Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ բարոյական խրատներ չտալ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար

Սեպտեմբեր 02,2020 15:48

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք այս իրավիճակում բարոյական է համարում վարձերը բարձրացնելը երբ ամբողջ ուսումնական գործընթացի արդյունավետությունը հարցականի տակ է` համավարակի պատճառով, ասաց. «Քննության արդյունավետությունը հարցականի տակ չի լինի այլեւս, որովհետեւ այն թերությունները, որ կային անցյալ տարի, այս տարի չեն լինի, շտկելու ենք: Բոլոր այն առարկաները, որոնք պահանջում են առկա շփում դասախոսի հետ, լինելու են առկա բոլոր կուրսերում: Ուսման վարձը այնպիսի բան է, որ չի կարելի բարձրացնել, իջեցնել: Ուսանողն ինչ վարձով ընդունվել է, այդ վարձով էլ ավարտում է, բարձրացումը վերաբերվում է միայն առաջին կուրսեցիներին: Դուք այդ բառը` բարոյական լինելը, օգտագործեցիք, թող ուրիշները չօգտագործեն: Խնդրում եմ բարոյական խրատներ չտալ, ու խոսել օրենքներից»:

Ապա հավելեց. «Դե նշեք, թե ինչն է էժանացել այս ընթացքում համավարակից հետո»: Դիտարկմանը, որ մարդիկ կորուստներ են կրել, Գեղամ Գեւորգյանն էլ իր հերթին թվարկեց ԵՊՀ կորուստները` համավարակով պայմանավորված. «Չստացված գումարներ մոտավորապես 180 միլիոնի` ուսման վարձերի պարտքեր, այս կիսամյակ 40 մլն ավելի զեղչ ենք արել, ընդ որում, այդ 40 միլիոնն էլ իր հետ բերելու է եւս 10 մլն հարկ պետբյուջե, Ծաղկաձորի բազան չի աշխատել, չաշխատելով հանդերձ` մենք նրա վրա ծախս ենք արել համավարակի հետ կապված:

Մենք կարող էինք պետությունից պահանջել լույսի, ջրի եւ այլ վարձեր` մոտ 5 մլն դրամի կարգի, բայց չենք վերցրել…Չենք ստացել տարածքի վարձակալության գումարները, ուսանողական հանրակացարանի գումարները: Մենք հիմա ստիպված ենք որոշ ուսանողների համար հարկ մուծել պետությանը: Մարդը մարտ ամսին դուռը փակել՝ գնացել է տուն ու չի ասել, որ այլեւս չի ապրելու այդ հանրակացարանում: Հիմա էլ դիմում է գրել, որ չի կարող վճարել, բայց մենք պետությանն արդեն ասել ենք, որ այդքան վարձ պետք է հավաքենք…Մարտ-օգոստոս ամսին մենք մարզասրահից անցյալ տարի 31 մլն գումար ենք գանձել, մինչդեռ այս տարի ընդամենը 10 մլն…»:

Ռեկտորի պաշտոնակատարն ասաց նաեւ, որ ԵՊՀ-ն բավականին ծախսեր է արել ախտահանող միջոցների ու ջերմաչափերի ձեռքբերման վրա: Հավելեց, որ 6 ամսվա ընթացքում ծախսել են մեկ տարվա համար նախատեսված տեխնիկայի փողերը, որովհետեւ դասախոսներին պետք է ապահովեին համակարգիչներով, ականջակալներով եւ այլ միջոցներով:

Պարոն Գեւորգյանը նշեց, որ այն ուսանողները, որոնք դժգոհել են, թե իրենց պայմանագրով նախատեսված չի եղել հեռավար ուսուցում, ինքն առաջարկել է վերադարձնել նրանց գումարը` գործերն էլ հետը. «Ասել եմ` պատրաստ եմ վերադարձնել եւ ձեր գումարը, եւ ձեր գործերը, գնացեք գտեք համալսարան, որտեղ առկա ուսուցում է, նստեք դասերի, չէ՞ որ ամբողջ աշխարհն է անցել դրան, եւ որեւէ մեկը վարձը չի զիջել: Նորից եմ կրկնում` համավարակով պայմանավորված որեւէ տնտեսվարող իր ծառայության գինը չի էժանացրել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930