«ԱԳՆ-ի հայտարարություններն աննկատ չեն մնացել եւ արժանացել են Թուրքիայի նյարդային արձագանքին: Մենք միայն հայտարարություններով չենք բավարարվել: ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը շրջանառել է հայտագիր, որով կասեցվում են թուրք տեսուչների այցերը ՀՀ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով տավուշյան էսկալացիայի հետո Թուրքիայի՝ Ադրբեջանի գործողությունները եւ Արցախի հակամարտության վերաբերյալ վերջինիս մոտեցումները սատարող հայտարարություններին՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Սա օրինակ է, որ մեր հայտարարությունները նաեւ գործնական կիրառություն են ունենում»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությանը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է, Աննա Նաղդալյանը շեշտեց. «Մեր մոտեցումը հստակ է՝ Թուրքիան իր պահվածքով կարծես ցանկանա իրեն դրսեւորել որպես հակամարտության կողմ, ինչը նրա ապակայունացնող քաղաքականության հերթական արտահայտիչն է: Տպավորություն է, որ ՀՀ-ն շրջափակած եւ հայոց ցեղասպանությունն արդարացնող երկիրը փորձում է որպես տուժած կողմ հանդես գալ: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ: Միանշանակ է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ