Լրահոս
Օրվա լրահոսը

Բացօթյա «Տրավիատան»՝ ի աջակցություն Բեյրութի

Սեպտեմբեր 02,2020 12:30

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերականգնմանը:

Հավաքված գումարը կկրկնապատկվի ՀԲԸՄ-ի կողմից:

Վերդիի ամենահայտնի այս փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են՝ միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) եւ Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):

Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյանը (Գաստոն), Աշոտ Ղանթարջյանը (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյանը (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյանը (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյանը (Անինա): Մասնակցում է նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր,արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը:

Սեփական լրատվություն

«Առավոտ» օրաթերթ
01.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել