Հայկական ավիացիոն շուկա մուտք է գործել նոր ավիափոխադրող՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը: Այն պլանավորում է իրականացնել չվերթեր դեպի ՌԴ՝ Մոսկվա, Սոչի, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Կալինինգրադ, Մերձավոր Արևելք՝ Դամասկով, Թել Ավիվ, եվրոպական քաղաքներ՝ Պրահա և Մարսել։
Aravot.am-ը «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության տնօրեն Նորբերտ Վինկլերի հետ զրույցում փորձեց պարզել՝ ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեն և ի՞նչ նոր ասելիք ունեն հայկական ավիացիոն շուկայում: Նորբերտ Վինկլերից հետաքրքրվեցինք՝ իր առաջի՞ն այցն է Հայաստան, նախկինում ՀՀ-ի հետ ի՞նչ առնչություն է ունեցել, նա պատասխանեց. «Նախկինում այցելել եմ Հայաստան, սակայն իմ այդ այցը կապված էր դժբախտ իրադարձության հետ։ Բոլորս լավ հիշում ենք 1988-ի Սպիտակի երկրաշարժը: Այդ ժամանակ ես եկել էի Հայաստան՝ որպես օդաչու և տեղափոխում էի դեղորայք և սարքավորումներ։ Իմ՝ այժմյան ՀՀ այցը կրկին կապված է ավիացիայի հետ, սակայն այս անգամ կրում է աշխատանքային բնույթ»:
Ըստ ավիաընկերության տնօրենի՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի»-ի գերագույն նպատակը անվտանգ և հուսալի թռիչքներն են. «Մենք կցուցաբերենք այնպիսի սպասարկում, որը միայն կգոհացնի մեր հաճախորդներին»։ Ավիաընկերության պաշտոնական կայքէջում նշված է, որ իրականացվելու են ոչ միայն ավիափոխադրումներ, այլև բեռնափոխադրումներ:
Հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է ասել, որ ավիաընկերության գործունեությունը Հայաստանի համար կարող է լուծել ևս մեկ ռազմավարական խնդիր, տնօրենը պատասխանեց. «Այո, Ֆլայ Արմենիա Էյրվեյզը իրականացնելու է ուղևորափոխադրումներ ու բեռնափոխադրումներ և միտված է զարգացնել ու բարելավել հայկական ավիացիան: Որպես հայկական ավիափոխադրող՝ մենք մեր առջև նպատակ ենք դնում ստեղծել այնպիսի մի ավիաընկերություն, որով յուրաքանչյուր հայ կհպարտանա»։
Մեր հարցին՝ ե՞րբ է ավիաընկերությունը պատրաստվում սկսել թռիչքները, Նորբերտ Վինկլերը պատասխանեց. «Այս պահին մեր ընկերությունն ամբողջությամբ ներգրավված է թռիչքների նախապատրաստական աշխատանքների մեջ. ստացել ենք ICAO և IATA կոդերը, վերջինիս մասով թարմացումները շուտով կարտացոլվեն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) պաշտոնական կայքում։
Ինչ վերաբերում է փաստացի թռիչքներն իրականացնելուն, այն կախված է արտակարգ իրավիճակից, որի ավարտվելուն պես մենք պատրաստ կլինենք սկսել ավիատոմսերի վաճառք»։
Ավիաընկերության կայքէջում հատուկ շեշտադրում կա նաև հայկական սփյուռքի հետ կապված: Այս առիթով Նորբերտ Վինկլերն ասաց. «Այո, սփյուռքը մեր թիրախներից մեկն է, քանի որ բացի ՀՀ-ում ապրող 3 միլիոն հայերից, կա նաև ամբողջ երկրագնդով սփռած 9 միլիոն հայություն։ Հետագայում մենք պլանավորում ենք ընդարձակել ուղղությունների ցանկը և ունենալ թռիչքներ նաև ԱՄՆ և Չինաստան»։
Դիտարկմանը, քանի որ պլանավորում են թռիչքներ նաև եվրոպական քաղաքներ, Հայաստանի՝ «սև ցուցակում» գտնելու հանգամանքը չի՞ խոչընդոտելու ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա, Նորբերտ Վինկլերը պատասխանեց. «Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար մենք ունենք պայմանագիր, որի միջոցով սկզբնական շրջանում մենք կունենանք հնարավորություն Եվրոպա թռչելու։ Բայց երկարաժամկետ հեռանկարում մենք ունենք նպատակ անցնել EASA-ի աուդիտը և ձեռք բերել համապատասխան թույլտվություն, որը մեզ հնարավորություն կտա իրականացնել չվերթներ դեպի Եվրոպա»։
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Luftansa Group-ի նախկին անձնակազմի ներկայացուցիչները, որոնք լինելու են Ֆլայ Արմենիա Էյրվեյզի ղեկավարների շարքում, առաջին անգամ այցելել են ՀՀ։ Եվրոպական առաջատար ավիաընկերության անձնակազմի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի մասին մեր զրուցակիցը մանրամասնեց. «Մենք ունենք կարևոր թիրախներ, որոնք կապված են թռիչքների անվտանգության և հուսալիության հետ։ Այդ նպատակներն իրականացնելու համար մենք ներգրավում ենք եվրոպական մեծագույն ավիաընկերության՝ 40 տարվա փորձ ունեցող մասնագետներին՝ վերգետնյա սպասարկման, ընկերության գործունեության փորձագետներ և այլն։ Այսպիսով՝ մենք ներդնելու ենք ավիացիայի եվրոպական բարձր ստանդարտները «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» գործունեության մեջ։ Մենք արդեն իսկ ունեցել ենք հանդիպում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և մեր կազմակերպության եվրոպական մասնագետների միջև, ծանոթացել և ներկայացրել ենք մեր ծրագրերը։ Մեր անձնակազմը ներդնելու է իր ամբողջ փորձն ու գիտելիքները՝ ստեղծելու կայուն զարգացող ավիաընկերություն, որը կարճ ժամանակում ձեռք կբերի վստահություն»:
Այս հանդիպման մասին որևէ տեղեկություն չգտանք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) պաշտոնական տեղեկատվական հարթակներում: Aravot.am-ը գրավոր հարցմամբ ՔԱԿ-ից հետաքրքրվեց՝ եղե՞լ է հանդիպում Ֆլայ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության արտասահմանյան թիմի հետ և ինչո՞ւ կոմիտեի կողմից չի եղել ոչ մի անդրադարձ։ ՀՀ ՔԱԿ նախագահի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը մեր հարցմանը գրավոր պատասխանեց. «Հայտնում ենք Ձեզ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների, այդ թվում «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության հետ, որոնց ընթացքում քննարկվում են օդանավ շահագործողների գործունեության հետ կապված ընթացիկ, ինչպես նաև ընկերությունների զարգացմանը միտված հարցեր: Հաշվի առնելով, որ վերոնշյալ հանդիպումները կրում են աշխատանքային բնույթ և լինում պարբերաբար, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նմանատիպ հանդիպումների վերաբերյալ հրապարակումներ չի անում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ