2020 թվականի առաջին հինգ ամիսներին միջազգային զբոսաշրջության ծավալները նվազել են կեսից ավելին, իսկ կորուստները կազմել են 320 միլիարդ դոլար։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց՝ Հայաստանում մոտ 30-40 հազար մարդ զբաղված է զբոսաշրջության ոլորտում:
«Եթե ոլորտը փլուզվի, եթե մենք չկարողացանք ժամանակին վերականգնում ապահովել, զգալի թվով գործազուրկներ կարող ենք ունենալ։ Ոչ միայն գործազրկություն կունենանք, այլև ոլորտի փլուզում, կարողությունների կորուստ։ Այնպես չէ, որ մարդիկ այսօր գնացին ոլորտից, հետո հեշտ կլինի նրանց նորից վերադարձնելը։ Իրենք գնալու են այլ տեղ աշխատանք գտնեն։ Զբոսաշրջային ոլորտի համար այսօր մարդկային ռեսուրսը ամենակարևորն է»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ոլորտը պահպանելուն զուգահեռ պետք է աշխատելու հնարավորություն ստեղծել, պետք է շատ արագ մտածել ոլորտի վերականգնման մասին․«Միջազգային զբոսաշրջության վերականգնման մասին մենք պետք է շատ արագ մտածենք։ Քայլերն արված են, պետք է կատարելագործել։ Պետք է միջազգային ավիափոխադրումները, կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնել։ Իհարկե, այս ամեն ինչը պետք է իրականացնել հանրային առողջությունը, անվտանգությունը պահպանելով»։
Կարդացեք նաև
Գալով ՀՀ օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքի հանմանը, Ապրեսյանը այն համարեց մեկ քայլ առաջ դեպի ոլորտի վերականգնում։ Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում, որը դեռևս պաշտոնական մակարդակով հստակեցված չէ։ Խոսքը կորոնավիրուսի թեստերի մասին է, որը երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիները պետք է անցնեն։ Ապրեսյանը առաջարկեց COVID-19-ի թեստավորումները, որոնք զբոսաշրջիկները պետք է անեն, իրականացնել հնարավորինս մատչելի գնային տարբերակներով։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: