«Դիմադրությունն այնքան մեծ է եղել, որ հնարավոր չի եղել շարունակել խուզարկությունը», «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի չորրորդ պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողների կողմից դատապարտյալների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքին՝ պարզաբանեց ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Վարդան Հասրաթյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, թե «ինչքանո՞վ է հիմնավոր եղել 11 անձի՝ օպերների կողմից խցում ֆիզիկական բռնության ենթարկելը, ի՞նչ են այդ անձինք կատարել, որ 11 անձի կողմից է այդ հատուկ ֆիզիկական բռնությունը կիրառվել, արդյոք պահպանվա՞ծ է եղել համաչափության սկզբունքը, ինչպե՞ս է ընտրվել կոնկրետ չորրորդ խուցը: Մեզ պատասխանեցին նաև, որ այդ ընթացքում այլ խցերում այլ ազատազրկված անձինք չեն ենթարկվել խուզարկության, զննություն չի իրականացվել, ինչը կրկին հարցերի տեղիք է տալիս: Երկրորդ այցի ընթացում՝ օգոստոսի 23-ին, խուզարկությամբ ոչինչ չի արձանագրվել, այդ մարդկանց մոտ նույնիսկ արգելված իրեր չեն եղել»:
Հնչեցված մտահոգությունների առիթով Վարդան Հասրաթյանը տեղեկացրեց՝ ստացվել է համապատասխան տեղեկություն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի չորրորդ պատժախցում պահվում են արգելված իրեր: Նա մանրամասնեց. «Սկզբում մեր օպերատիվ աշխատակիցները քրեակատարողական ծառայության և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի հետ այցելել են նշված խուց, ներկայացրել են չնախատեսված խուզարկություն իրականացնելու մասին անհրաժեշտության պահանջը, առաջարկել են այնտեղ պահվող անձանց հանձնել արգելված իրերն ու առարկաները, եթե նրանք կան: Միանգամից նկատել էին սեղանին դրված իրեր, որոնք կասկած էին հարուցել: Մոտենալով, վերցնելով այս արգելված իրերից մեկը՝ անլար ականջակալը, նկատել են նաև նվագարկիչ, որն արտաքինից շատ նման է եղել բջջային հեռախոսի, մոտեցել, փորձել են դրանք վերցնել, դրանից հետո այնտեղ պահվող անձանցից երկուսը հանկարծ աղմուկ- աղաղակով, կոպիտ արտահայտություններով, ընդհուպ մինչև քաշքշելով քրեակատարողական ծառայողներին սկսել են խոչընդոտել խուզարկությանը»:
Վարդան Հասրաթյանը վստահեցրեց՝ դիմադրությունն այնքան մեծ է եղել, որ հնարավոր չի եղել շարունակել խուզարկությունը: Նա նաև տեղեկացրեց՝ պատժախցում պահվող անձանցից մեկը տասնյակ անգամ ենթարկվել է պատասխանատվության քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, որոնցից մի քանիսը քրեակատարողական ծառայողների գործողություններին խոչընդոտելու համար: Կրկին անդրադառնալով միջադեպին՝ Վարդան Հասրաթյանն ասաց. «Զգալով, որ իրավիճակը թեժանում է, քրեակատարողական ծառայողները դուրս են եկել խցից: Դրանից հետո կրկին փորձել էին մուտք գործել ու բացատրել իրենց գործողությունների մասին ու շարունակել խուզարկությունը: Հստակ տեղեկություններ են եղել այնտեղ պահվող արգելված իրերի մասին: Այս անգամ ավելի բարձր գոռգոռանով թույլ չեն տվել շարունակել խուզարկությունը: Դրանից հետո որոշում է կայացվել ներգրավել արդեն հատուկ նշանակության բաժնի աշխատողների, որոնց գործառույթը կալանավորված անձանց զսպելն է իրավաչափ, համաչափ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառմամբ:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ լուրեր կան այն մասին, որ կիրառվել է նաև «էլեկտրաշոկ», գնդապետն արձագանքեց. «Չեմ կարող դա հերքել կամ հաստատել, բայց կարող եմ վստահեցնել, որ նման գործողությունների ժամանակ ձեռնաշղթաներ են կիրառվում, եթե դրանք չեն կարողանում անցկացնել, ռետինե մալուխներ կարող են կիրառվել»:
Համաչափության հետ կապված մտահոգությունների առիթով էլ գնդապետը նշեց. «Նախ՝ 11 օպեր չի մտել այնտեղ. վերջում ընդհանուր 11 աշխատակիցներ են եղել, որոնցից վեցը հատուկ նշանակության բաժնի աշխատողներ: Մի կալանավորի նկատմամբ հատուկ նշանակության բաժնի երկու աշխատող է գործողություններ կիրառել, մյուսի նկատմամբ՝ երեք: Հնարավոր է՝ մեկի նկատմամբ գործողություններ կիրառեն 15-20 հոգի. իրավիճակից դրդված է լինում: Ենթադրենք նա տիրապետում է ձեռնամարտի հմտությունների, չի լինում հնարավոր զսպել նրան: Մենք օրենքով վերապահված մեր գործողություններն իրականացրել ենք պատշաճ, իրավաչափ և համաչափ»:
Հարցին՝ այն անձինք, որոնց նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառվել «օրենքով գողե՞ր» են եղել, Վարդան Հասրաթյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում մենք ամբողջ ծավալով մղում ենք պայքար քրեական ենթամշակույթի դեմ: Պետության որդեգրած քաղաքականությունն է պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ մեր գործիքակազմով, օպերատիվ հնարավորություններով: Այո, ունեինք տեղեկություններ, որ այդ անձինք քրեական ենթամշակույթի կրողներ էին.չեմ ասում բոլոր երեքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի