Այսօրվանից փոխվում է հագուստի մաքսազերծման մեթոդները, այլեւս կիլոգրամներով մաքսազերծում չի լինելու, այլ՝ հաշիվ-ապրանքագրերով։ Սա ԵԱՏՄ պահանջն է։
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այս պահանջին, գրել է, որ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Տեղեկատվության թերի հայտարարագրման դեպքում համապատասխան վարչարարություն կկիրառվի՝ բացահայտ իջեցված գներով, թերի փաստաթղթերով ապրանքներ մաքսազերծելիս կկիրառվեն մաքսային արժեքի որոշման այլ գործիքակազմեր՝ գնի ճշտում, գների բազայից օգտվել, վերջին մի քանի ամիսներում ներմուծված նույնանման ապրանքների գների հետ համադրում։ Այսինքն, նման դեպքերում մաքսայինը հսկիչ գներ է կիրառելու։
Այս նոր պահանջը խնդրի առաջ է կանգնեցրել Թուրքիայից հագուստ ներկրողներին, քանի որ ՀՀ-ն Թուրքիայի հետ որեւէ տեսակի հարաբերություններ չունի, հետեւապես այս երկրից հագուստ ներմուծողները չեն կարողանալու հաշիվ-ապրանքագիր ներկայացնել։ Իսկ սա նշանակում է, որ նրանց ապրանքը մաքսազերծվելու է հսկիչ գներով։
Հագուստի մանրածախ առեւտրով զբաղվող, գործարար Էմիլ Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ մաքսայինն է որոշելու, թե ներմուծողի տվյալ ապրանքը ինչ արժե, որոշելու է իրենց բազայում առկա գներով․«Այսինքն, գները որոշելու են կոդերով, թե տվյալ ապրանքը ինչ կոդի տակ է, ասենք՝ տաբատ, վերնաշապիկ, զգեստ եւ այլն։ Չգիտեմ՝ գներն ինչպես են պարզելու, որովհետեւ Թուրքիայում, օրինակ՝ միատեսակ վերնաշապիկը կարող է լինի ասենք՝ մեկ դոլարից մինչեւ հիսուն դոլար»։
Կարդացեք նաև
Էմիլ Մկրտչյանի ներկայացմամբ՝ մինչ օրս, երբ Թուրքիայից ապրանք էր ներմուծում 1 կիլոգրամը 25 դոլարով էր մաքսազերծում, 1 կիլոգրամի բեռի համար 80 ցենտ էլ բեռնափոխադրողին էր վճարում․«Օրինակ՝ սովորական ջինսը 600-1200 դրամ էր արժենում՝ 1 կիլոգրամի մաքսազերծումը։ Այս նոր մեթոդով մաքսազերծման դեպքում, մեր մոտավոր հաշվարկներով կրկնակի ավելանալու է մաքսազերծման արժեքը»։ Սա, իհարկե, հանգեցնելու է իրացման շղթայում գների բարձրացման։ Մկրտչյանն էլ նույն կարծիքին է՝ ներմուծողները ստիպված ապրանքը թանկացնելու են․«Միանգամից թանկանալու է, այն էլ այս կորոնավիրուսի համավարակի պայմաններում սա բացասական է ազդելու։ Գոնե Չինաստանի հետ ճանապարհները բացեն, որպեսզի կարողանանք այնտեղից ինվոյսային գնով ապրանք բերենք։ Թե չէ,, հիմա մարդկանց փակուղու առաջ են կանգնեցնում»։
Թուրքական ապրանքների թանկանալու դեպքում, հնարավոր է սպառման ծավալները նվազեն։ Էմիլ Մկրտչյանն այս առնչությամբ ասաց․«Մեր հաշվարկներով Թուրքիայից հագուստ ներմուծող եւ մանրածախ շուկայում իրացնող անձանց թիվն՝ իրենց աշխատակիցներով, մոտ 100-150 մարդ է, այսքան մարդ է ներգրավված այդ գործի մեջ։ Հիմա, եթե մաքսազերծման այս պայմանները բացասական ազդեն՝ այս մարդիկ ի՞նչ են անելու, խնդիր է լինելու»։
Մկրտչյանը կասկածներ ունի, որ մաքսազերծման գործընթացում հերթեր կուտակվեն ու խնդիրներ առաջանան․«Շաբաթական մի քանի ֆուռ մեքենա է գալիս, ամեն ֆուռը 20 տոննա։ Այդքան բեռն ամեն շաբաթ ո՞նց են հասցնելու հաշվել ու ամեն մեկի ապրանքը ժամանակին տան, որ հերթեր չգոյանան, ինչպես են կազմակերպելու, դեռ ոչ ոք չի պատկերացնում այս գործընթացը։ Հուսանք կմտածեն հեշտ ընթացակարգ սահմանեն։ Ես կարծում եմ դժգոհության մեծ ալիք է բարձրանալու։ Այս շաբաթվանից պատվեր չեմ անում, մինչեւ հասկանամ՝ ինչ է լինելու, ինչպես են մաքսազերծում ու ինչ գներով»։
ԵԱՏՄ պահանջներով նոր մաքսազերծման պայմանների դեպքում կեղծ բրենդային հագուստ այլեւս հնարավոր չի լինի ներմուծել, եթե որեւէ մեկը համարձակություն ունենան, եւ ասենք՝ տաս դոլարանոց Զիլլի բրենդի հագուստ ներմուծի, հավանաբար խիստ կփոշմանի, քանի որ այն մաքսազերծվելու է օրիգինալի գներով։ Բայց, քանի որ կեղծ բրենդային ապրանքների ներմուծումն ու իրացումն ՀՀ-ում արգելվում է, ապա մաքսավորները, եթե դրանք բացահայտեն, ապա, ըստ օրենքի, պետք է առգրավեն եւ ոչնչացնեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ