Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի տրանսպորտային ցանցի համար 100 ավտոբուսի գնման մրցույթին մասնակցում են «Մուլտի մոթորս» եւ «Ռեգնում» ընկերությունները

Սեպտեմբեր 02,2020 14:00

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը (լուսանկարում՝ ձախից) Դավիթ Խաժակյանի հայտարարությունը, թե՝ քաղաքապետարանը հին գազելները նորերով է փոխարինում, ապատեղեկատվություն է համարում։

«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Կարապետյանն ասաց. «Պարոն Խաժակյանը, իրեն համարելով քաղաքական անձ, կարող է թույլ տալ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հայտարարություններ անել, որոնք իրականության հետ աղերս չունեն։ Մրցույթի հայտարարման օրվանից ի վեր՝ ցանկացած մեկը կարող է ուսումնասիրել չափորոշիչները եւ համոզվել, որ դրանք կարող են համապատասխանել մի շարք արտադրողների ավտոբուսների տեխնիկական բնութագրերին։ Առավել եւս, որ նույնիսկ ոչ սերիական արտադրության դեպքում արտադրողը կարող է իր ունեցած ընթացքային մասի վրա հավաքել Երեւանի քաղաքապետարանի մրցույթի պահանջներին համապատասխան շարժակազմ»։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը (լուսանկարում՝ աջից) ասել է, որ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի համար 100 նոր ավտոբուսների գնման մրցույթի չափորոշիչներն այնպես է գրել, որ հաղթի «գազելը»։ Մինչդեռ երեւանցիներին, ըստ պարոն Խաժակյանի, վստահեցնում էին, որ պետք է երեք չափի ավտոբուսներով փոխարինեին գազելները. «Մեզ ներկայացրել են ավտոբուսների չափանիշները՝ 18, 12 եւ 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ։ Վճարվել է այսպիսի տրանսպորտային ցանցի համար։ Չորս միկրոավտոբուսները փոխարինվելու էին մեկ միջին չափսի ավտոբուսով։ Մեզ վստահեցնում էին, որ միկրոավտոբուսների շահագործումը պետք է բացառեն, ու դրանք փոխարինվեն միջին ու մեծ ավտոբուսներով։ Մեզ երկու տարվա ընթացքում ասում էին՝ վերջ մահվան գազելներին, բայց նորից գազելներ են գնում։ Եթե քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ մրցույթ է հայտարարվել 100 ավտոբուսի համար, ապա պետք է ազնիվ գտնվի ու ասի՝ 18 մետրանոց ավտոբուսների մրցույթը չի կայացել»։ Պարոն Խաժակյանի ներկայացմամբ՝ երեկ 100 փոքր ավտոբուսի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, դրանց տեխնիկական բնութագրերից պարզ է դառնում, որ դրանք գազելներ են. «Մրցույթին մասնակցելու տեխնիկական բնութագրի պահանջներով՝ դրանք պետք է լինեն նվազագույնը 14 նստատեղով, մեկ սայլակի տեղավորվելու հնարավորությամբ, եւ չորս կանգնած ուղեւորով։ Այսինքն՝ առավելագույնը 17 նստատեղ՝ եթե մեկ դռնով ավտոբուս է։ Այսինքն, ի սկզբանե, քաղաքային իշխանության նպատակն է եղել գազել-սիթի մակնիշի մեքենաներ ձեռք բերել։ Տեխնիկական չափանիշներն էլ այնպես են գրել, որ մրցույթին ավտոբուս արտադրող այլ ընկերություններ չկարողանան մասնակցել։ Այսինքն՝ մրցույթը գրվել է այնպես, որ հաղթի գազելը։ Ընդամենը հին գազելները փոխարինում են նորերով»։

Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով պարոն Խաժակյանի այն պնդմանը, որ քաղաքապետարանը մրցույթն այնպես է գրել, որ հաղթի գազելը, ասաց՝ ոչ ոք չգիտի, թե ասենք՝ «Գազ» ընկերության ավտոբուսները ներկայացնող ընկերությունը կհաղթի, թե՝ ոչ, բայց քաղաքապետարանը ապրանքանիշ չի պատվիրել, այլ պատվիրել է պայմաններ եւ չափորոշիչներ ներկայացրել. «Քաղաքապետարանը պատվիրել է այնպիսի մեքենա, որ, եթե նստած ուղեւորներից բացի կանգնած ուղեւորներ լինեն, ապա մեքենայի բարձրությունն այնքան լինի, որ ուղեւորը հանգիստ կանգնի եւ բռնվելու տեղ ունենա, պատվիրել է այնպիսի մեքենա, որ ուղեւորը ստիպված չլինի մի քանի աստիճան բարձրանալ, նոր հայտնվի սրահում, այլ՝ անմիջապես ոտքը դնի ու սրահում հայտնվի։ Քաղաքապետարանը պատվիրել է ավտոբուս, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը սայլակով հանգիստ կարողանա մտնել եւ դուրս գալ»։

Հակոբ Կարապետյանը այլ չափանիշներ էլ ներկայացրեց՝ ավտոբուսի ներսում եւ դրոսում պետք է լինի էլեկտրոնային ցուցատախտակ, որպեսզի ուղեւորները տեղեկություն ստանան կանգառների մասին, օդափոխման համակարգ պետք է լինի, որը սրահում ամռանը եւ ձմռանը համապատասխան ջերմաստիճան կապահովի։

Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել «Մուլտի մոթորս» եւ «Ռեգնում» ընկերությունները, ըստ պարոն Կարապետյանի, ավտոբուսների գնման ընդհանուր արժեքը մոտ 2 միլիարդ դրամ է։ Մրցույթի մասնակից ընկերությունները հնարավոր է հենց ռուսական արտադրության ավտոբուսներ ներկայացնեն, կամ այլ երկրի արտադրության, կարեւորը՝ քաղաքապետարանի պահանջներին համապատասխան լինեն։

Իսկ Դավիթ Խաժակյանը մայրաքաղաքի տրնասպորտային ցանցի նորացման իր առաջարկն ունի՝ թողնել մեծամիտ վերաբերմունքն այս գործին եւ ներգրավել մասնավոր ընկերություններին՝ միասնական օպերատորներին, ցանկալի երկուսին եւ նրանց տալ երաշխիքներ, որ իրենց հետ չեն վարվի այնպես, ինչպես շատ ներդրողների հետ, եւ այդ երկու օպերատորներն էլ բերեն նոր ավտոբուսներ. «Իհարկե, դա շատ ժամանակ կպահանջի, բայց գոնե այս պահից սկսենք։ 100 ավտոբուսը կառավարության արտաքին պարտքով 25 միլիոն եվրո կարժենա։ Նոր տրանսպորտայի ցանցը նախատեսում է 900 ավտոբուս, կառավարությունը ի՞նչ ճոխություն պետք է թույլ տա, որ մայրաքաղաքի համար գնա եւ ավտոբուսներ բերի։ Բերեք մասնավոր ընկերություններին։ Բայց Մարությանը նախընտրում է, որ դա համայնքային գույք լինի, որպեսզի բենզինն էլ, ամեն ինչն էլ իրենք գնեն, ցանցն էլ ինքնուրույն կառուցեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930