Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, համաձայն որոնց նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։
Մասնավորապես, օրենքով նախատեսվում է սահմանել աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Դեռևս 2019 թվականի փետրվար ամսին սահմանված կարգով քննարկման էի ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի կամավորության սկզբունքով ստեղծել փրկարարական պահեստազորի համակարգ։
Փրկարարական պահաստազորի հիմնական նպատակը պետք է լիներ պատրաստել կամավորներ` հնարավոր խոշոր աղետների դեպքում փրկարար ուժերի պակասը լրացնելու և արհեստավարժ փրկարարական օգնություն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Գաղափարը լիազոր մարմնի կողմից, կարծես թե, հավանության արժանացավ, բայց այս մեկուկես տարվա մեջ որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ դեռևս չի կատարվել։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՊՆ-ը արդեն ունի կամավորական աշխարհազոր ստեղծելու մշակված նախագիծ, առաջարկում եմ աշխարհազորի գործառույթների մեջ ներառել նաև խոշոր աղետների դեպքում փրկարարական և աղետների հետևանքների վերացման աշխատանքների իրականացումը։
Այդ նպատակով աշխարհազորայինների պատրաստության պլանների մեջ անհրաժեշտ կլինի ներառել նաև փրկարարական աշխատանքների վերաբերյալ տեսական և գործնական պարապմունքներ ու վարժանքներ։
Որպես սթափեցնող օրինակ, ավելորդ չի լինի հիշեցնել մասնագետների այն ուսումնասիրությունների մասին, համաձայն որոնց 9 և ավելի բալ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի զգալի մասը ամբողջությամբ կամ մասնակի կփլուզվի:
Ակնհայտ է, որ այդպիսի մասշտաբային աղետների պարագայում փրկարարական աշխատանքներ իրականացնելու և աղետների հետևանքները վերացնելու համար փրկարարական ուժերը օբյեկտիվորեն չեն բավականացնի, իսկ Զինված ուժերի կամ այլ զորքերի մեծաքանակ ներգրավումը այդքան էլ նպատակահարմար չէ` հասկանալի պատճառներով։
Բացի դրանից, անհրաժեշտ մարդկային ռեսուրս ներգրավելը դեռևս բավարար չէ ցանկալի արդյունք ապահովելու համար, քանի որ այստեղ շատ էական է նաև նախնական մասնագիտական պատրաստվածությունը։
Հետևաբար, ըստ իս, աշխարհազորը կարող է հաջողությամբ պայքարել և արտաքին թշնամու դեմ, և միաժամանակ` բնական, տեխնածին ու մարդածին մասշտաբային աղետների դեպքում ներգրավվել անհրաժեշտ փրկարարական և աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին։
Հայկ Արամյան
Իրավագետ, քաղաքագետ