Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի կալանավորման օրինականությունն ու հիմնավոր լինելու հարցը։
Կարեն Խաչատրյանն արդեն 11 ամիս է՝ կալանքի տակ է։
Դատախազը ինչպես նախկին նիստում, այնպես էլ այս նիստում պնդեց՝ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Կարեն Խաչատրյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից եւ խուսափել պատասխանատվությունից եւ նշանակված պատիժը կրելուց։ Դատախազը նաեւ պնդեց՝ եթե Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա հայտնվի ազատության մեջ, ապա կարող է խոչընդոտել դատարանի գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակից անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել։ Ըստ դատախազի հիմնավորման, Կարեն Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, հաշվի առնելով, որ վերջինս եղբայրն ու ազգականները՝ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն արդեն իսկ թաքնվում են վարույթն իրականացնող մարմնից, նրանք նկատմամբ հետախուզում է հայտարարված։
Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հիշեցրեց՝ Կարեն Խաչատրյանն արդեն երկու անգամ գտնվել է ազատության մեջ, նրա նկատմամբ կիրառվել է գրավ, նա տեւական ժամանակ գտնվել է ազատության մեջ, հետո, երբ նրա խափանման միջոցը փոխվել է, որոշվել է կալանավորել, նա ինքնակամ է ներկայացել «Երեւան Կենտրոն» ՔԿՀ․«Այսինքն, նա հարկադիր կերպով չէ ներկայացել ՔԿՀ»։
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադառնալով դատախազի մյուս հիմնավորմանը՝ ազգականները թաքնվում են քննությունից, նշեց՝ չնայած նրանք ազգականներ են, սակայն որեւէ կապ չի կարող արձանագրվել մի անձի գործողությունների եւ մյուս անձի գործողությունների հետ․ «Կարեն Խաչատրյանը թաքնվելու մտադրություն չունի»;
Ամրամ Մակինյանը զավեշտ որակեց այն հիմնավորումը, թե Կարեն Խաչատրյանը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործում ներգրավված հարցաքննված եւ դեռ չհարցաքննված անձանց վրա։
Կողմերին լսելուց հետո, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
Հիշեցնենք, Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։
Ըստ դատախազության, Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը եւ կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ: Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս ազգական, ՀՀ ՊԵԿ եւ ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ