ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ պարզել են, որ 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ, և խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում, որտեղ գտնվել են կալանավորված անձինք՝ Հ.Շ.-ն և Ա.Շ.-ն:
Խուզարկություն կատարելու ընթացքում, ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի, նշված կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: Այդ պատճառով նրանց նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ:
Դիտորդները այցի ընթացքում նշված կալանավորված անձանց մարմնի տարբեր մասերում արձանագրել են ակնհայտ տեսանելի և թարմ բազմաթիվ վնասվածքներ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ զննության արդյունքում Հ.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի, ճակատային հատվածի արյունազեղումներ, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Կարդացեք նաև
Ըստ նույն տեղեկանքի՝ Ա.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի արյունազեղում, ձախ ակնագնդի շրջանի սալջարդ, այտուցվածություն, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ: Ձախ հոնքի շրջանում ուղղահայաց ուղղությամբ կտրված վերք 0,5 սմ երկարության:
Կալանավորված անձանց ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժանման կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է վերքերի մշակում:
Այդուհանդերձ, մտահոգիչ համարելով կալանավորված անձանց՝ Հ.Շ.-ի և Ա.Շ.-ի նկատմամբ կիրառված հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի իրավաչափությունը և համաչափությունը՝ Խումբը 2020թ. օգոստոսի 25-ին թիվ 20-51 հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը և տրամադրել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ:
2020թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ 2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 3 աշխատակիցներ արգելված իրերի առկայության և դրանց օգտագործման վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ պատժախցում կազմակերպել և իրականացրել են չնախատեսված խուզարկություն, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեկ զույգ անլար ականջակալ:
Երկրորդ խուզարկությունը կատարվել է նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 11 քրեակատարողական ծառայողների կողմից: Մասնավորապես կատարվել է նշված անձանց անձնական խուզարկություն, ինչի արդյունքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:
Այնուհետև քրեակատարողական 5 ծառայողներ Ա.Շ-ի և Հ.Շ-ի նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոց կիրառելուց հետո կարողացել են նրանց հանդարտեցնել և իրականացնել խցի խուզարկություն, որի ընթացքում դարձյալ արգելված այլ իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել:
Արդարադատության նախարարության պատասխանի համաձայն՝ նշված խուզարկությունների տևողությունը չի արձանագրվել:
Ընդ որում, օգոստոսի 23-ին 4-րդ պատժախցից և այդ խցում պահվող անձանցից բացի այլ խցերում չնախատեսված խուզարկություններ չեն իրականացվել, այլ անձինք անձնական խուզարկության չեն ենթարկվել, քանի որ այլ խցերում արգելված իրեր պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ չեն եղել:
2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Ա.Շ.-ն և Հ.Շ.-ն զննության են ենթարկվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի կողմից: Նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ արտաքին զննության արդյունքներն արձանագրվել են մարմնական վնասվածքների համապատասխան մատյանում:
Ի դեպ, կալանավորված անձինք մինչ դեպքի հրապարակայնացումը սկզբում նշել են, թե իբր ընկել են իրենց խցերում: Սա վկայում է ազատազրկված անձանց կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին բարձրաձայնելուց հրաժարվելու խիստ մտահոգող փաստի մասին:
Սա կարող է վկայել նաև դեռևս քրեակատարողական հիմնարկներում կամ քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցության, կամ ազատազրկված անձանց բողոքների քննության իրավական մշակույթի, այդ թվում՝ բողոք ներկայացնող ազատազրկված անձի անվտանգության ոչ պատշաճ ապահովման մասին:
Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ ընդունելության ժամանակ Հ.Շ-ին և Ա.Շ-ին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. հունվարի 14-ի թիվ 10-Լ հրամանով հաստատված խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևով փաստաթուղթը, որից նրանք կտրականապես հրաժարվել են:
Արդարադատության նախարարության կողմից Խմբի հրատապ հաշվետվության մեջ բարձրացված հարցերին ի պատասխան չի ներկայացվել որևէ պարզաբանում, թե որոնք են ազատազրկված անձանց՝ հակաիրավական որակված գործողությունների նկարագրությունը և դրանց կոնկրետ դրսևորումները:
Նաև անդրադարձ չկա այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ եղել հակաիրավական գործողություններ կատարած երկու ազատազրկված անձանց նկատմամբ 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից հարկադիր միջոցներ կիրառել։ Չի ներկայացվել նաև կիրառված միջոցների մանրամասն նկարագրությունը:
Նախարարությունից տեղեկացրել են սակայն, որ փաստի առթիվ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2020թ. օգոստոսի 25-ի թիվ Ե40/18-10-3349 գրությամբ ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
Խումբը խիստ մտահոգիչ է համարում ինչպես 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ դրա վերաբերյալ իրավասու մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ սպառիչ տեղեկատվության տրամադրումը:
Քրեակատարողական համակարգում օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարվող ցանկացած գործողություն պետք է լինի իրավաչափ և համաչափ հետապնդվող նպատակի նկատմամբ՝ բացառելով ազատազրկված անձանց մարդու իրավունքների որևէ խախտում:
Խումբը գտնում է, որ նշված միջադեպը պետք է գտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև դեպքի առնչությամբ պետք է իրականացվի արդյունավետ և օբյեկտիվ քննություն՝ վատ վերաբերմունքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով՝ ինչպես մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հետագայում նմանատիպ խախտումները կանխելու համար։
Հասարակական դիտորդների խումբ