Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքուր անոթներ, առողջ կյանք

Սեպտեմբեր 02,2020 15:00

«TV ալիք». Թերեւս մեր առողջության մասին մտածում ենք այն ժամանակ, երբ օրգանիզմում ինչ-որ բան անհանգստացնում է կամ ցավ ենք զգում։ Սակայն հարկավոր է առողջության մասին մտածել եւ սեփական օրգանիզմը պաշտպանել մշտապես։ Փորձենք ներկայացնել արյունատար անոթների հետ կապված խնդիրները։ Արյունատար համակարգի հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը ուղղակիորեն կապ ունի հետեւյալ գործոնների հետ.

 սակավաշարժ կենսակերպ,

 ճարպային նյութափոխանակության խանգարումներ,

կերակրի աղի եւ յուղոտ սննդի չարաշահում,

ճարպակալում,

շաքարային դիաբետ, 

ստամոքսի եւ լեղաքարային հիվանդություններ։

 

Գլխավոր թշնամին՝ աթերոսկլերոզը

Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառը աթերոսկլերոզն է, հիվանդություն, որի ժամանակ խանգարվում է օրգանիզմում ճարպային նյութափոխանակությունը, եւ արդյունքում արյունատար անոթների պատերին առաջանում են աթերոսկլերոտիկ վահանիկներ՝ նեղացնելով անոթների լուսանցքը։ Նեղացած անոթներով, բնականաբար, դժվարանում է արյան շրջանառությունը, եւ օրգաններն ու հյուսվածքները բավարար քանակով սնուցում չեն ստանում: Այդ դեպքում առաջանում է թթվածնային քաղց՝ հիպօքսիա, իսկ տեղային արյան մատակարարման պակասը կոչվում է իշեմիա։

Աթերոսկլերոզի տարածված հետեւանքներից է սրտի իշեմիկ հիվանդությունը, երբ ախտահարվում են սրտամկանի արյունատար անոթները։ Հանգիստ վիճակում, երբ նույնիսկ նեղացած անոթներով սրտամկանը ստանում է բավարար քանակի արյուն, իշեմիայի նշանները չեն զգացվում։ Սակայն ֆիզիկական կամ էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում, երբ սիրտն աշխատում է ակտիվ ռեժիմով, նրան անհրաժեշտ է ավելի շատ թթվածին եւ այն կարիք ունի ավելի ինտենսիվ արյան մատակարարման։ Իսկ աթերոսկլերոզի դեպքում արյան անոթներն ի վիճակի չեն լինում բավարարել սրտի մեծացած պահանջները, ինչն էլ բերում է սրտամկանի սնուցման խանգարումների եւ դրա հիմնական ախտանիշի դրսեւորմանը՝ ծանրաբեռնվածության ժամանակ ցավեր կրծքավանդակում։

Աթերոսկլերոտիկ վահանիկները կարող են ամբողջությամբ խցանել անոթը, որը բերում է սրտամկանի տվյալ հատվածի մեռուկացմանը, քանի որ այն չի ստանում արյուն, եւ զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Հենց սրտի իշեմիկ հիվանդությունն է, որ բերում է սրտամկանի ինֆարկտի։ Աթերոսկլերոզի կարող են ենթարկվել նաեւ մեր օրգանիզմի այլ անոթներ՝ աորտան, ուղեղի, երիկամների, ոտքերի եւ այլն։

Ուղեղի անոթների աթերոսկլերոզ.– Կարող է արտահայտվել գլխացավերով, նյարդային գերգրգռվածությամբ, հիշողության վատացմամբ, քնի խանգարումներով, հաճախակի գլխապտույտներով։ Ի վերջո, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը բերում է ինսուլտի։ Սովորաբար ուղեղի արյան անոթների աթերոսկլերոզի առաջին նշաններն ի հայտ են գալիս 50-60 տարեկանում։ Սակայն այդ նշանները շատերն են անուշադրության մատնում՝ համարելով տարիքի հետ կապված խնդիրներ։ Ի դեպ, համանման ախտանիշեր կարող են լինել նաեւ ողնաշարի հիվանդությունների հետեւանքով ուղեղի արյան շրջանառության խանգարումների կամ արյան զարկերակային գերճնշման դեպքերում։ Հարկավոր է դիմել բժշկի եւ ճշտել հիվանդության ախտորոշումը։

Աթերոսկլերոզի կարող է ենթարկվել նաեւ մեր օրգանիզմի գլխավոր զարկերակը՝ աորտան, որի տարբեր հատվածներից զարկերակները ճյուղավորվելով սնուցում են մեր օրգան-համակարգերը։ Օրինակ՝ եթե աթերոսկլերոզի է ենթարկվել աորտայի կրծքային հատվածը, այն կարող է երկար ժամանակ իրեն զգացնել չտալ։ Եվ առաջին ախտանիշերը կրծքավանդակում արտահայտվում են ցավի, այրոցի զգացմամբ, արյան ճնշման բարձրացմամբ, ժամանակ առ ժամանակ գլխապտույտներով։ Ահա այսպիսի նշանները չի կարելի անտեսել, սա ահազանգ է անհապաղ բժշկի դիմելու համար։

Թերեւս մեզնից քչերը գիտեն, որ աթերոսկլերոզի կարող է ենթարկվել նաեւ աորտայի որովայնային հատվածը, որի հետեւանքով խանգարվում է որովայնի խոռոչի օրգանների արյան մատակարարումը։ Արդյունքում առաջանում են մարսողական համակարգի տարատեսակ խանգարումներ՝ ախորժակի անկում, աղիների գործունեության հաճախակի խանգարումներ, որովայնի փքվածություն, քաշի կորուստ, ցավեր որովայնի շրջանում, որոնք ունենում են նոպայաձեւ բնույթ։ Ի դեպ, բնորոշ է, որ ցավերը չունեն հստակ տեղակայում եւ հաճախ անցնում են սկսվելուց 2-3 ժամ հետո։

Աորտայի որովայնային հատվածի աթերոսկլերոզը կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր բարդություն՝ աղիները սնուցող զարկերակների տրոմբոզ, որի հետեւանքով առաջանում է աղիների հանգույցների մեռուկացում, ինքնազգացողության կտրուկ վատացում եւ բժշկական օգնություն չստանալու դեպքում հաճախ կարող է զարգանալ որովայնամզի (ներքին օրգանները եւ որովայնի խոռոչը ներսից պատող թաղանթ) բորբոքում՝ պերիտոնիտ։

Աորտայի որովայնային հատվածի աթերոսկլերոզի հետեւանքով կարող է առաջանալ ոտքերի արյան մատակարարման անբավարարություն (իշեմիա)։ Դրա ախտանիշերից են՝ ցավ սրունքների մկաններում, որոնք առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, կարճատեւ քայլելուց հետո կարող են առաջանալ սուր կծկանքային բնույթի ցավեր կամ հոգնածության զգացում։ Երբեմն ոտքերում ցավ առաջանում է հանգիստ վիճակում, այն զգացվում է ոտնաթաթերում, որն ուղեկցվում է սառչելու եւ թմրածության զգացողություններով։ Ցավը ուժեղանում է, երբ մարդն ընդունում է հորիզոնական դիրք։ Ոտքերում տհաճ զգացողությունները ստիպում են մարդուն հաճախակի փոխել իր դիրքը՝ մեկ նստել, մեկ կանգնել կամ քայլել։

Ոտքերում արյան շրջանառության անբավարարությունը վտանգավոր է, քանի որ կարող է բերել տրոմբոզի։ Վերջինս տալիս է լրջագույն բարդություններ, ընդհուպ՝ գանգրենա։

Ինչպես օգնել անոթներին

Գոյություն ունեն անոթներն առողջ պահելու բազմաթիվ տարբերակներ, եւ զբաղվել անոթների առողջությամբ երբեք էլ ուշ չէ։ Հատկապես խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ռիսկի խմբում են, այսինքն ունեն.

ժառանգական նախատրամադրվածություն,

արյան զարկերակային գերճնշում,

շնչուղիների խրոնիկ հիվանդություններ,

 խրոնիկ փորկապություն,

մշտական սթրեսային վիճակներ,

ֆիզիկական ծանրաբեռնվածություն,

ավելորդ քաշ 3-5 կգ-ով,

հարկադրական կանգնած աշխատանքային դիրք:

Խորհուրդ N 1.- Հետեւեք արյան վիճակին։ Տարին մեկ անգամ հանձնեք արյան անալիզ՝ պարտադիր ստուգելով խոլեսթերինը իր ֆրակցիաներով, «վատ» եւ «լավ» խոլեսթերինի փոխհարաբերությունը (ցածր խտության եւ բարձր խտության լիպոպրոտեիդների քանակը)։

Խորհուրդ N 2.- Տարեցներին եւ ովքեր ունեն ժառանգականություն, խորհուրդ է տրվում անցնել ոտքերի երակների ուլտրաձայնային հետազոտություն, որը պատկերացում է տալիս ինչպես խորը, այնպես էլ մակերեսային երակների վիճակի մասին։

Խորհուրդ N 3.- Անոթները լավ վիճակում պահելու համար օգտակար է շաբաթը 1-2 անգամ լողով զբաղվելը։ Օգտակար է նաեւ օրումեջ ընդունել հակադիր ցնցուղներ առավոտյան կամ երեկոյան։ Սա հրաշալի միջոց է անոթները մարզելու համար։ Ուշադրություն.- Խիստ արտահայտված աթերոսկլերոզի, իշեմիկ հիվանդության դեպքում խորհրդակցել բուժող բժշկի հետ։

Խորհուրդ N 4.- Ամեն օր կատարեք ոտքերի 10 րոպեանոց վարժություններ։ Օրինակ՝ ոտքերը տարածել աջ եւ ձախ, յուրաքանչյուրը՝ 10 անգամից ոչ պակաս եւ առաջ-ետ՝ եւս 10-ական։

Խորհուրդ N 5.- Ամեն օր ոտքերի համար սահմանեք հանգստի ժամ՝ գոնե 15 րոպե պառկեք ոտքերը դրած բարձր բարձի վրա, այնուհետեւ պառկեք բազմոցին՝ ոտքերը բարձր հենած պատին (ոտքերը գլխից բարձր դիրքով)։

Խորհուրդ N 6.- Սննդակարգում օգտագործեք P, E, C վիտամիններ պարունակող սննդամթերքներ, որոնք անհրաժեշտ են արյունատար անոթները առողջ պահելու համար։

Վիտամին P (ռուտին).- Հակաօքսիդանտ է, ունի մազանոթների պատերն ամրացնող հատկություն։ Ապահովում է անոթների պատերի էլաստիկությունը, նպաստում է այտուցներից ազատվելուն, ամրացնում է անոթների պատերը՝ չթողնելով, որ դրանք քայքայվեն։ Վիտամին P-ով հարուստ են ցիտրուսները, լոլիկը, կաղամբը, խաղողը, մասուրը, կանաչ թեյը, ընկույզը, ծովամթերքը։

Վիտամին E.- Այլ կերպ անվանում են նաեւ «երիտասարդության վիտամին»։ Ամրացնում է արյունատար անոթների պատերը, ապահովում է հյուսվածքների վերականգնումը եւ արյան նորմալ մակարդելիությունը, ինչպես նաեւ ամրապնդում է իմունիտետը։ E վիտամինով հարուստ են բուսական յուղերը, ոլոռը, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, ընկույզը, սպանախը, մառոլը, լոլիկը։

Վիտամին C.– Ամրացնում է անոթները, օգնում է ազատվել այտուցներից։ Վիտամին C-ով հարուստ են մասուրը, կանաչ պղպեղը, չիչխանը, սեւ եւ կարմիր հաղարջները, կիտրոնը, ցիտրուսները, կիվին, բրոկոլին, կաղամբը, հոնը, կանաչիները՝ մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Վերցնել 7 դափնու տերեւ, վրան լցնել 0,5 լիտր ջուր, ջրային բաղնիքում եփել 5 րոպե։ Լցնել թերմոսի մեջ, պահել 4 ժամ։ Խմել փոքր քանակներով օրվա ընթացքում օրը մոտ 2-2,5 ճ/գ։ Կատարել 3 օր։

Վերցնել 4 կիտրոն կեղեւով եւ 4 գլուխ մաքրած սխտոր, անցկացնել աղացով, լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ, վրան ավելացնել 2,5 լիտր եռման ջուր, փակել կափարիչով, թողնել մնա 4 օր սենյակային ջերմաստիճանում, որից հետո քամել։ Ընդունել 1 ճ/գ օրը 3 անգամ, ուտելուց հետո։

Վերցնել 0,5 լ օղի, 100 գրամ մինչեւ փոշենման զանգված մանրացրած դդումի կուտեր, խառնել, թողնել սենյակային ջերմաստիճանում 3 շաբաթ։ Ընդունել օրը 3 անգամ 1 ճ/գ, սոված փորին, 3 շաբաթ։

Հավասար քանակներով վերցնել առյուծագու, կատվախոտի արմատներ, արեւքուրիկի, մելիսայի տերեւներ։ Խառնուրդից վերցնել 2 ճ/գ, վրան լցնել 300 գրամ եռման ջուր, պահել 0,5 ժամ, որից հետո քամել։ Ընդունել 100 գրամ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Բուժման կուրսը` 1 շաբաթ։

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Դեղատոմսերը կազմված են ընդունված եւ բազմիցս փորձարկված արդյունքների հիման վրա: Բայց հիշեք, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմ ունի իր առանձնահատկությունը, ուստի առաջարկվող դեղատոմսերից, օգտվեք զգուշորեն, խորհրդակցելով բժշկի հետ:

Հոդվածը հրապարակվել է «TV ալիք» շաբաթաթերթի 31 օգոստոս – 6 սեպտեմբեր համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930