«Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ է գտնվում՝ տնտեսական աճ ունենալու հավանականությունը մոտ է զրոյին»,-այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Այսօր «Արարատ» մամուլի ակումբում պարոն Խաչատրյանն ասաց, որ Հայաստանն արդեն արձանագրել է համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի 5-7 տոկոս տնտեսական նվազում:
Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ տնտեսական ցուցանիշների նվազմանը ոչ այնքան արտաքին գործոններն են ազդել, որքան՝ ներքին. «Եթե մենք կարողանայինք շինարարությունում ապահովել այն աճի տեմպը, որը կար մինչ կորոնավիրուսը, կարող էինք ավելի լավ տնտեսական արդյունքներ ունենալ: Բայց դա չենք արել: Այդ խնդիրը պայմանավորված էր կանոնակարգումներով, տեղական իշխանությունների ոչ կազմակերպված աշխատանքով, շինարարության թույլտվությունների, նախագծերի հաստատումներով եւ այլն: Եվ այդ ամենը հաղթահարելու դեպքում մենք կունենանք դրական կամ գուցե զրոյին հասնող ցուցանիշներ»:
Վահագն Խաչատրյանը վկայակոչելով Կենտրոնական բանկի ցուցանիշները, նշեց, որ մարտ ամսին եղած անկումը, որը մոտ 80-90 միլիարդ դրամի էր, այս ամիսներին արդեն վերականգնվել է: Նրա խոսքով, ավանդները վերադարձել են, վարկերն էլ՝ կտրուկ աճել:
Ըստ պարոն Խաչատրյանի, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարության միջոցառումների 24 ծրագրերը իրենց դրական արդյունքը տվել են տնտեսությանը: Նա գրեթե համոզված է, որ կորոնավիրուսի երկրորդ կամ երրորդ ալիք՝ ինչպես որ կանխատեսվում է, չի լինի, բայց, եթե նույնիսկ լինի էլ, շատ ավելի կազմակերպված կկատարվեն հակաճգնաժամային միջոցառումները, առողջապահության համակարգն էլ ավելի պատրաստ կլինի եւ այսքան մարդկային կորուստներ չենք ունենա:
Կարդացեք նաև
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը՝ թե այս իշխանությունները տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, պարոն Խաչատրյանն ասաց՝ եթե նույնիսկ լավագույն ցուցանիշը լիներ, միեւնույն է, մի բան պետք է գտնեին՝ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը մեղադրելու. «Ես չգիտեմ՝ չափանիշները որոնք են այդ տապալման, ի՞նչ պետք է լիներ, որ չտապալեին, կամ ի՞նչ պետք է լիներ, որ տապալեին: Հիմա ԱՄՆ-ում տապալե՞լ են, թե՞ չեն տապալել: Չինաստանում կամ Եվրամիությունում տապալե՞լ են, թե՞ ոչ: Այդ չափորոշիչները չկան եւ ես գտնում եմ, որ դրանք քաղաքական եւ դեմագոգիկ հայտարարություններ են եւ նպատակը մեկն է՝ վատաբանել կառավարությանը եւ հանրությանն ասել՝ այ տեսե՛ք, որ ինքը լիներ՝ լրիվ այլ կերպ կլիներ: Ես համոզված եմ, որ շատ ավելի վատ կլիներ, որովհետեւ այդ նույն մարդու ժամանակ էլ է տնտեսական ճգնաժամ եղել՝ 1998 թ.-ին եւ հետո 2008-ին երբ արդեն նա չէր, որեւէ մեկը ոչ մի օգնություն չստացավ, ավելին՝ օգնություն ստացան այն կազմակերպությունները, որոնք նրանց կողմից շատ սիրելի էին»:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի աղմուկ հանած պետական պաշտոնյաների, պատգամավորների պարգեւավճարների վերաբերյալ, Վահագն Խաչատրյանն ասաց՝ պետք է հստակ չափորոշիչ դնել եւ մասնագետներին լավ վճարել. «Նախկինում ով պաշտոն էր ստանում, ոչ թե ստանում էր իր գիտելիքի համար, այլ՝ ծանոթ- բարեկամ սկզբունքներից ելնելով: Եվ այդ պաշտոնյան պետք է այդ կոռուպցիոն համակարգի մաս դառնար, իսկ դա նշանակում է, որ նա իր գործունեությունը ծավալելիս քաղաքացիներից պետք է գումարներ վերցներ եւ դա հասցներ մինչեւ վերեւ: Դա ոչ թե Վահագն Խաչատրյանի գնահատականն է, այլ՝ միջազգային կառույցների: Նրանք ՀՀ-ն որպես պետություն կոչում էին՝ համակարգված կոռուպցիոն պետություն»:
Պարոն Խաչատրյանի խոսքով, հիմա կառավարությունն աշխատում է այլ մոտեցմամբ. «Ասում է՝ եթե դուք աշխատում եք նորմալ, պետական չինովնիկ եք, մենք ձեզ լավ վարձատրում ենք, բայց որեւիցե ձեւով այլ հարաբերություներ քաղաքացիների հետ չպետք է ունենաք»:
Վահագն Խաչատրյանի խոսքով, այսօր ամենամեծ մարտահրավերը առանձին ոլորտներում կոռուպցիան վերացնելն է. «Կոռուպցիան դատական համակարգում է, պետական եկամուտների համակարգում, ՊՆ-ում: Այդ կառույցներում կան մարդիկ, որոնք իրենց աշխատանքն այլ կերպ չեն պատկերացնում»:
Թե ինչո՞ւ հեղափոխությունը ներդրումային բում չբերեց իր հետեւից հարցին էլ, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ Հայաստանն իր ներդրումային գրավչությունը կբարձրացնի, երբ լուծի տարածաշրջանային խնդիրները, հարեւանների հետ երկկողմ հարաբերություններ հաստատի, քանի որ կապիտալը հոսում է այն երկիր, որտեղ խաղաղություն է, կայունություն իսկ ռիսկային երկրում գնում է այնպիսի կապիտալը, որը շատ բարձր շահութաբերություն ունի, բայց Հայաստանում չկա այդպիսի ոլորտ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ