Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել Ադրբեջանի ոչ միայն ԶՈՒ-ին». ԱԳՆ խոսնակ

Սեպտեմբեր 02,2020 12:42

«Վերջին շրջանում Ադրբեջանից խիստ իրարամերժ ազդակներ եւ հայտարարություններ են լինում, որոնց հիման վրա ենթադրում ենք՝ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել Ադրբեջանի ոչ միայն ԶՈՒ-ին, այլեւ՝ դիվանագիտական ներուժին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությանը, թե Ադրբեջանը մտահոգված է Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարմամբ, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Որքան էլ Ադրբեջանի դիվանագիտական ներուժի դեգրադացիան շարունակվի, հայկական կողմն այդ մակարդակին չի իջնելու: Ըստ ադրբեջանական կողմի վարկածի՝ երկկողմ դաշնակցային հարաբերություններ ունեցող ՀՀ-ն եւ Ռուսաստանը չպետք է սերտ համագործակցեն նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում: Գուցե բացահայտում անեմ Ադրբեջանի համար, բայց ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 90-ականներին: Տարակուսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը հենց այսօր է բացահայտել աշխարհաքաղաքական այդ իրականությունը»,-նկատեց Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ապագայում սպասվո՞ւմ է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, Աննա Նաղդալյանը նախ շեշտեց՝ ՀՀ-ն մշտապես պատրաստ է խաղաղ գործընթացի տրամաբանության մեջ հանդիպումներ ունենալ. «Ի գիտություն ենք ընդունել խաղաղ գործընթացի վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Ռուսաստան այցի ժամանակ: Իսկ երբ կլինեն հստակ ժամկետներ հանդիպման համար, կտեղեկացնենք: Հուլիսյան մարտերից հետո հայկական կողմը ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք հուլիսին հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առանցքային են ուժի կիրառման բացառումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը: Մեր գնահատմամբ՝ այդ մոտեցումներն առաջնահերթ են նաեւ ԵԱՀԿ-ի համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930