Aravot.am-ի զրուցակիցն է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
-Տիկին Զոհրաբյան, այսօր մամուլում տեղեկություն կար, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին եւ քննարկել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները։ Եղե՞լ է նման հանդիպում, թե՞ ոչ։
-Բնականաբար, չի եղել եւ գիտեք, իշխանության խոսափողները եւ ապատեղեկատվության գուրուները այլեւս դառնում են ողորմելի։ Սույն անհեթեթությունը, որը ակտիվորեն պտտեցնում են ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող ֆեյք-նյուզեր գեներացնող կայքերով ու սոցիալական հարթակներով՝ պարզ ապատեղեկատվություն է, սուտ։ Իսկ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի շուրջ ապատեղեկատվությունը, սուտը, կեղծիք ու զրպարտանք տարածելն ու գեներացնելը դարձել իշխանության թիվ մեկ խնդիրը, այն պարզ պատճառով, որ օրեցօր խորացող սոցիալական, տնտեսական, արժեհամակարգային խնդիրները անզոր լինելով լուծել, անցնում են կեղտոտ հակաքարոզչության եւ զրպարտանքի։ Այսօր ֆեյք-նյուզը դարձել է իշխանության հիմնական ու թերեւս միակ «բրոնեժիլետը», որով փորձ է արվում մանիպուլացնել հանրությանը։ Ծառուկյանը խոսում է հայկականությանը սպառնացող վտանգի մասին, խոսում է դպրոցներում, կրթական համակարգում խորացող ճգնաժամի, սոցիալական լրջագույն խնդիրների, գյուղացիական տնտեսությունների, փոքր եւ միջին բիզնեսի բազմաթիվ պրոբլեմների մասին, ադեկվատ փաստարկներ չունենալով, միացնում են պոպուլիզմի, դեմագոգիայի եւ ֆեյք-նյուզի ավտոմատ ռեժիմն ու գրոհի հանում ոչ միայն ֆեյքերի բատալիոնը, այլ նաեւ ժամկետանց ու քաղաքական մակուլատուրայի վերածված գործիչների։ Ոչ, նման հանդիպում չի եղել ու նշյալ ֆեյք տեղեկատվությունը՝ «հայկական բալիստիկ հրթիռները հենց նոր ռմբակոծեցին Նախիջեւանը» շարքից են։
-Տիկին Զոհրաբյան, վերջին շրջանում ԲՀԿ-ն ու հատկապես կուսակցության նախագահը կրկին հայտնվել են իշխանության տարբեր գործիչների ակտիվ քննադատության թիրախում, քննադատվում է նաեւ Ծառուկյանի հայտարարած առաջիկա հանրահավաքը, նշելով, որ դրանով դուք փորձում եք էժանագին դիվիդենտներ հավաքել։
Կարդացեք նաև
-Դե, բնական է, որ հանրային այլեւս շատ լուրջ դժգոհություններից շեղելու համար իրենք ընտրում են՝ «լավագույն պաշտպանությունը հարձակում է» մարտավարությունը։ Հիմա եթե իրենց թվում է, որ ֆեյքերին ու «սեքընդ-հենդ» գործիչներին բերելով առաջնագիծ` հանրության դժգոհությունների սլաքը շեղելու են, ասեմ, որ շատ են սխալվում։ Այո, մարդիկ այսօր սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, այո, մարդիկ այսօր լուրջ վտանգ են տեսնում հայկականության եւ մեր արժեհամակարգի աղճատման, այո, հանրությունը ուզում է ստանալ ադեկվատ պատասխան, թե էդ ինչպե՞ս է լինում, որ շատ կարճ ժամանակում իշխանությանը մերձ տարբեր պատգամավորներ, նախարարներ լուրջ սեփականությունների, անշարժ գույքերի տեր են դառնում։ Ու եթե իրենք կարծում են, որ անբարո հարձակումներով կարողանալու են էդ հարցերի պատասխանները թաղել, ասեմ, որ չի ստացվելու եւ ապօրինի հարստացման օրենքը, եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ չոքելու է իրենցից շատերի դռանը։
Ի վերջո, հանրությունը, որ երկու տարի առաջ մեծ սպասումներով փողոցներ էր փակում, լեգիտիմ իրավունք ունի ստանալու մեկ պարզագույն հարցի պատասխան՝ ինչո՞ւ իր կյանքում ոչինչ ոչ միայն չփոխվեց, այլեւ օր օրի ավելի է վատանում, իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչների ձեռք բերած սեփականությունների, անշարժ գույքերի, մեքենաների, կոռուպցիոն գործարքների մասին ամեն առավոտ «մի հետաքրքիր» տեղեկատվություն է հայտնվում։ Ի դեպ, իրենցից շատերը այդ փաստերը չեն էլ հերքում, այլ ընդամենը փորձում են պատասխանները լղոզելով՝ անցնել հակահարձակման։ Երբ մամուլը գրեց, որ կառավարական ամառանոցի վերանորոգման վրա անտրամաբանական գումարներ են ծախսվել, հիշո՞ւմ եք, թե ինչ ընդվզում բարձրացավ, թե ո՞նց եք համարձակվում սրբագույն մարդկանց կասկածել կոռուպցիայի մեջ, հիմա, որ արդեն ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցչին են կասկածում կոռուպցիոն գործարքների մեջ, էդտե՞ղ էլ է ընդդիմությունը մեղավոր։ Վերջին շրջանի համար մի տեսակ ակտուալ է սկսում դառնալ հայտնի անեկդոտը՝ «էդ որ բոլորդ սուրբ եք, բա եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»։
Էսպիսի արագությամբ ու դաժանությամբ մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, դրա համար, համաձայն եմ, հատուկ տաղանդ էր պետք։ Ու պարզվեց` այս մարդիկ էդ հատուկ տաղանդը ունեն։
– Տիկին Զոհրաբյան, հետեւելով Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումներին՝ Կոտայքի մարզի, այնուհետ Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ, իշխանության հրաժարականի ուղիղ պահանջ, որը հնչեցրել էր ավելի վաղ, կարծես չի հնչում: Ի՞նչն է պատճառը:
-Այդ հարցին ես եւ իմ գործընկերները քանիցս պատասխանել ենք եւ նորից պիտի կրկնեմ. այն, որ այս կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողել է եւ կառավարությունն ամբողջապես պետք է փոխվի՝ մնում է ուժի մեջ եւ պարտադիր չէ, որ Գագիկ Ծառուկյանն իր բոլոր հրապարակային ելույթներում կամ մենք, օրական մի քանի անգամ նորից դա կրկնենք: Մեր օրակարգում որեւէ փոփոխություն չի եղել:
-Տիկին Զոհրաբյան, ի՞նչ ընթացքի մեջ է ԲՀԿ նախագահի դեմ հարուցված քրեական գործերը: Ձեր թիմակիցները նաեւ նշում են, որ ԲՀԿ-ականների հանդեպ քաղաքական հետապնդումները շարունակվում են։
-Անկեղծ ասած, ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ո՞նց են փորձելու հաստատել Ծառուկյանի դեմ կեղծ մեղադրանքները։ Այն, ինչ արվում է Գագիկ Ծառուկյանի դեմ, դա իրավական ֆուտուրիզմի ժանրից է. մի օր էս ամենը մտնելու է իրավագիտության պատմության մեջ, թե ինչպե՞ս չի կարելի արդարադատություն իրականացնել։ Հետապնդումները մեր բազմաթիվ գործընկերների հանդեպ շարունակվում են ամենօրյա ռեժիմով բոլորս թիրախի եւ մանրադիտակի տակ ենք, բոլորիս վրա ինչ-որ գործեր են փնտրում, 24-ժամյա ռեժիմով գաղտնալսվում են մեր հեռախոսները, քթները 24 ժամ խոթում են մեր բոլոր օգտահաշիվների մեջ, բայց մենք բոլորս մեր ընտանիքներին վաղուց նախապատրաստել ենք, որ պատրաստ լինել ամեն ինչի՝ ստորագույն քայլերից մինչեւ յուրաքանչյուրիս ձերբակալությունը։ Էնպես որ, ոչ մի քայլ մեզանից որևէ մեկի համար անսպասելի չի լինելու։ Բայց մի բան հանկարծ չմոռանան՝ բումերանգի էֆեկտը, որը միշտ եւ բոլոր ժամանակներում գործել ու գործելու է անվրեպ։
-Ինչպես միշտ, հիմա էլ շատ է խոսվում թեժ աշնան մասին։ Ի՞նչ է անելու ընդդիմությունն ու ԲՀԿ-ն եւ որո՞նք են ձեր առաջիկա քայլերը։
-Մեր քայլերը գաղտնի չեն ու մենք թաքուն որեւէ բան չենք արել ու չենք անելու։ Մենք շարունակելու են Սահմանադրության եւ օրենքի բոլոր գործիքակազմն օգտագործելով` բարձրացնել հանրությանը հուզող խնդիրները, առաջարկել լուծումներ եւ անել հնարավոր ամեն բան՝ այդ խնդիրները լուծելու համար։
Իրավիճակը երկրում իրապես ծանր է ու բարդ, եւ չլուծված ու ամեն օր խորացող խնդիրների այս բեռով յուրաքանչյուր օրը աշխատում է Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացու դեմ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ