդի նիստում:
Վրաստանի վարչապետը համապատասխան մարմիններին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցների պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
«Դիմում եմ քաղաքապետարանին՝ կոչ անելով խստացնել հանրային տրանսպորտում, առեւտրի կետերում նորմերի պահպանման վերահսկողությունը: Հիմա հանգստացողները վերադառնում են իրենց քաղաքներ, առօրյա կյանքին և աշխատանքին, և ցավոք, մենք պետք է որոշ ժամանակով հարմարվենք այդ սահմանափակումներին»,- ասել է Գախարիան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ՝ 38 դեպք: Այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 1548 է: Մահացել է 19 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ