Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը` վարձերի մասին. «Եթե ընտրել են այս գնով այս մասնագիտությունը, ուրեմն ձեռ է տալիս»

Սեպտեմբեր 02,2020 15:09

«Արվել են գործեր, որոնք արժի ներկայացնել հանրության ուշադրությանը, թե չէ անընդհատ բացասական երեւույթների մասին է խոսվում` ԵՊՀ-ում կառավարման ճգնաժամի, կոլապսի եւ այլնի, մինչդեռ իրականում այդպես չէ, բայց ես հասկանում եմ, որ դա ձեզ առանձնապես չի հետաքրքրում»,- ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հրավիրված ասուլիսի պատճառն այսպես հիմնավորեց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անցյալ տարի նախաձեռնել էին ընդունելության թվերի իրատեսական եւ ուսման վարձերի ճիշտ պլանավորման գործընթաց: «Իմ եւ շատ համալսարանականների համար վիրավորական էր, որ սեպտեմբերին մամուլը գրում էր, թե 300-400 տեղ համալսարանում թափուր է մնացել, դա իրականում թափուր էր մնում այն պատճառով, որ նախապես գիտեինք, որ այդքան դիմորդ միեւնույն է` չի լինելու: Դրա համար մենք իջեցրինք թվերը ոչ միայն այնքան, որ պլանը կատարենք, այլ նաեւ այնպես, որ ունենանք համեմատաբար որակյալ ընդունելություն»,-նշեց Գեղամ Գրիգորյանը:

Փաստեց, որ անցյալ տարվա համեմատ՝ 10 եւ պակաս միավորով ընդունվածների թիվն այս տարի երկու անգամ պակասել է. «Ընդունվողների թիվը պակասել է ցածր միավորներով ընդունվողների հաշվին, ինչը դրական եմ համարում համալսարանի համար»:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ուսման վարձերի բարձրացմանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անցյալ տարվա հոկտեմբերից քննարկումներ են եղել, հիշեցրեց հանդիպումը բանասիրության ֆակուլտետում. «Յութուբում կգտնեք տեսագրությունը: Հանդիպման պատճառը հայոց լեզվի եւ հայոց պատմության ոչ պարտադիր լինելն էր նոր օրենքով, այդ առիթով փակ հանդիպում եղավ, սակայն դրանից հետո պատասխանել եմ լրագրողների հարցերին: Այդ ընթացքում հարցեր են եղել` կապված ուսման վարձերի հետ: Այսինքն` հոկտեմբեր ամսին արդեն դեկանների հետ եղել էին այդ թեմայով քննարկումներ, իսկ գիտխորհրդի նիստում համարյա միաձայն, ընդամենը երկու ձեռնպահով որոշվել են վարձաչափերը…

Երբ ինձ հարցնում էին, թե չե՞ք վախենում, որ դիմորդներ չեն լինի: Ես ասում էի` կլինեն, թեեւ ինքս էլ արդեն կասկածներ ունեի, մանավանդ որ համավարակը սկսվել էր: Բայց մայիս ամսվա վերջին, երբ համավարակի հետեւանքով տնտեսական սահմանափակումներն ամենախիստն էին դեռեւս, եղավ 4060 դիմում` այդ վարձերով ընդունվելու: Ընդ որում, դիմումների կեսը ամենաբարձր վարձերով մասնագիտությունների գծով էր:

Եվ հիմա, երբ որ կատարվել է ընդունելությունը, եւ մարդիկ ստորագրում են պայմանագրեր այդ վարձով սովորելու, մի շարք ԶԼՄ-ներ եւ քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին: Ես համաձայն եմ, որ դա շատերի համար բարձր է, բայց կա երկու կողմ` մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում: Ընդ որում, մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն` մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ` թե ավելի էժան, թե ավելի թանկ, մարդիկ կարող են ընտրել: Իսկ եթե ընտրել են այս գնով այս մասնագիտությունը, ուրեմն իրենց ձեռ է տալիս: Այդպես են ուզում»:

Նա նշեց, որ վարձերի հետ կապված հաճախ են առաջարկում զեղչեր անել: Ասաց, որ Բարձրագույն կրթության մասին օրենքի համաձայն վճարովի ուսուցման գումարների 7 տոկոսը որպես զեղչ տրամադրում են ուսանողներին, իսկ մյուս Հարկային օրենսգիրքն է, ըստ որի կարող են ուսման վարձի զեղչ տրամադրել վճարովի համակազմի 10 տոկոսին. «Որպեսզի վճարովի համակազմի 10 տոկոսին զեղչ անես եւ 7 տոկոսն էլ ծախսես, ուրեմն միջինում 70 տոկոս պետք է զեղչ անես: Մենք դրա փոխարեն տարիներ շարունակ զեղչ ենք անում ավելի մեծ թվով ուսանողների ոչ թե 70 տոկոսով, այլ 20-30 տոկոսով: Ոմանց նույնիսկ 100 տոկոսով ենք զեղչում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930