Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում կապի գինը կտրուկ կնվազի, կունենանք 3G եւ 4G համակարգեր». Արցախի նախագահ

Սեպտեմբեր 02,2020 16:16

«Շատերին է հուզում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ կապված իրավիճակը: Մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002թ.-ին՝ 30, թե 35 տարի ժամկետով: Երեկ նամակ եմ գրել «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին, MTS Armenia-ի տնօրեն Ռայֆ Յիրիկյանին եւ պարոն Պյատախինին: Նրանց հրավիրել եմ Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցելու»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ստացել եմ երկուսի բացասական պատասխանը, իսկ «Յուքոմ»-ը պատասխան չի տվել: Ասում են՝ նամակը չեն էլ մուտքագրել… Ուզում եմ ասել, որ մենք մշտապես աշխատում ենք այս ուղղությամբ: Նոր օպերատորը, եթե հայկական չլինի, որեւէ առավելություն չի տալու Արցախին: Հակառակը, ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ: Դրա համար աշխատում ենք ունենալ լավագույն լուծումը»,-շեշտեց նա:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց. «Ժամանակին հայտարարել էի, որ Լիբանանում հանդիպել եմ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի միակ սեփականատիրոջ հետ, մշակել ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ եւ մատչելի սակագներ: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասնագետներն այս գիշեր նոր կայաններ են գործարկելու: Վաղվանից յոթ օրում Արցախի հիմնական տարածքում կունենանք բարձրակարգ 3G համակարգ, իսկ մյուս տարի Ստեփանակերտում եւ մյուս խոշոր բնակավայրերում կունենանք 4G համակարգ»,-հայտնեց Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է սակագներին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ կապի գինը լինելու է Հայաստանի կապի գնին եւ որակին համապատասխան. «Հունվարից կտրուկ կլինի սակագնի առաջին նվազումը, իսկ երկրորդը՝ հուլիսից: 22թ.-ի հունվարից էլ կունենանք Հայաստանի գներին համապատասխան կապ՝ անկախ նրանից, թե կապի նոր օպերատոր կլինի, կամ ոչ: Նոր օպերատորների բոլոր ներդրումային ծրագրերին ծանոթ եմ, բայց մենք որեւէ լուրջ առաջարկ չենք ունեցել եւ չենք էլ ունենալու, ուստի գործող օպերատորի հետ պետք է համաձայնության գանք: Մի քանի օրում կտեսնեք որակական փոփոխությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930