Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Շատ ցավալի է, որ շախմատի աշխարհում արդար խաղի եւ համերաշխության հասկացություն չկա»

Սեպտեմբեր 02,2020 12:21

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որին երկու անգամ վստահվել է իրականացնել շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտերի գլխավոր մրցավարի պարտականությունները, վստահ է, որ ինտերնետը դեռ պատրաստ չէ այնպիսի խոշոր մրցաշարեր կազմակերպելու համար, ինչպիսին առնցանց օլիմպիադան է:

Սակայն մասնագետին ավելի շատ այլ բան է մտահոգում՝ շախմատիստների միջեւ համերաշխության բացակայությունը: «Ինձ համար ամենացավալին այն է, որ շախմատիստները միմյանց միջեւ սոլիդար չեն, շախմատային աշխարհում համերաշխություն չկա: Ասեմ, թե ինչ նկատի ունեմ: Բոլոր մարզաձեւերում կա արդար խաղ (fair play) հասկացությունը: Օրինակ՝ ֆուտբոլում, երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, մրցակիցը գնդակը խաղադաշտից դուրս է հանում: Կամ եղել է դեպք, երբ մրցավարը գոլը գրանցել է, իսկ դրա հեղինակը մոտեցել եւ ասել է, թե գոլը խփել է կանոնների խախտումով:

Օնլայն օլիմպիադայում Հնդկաստանի հետ քառորդ եզրափակչի առաջին մրցամարտին տեղի ունեցած միջադեպի պահով Հայաստանը բողոքարկեց եւ ապացուցեց, որ կապի խափանումը իր մեղքով չի եղել: Իմ պատկերացմամբ, հնդիկները, եթե մի փոքր շնորհք ունենային, մանավանդ, որ իրենց առաջնորդում էր Վիշվանաթան Անանդը, իրենք պետք է պնդեին, որ Հայկ Մարտիրոսյանի հետ պարտիայում դիրքը հավասար էր, պետք է ՖԻԴԵ-ին դիմեին, որպեսզի այդ պարտիայում եւ այդ օրվա մրցամարտում գրանցվեր ոչ-ոքի: Թող արդար, ազնիվ պայքարը շարունակվեր հաջորդ օրը եւ արժանիորեն հաղթեր ավելի ուժեղ հավաքականը: Ինձ հետաքրքրում է, թե իրենց որքանո՞վ է բավարարել, որ Հայաստանի հավաքականի նկատմամբ իրենց օգտին հաղթանակ գրանցվեց այդ ճանապարհով:

Ցավալին նաեւ այն է, որ նույն բանը կատարվեց իրենց հետ, սակայն հնդիկները չտուժեցին, այլ ընդհակառակը՝ ոսկե մեդալներ նվեր ստացան:

Նույն արդար խաղի գաղափարը չտեսանք նաեւ Ռուսաստանի հավաքականում, որովհետև Հնդկաստանի հետ եզրափակիչ մրցաշարը պիտի ավարտվեր ոչ-ոքի եւ անցկացվեր արմագեդոն: Միակ մարդը, որ այս խնդիրների շուրջ արտահայտվել է, Ռուսաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Կոստենյուկն է, որը հարց է տվել՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի հետ այլ կերպ վարվեցին»,-ասաց Աշոտ Վարդապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930