Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպառնում են՝ արյունահեղություն կլինի, մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, վարկային բեռի տակ են, արտագաղթը մեծացել է. Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները՝ Փաշինյանին ու ոստիկանապետին

Սեպտեմբեր 01,2020 18:55

Եթե մարդն ուզում է վերականգնել իր աշխատանքային իրավունքը, ի՞նչ է նշանակում արյունահեղություն կլինի. Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել

«Սարավանը դատարկվում է եւ գյուղից արտագաղթը շարունակվելու է այնքան ժամանակ՝ մինչեւ որ աշխատատեղեր չլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սարավանի բնակիչ Զառա Գեւորգյանը: Նա ցավով է նշում, որ գյուղից հեռանում են ոչ միայն մասնագետներն այլեւ՝ անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվող բնակիչները, որոնք իրենց չարչարանքից եկամուտ չստանալով՝ ստիպված են օտար ափերում կամ՝ խոշոր քաղաքներում ապրուստ որոնել: Զառա Գեւորգյանը նույնպես Սարավանի երիտասարդ մասնագետներից է, որն արդեն երկու տարուց ավելի է Ամուլսարի ոսկու հանքի աշխատանքների դադարեցման պատճառով անգործ է: Զառա Գեւորգյանն էլ է միացել Ամուլսարի հարակից համայնքների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ ոստիկանապետին ուղղված հարյուրավոր բնակիչների դիմումին՝ պահանջելով «վերացնել Ամուլսարի շուրջ ստեղծված ապօրինությունն ու համայնքներում տիրող վախի մթնոլորտը», որն, ըստ բնակիչների, ձեւավորվել է ակտիվիստ-ցուցարարների սպառնալիքների պատճառով:

«Գրեթե 2 տարի է ապօրինաբար փակ են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները: Համայնքի բնակիչները վարկային բեռի հետ կապված խնդիրներ ունեն, արտագաղթը մեծացել է շրջակա համայնքներից եւ բոլորը Ամուլսարի չաշխատելու հետեւանքով: Սարավանում միակ աշխատատեղը համայնքապետարանն է եւ դպրոցը, որտեղ 15-20 աշակերտ կա: Բնակիչները անասնապահությամբ են զբաղված, բայց դա եկամուտ չի ապահովում գյուղացու համար, ամեն անգամ մթերման խնդիրներ են լինում, սպառում չկա: Ի՞նչ է նշանակում այդքան ժամանակ ապօրինի փակ պահել հանքի ճանապարհը իսկ կառավարությունը աչք փակի նրանց գործողություններին: Ասում են՝ բնապահպաններ ենք, բայց նրանք ցուցարար-ակտիվիստ են, որոնք գործում են անօրինական, իրենց կամքն են թելադրում: Սպառնում են՝ արյունահեղություն կլինի: Եթե մարդն ուզում է վերականգնել իր աշխատանքային իրավունքը, ուզում է գնալ աշխատանքի, ի՞նչ է նշանակում արյունահեղություն կլինի: Նրանք արդեն անգամ կանանց վրա են պատրաստ ձեռք բարձրացնել, սա արդեն կառավարության, ոստիկանության անգործության վերջին աստիճանն է»,-ասաց Զառա Գեւորգյանը: Նա իր եւ հանքում աշխատել ցանկացող բնակիչների անունից վարչապետին եւ ոստիկանապետին կոչ է անում օրինականությունը վերականգնել: Նրա խոսքով, Սարավանը փոքր համայնք է, բայց արդեն 55 բնակիչ ցանկություն է հայտնել հանքում աշխատելու:

«Մենք պարոն վարչապետին շատ սիրում եւ հարգում ենք, բայց մենք օրինական երկրում ենք ապրում: Մենք պետք է ապրենք ապահով Հայաստանում, պաշտպանված լինենք: Մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, մարդիկ կան, որ անգամ վախենում են խոսելուց: Ասում են՝ բա որ գան՝ հաշվեհարդար տեսնեն: Վարչապետին, ոստիկանապետին խնդրում ենք այս ապօրինությանը վերջ դնել եւ, եթե օրենք են խախտում, իրենց պատիժը ստանան: «Լիդիան Արմենիան» ներդրում է բերել Հայաստան եւ բարձր մակարդակով իր գործը կատարում է, այսպիսի խնդիրների դեպքում որեւէ ներդրող չի ցանկանա գալ մեր երկիր, որովհետեւ ներդրողի իրավունքները պաշտպանված չեն: Արտագաղթն ինչի՞ պատճառով է լինում, ինչո՞ւ պետք է մասնագետները թողնեն գյուղը հեռանան: Ակտիվիստները խոսում են ՇՄԱԳ-ի փաստաթուղթը չեղյալ հայտարարելու մասին, որը բարձր մակարդակով է կատարվել, բայց մյուս հանքերի դեպքում նման պահանջ չեն դնում, այս ամենը խոսում է երկակի ստանդարտների մասին»:

«Ամուլսարի Հանք» նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ Ամուլսարի շրջակա համայնքները կորոնավիրուսի հետեւանքով շատ խոցելի իրավիճակում են հայտնվել եւ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ են կանգնել:

«Համայնքն այս պահին աշխատատեղերի խնդիր ունի: Ամուլսարի հանքի շահագործումը բնակիչների համար աշխատանքի հարցը լուծելու հնարավորություն էր: Աշխատանքը սովորական չէ, բարձր վարձատրվող աշխատանք է եւ 1000-1500 մարդ պիտի աշխատեր հանքում: Պատկերացրեք՝ մուլտիպլիկատիվ ինչ արդյունք էր լինելու: Մենք ակնկալում ենք խնդրի դրական լուծում, այլ կերպ չենք էլ պատկերացնում այս հարցի լուծումը, քանի որ ներդրումներն արված են, այս պահին ընթանում են աշխատակիցների ներգրավման աշխատանքներ: Ամուլսարի հարակից համայնքներից արդեն 500 բնակիչ դիմում է գրել: Հետագայում՝ ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում, հանքում մոտ 2000 մարդ է աշխատելու՝ բարձր վարձատրությամբ»,-ասում է Նարեկ Հովհաննիսյանը: Ինքն էլ Գնդեւազ համայնքի բնակիչ է եւ որեւէ կերպ չի հասկանում կառավարության կրավորական պահվածքը.

«Մենք չենք հասկանում ունե՞նք կառավարություն թե՝ ոչ: Որեւէ ձեւով մեզ պաշտպանված չենք զգում: Երկու տարուց ավել է՝ խնդիրը կա: 15-20 հոգի բոլորին վախեցնելով փակ են պահում հանքի ճանապարհները եւ փորձում են ներկայանալ համայնքի անունից, բայց նրանք որեւէ կերպ չեն ներկայացնում համայնքի շահերը: Հօգուտ հանքի շահագործմանը խոսք ասողներին սպառնում են, վախեցնում են: Ոստիկանության պահվածքն էլ գալիս է ընդհանուր պետության պահվածքից: Ամեն անգամ կռիվ է լինում, գնդեվազցիներին ծեծում են, իսկ այդ ամենը պատկան մարմինները չտեսնելու են տալիս: Մարդկանց անվադողերի տակ մեխ են գցում, որ չկարողանան հասնել աշխատավայր: Սա ի՞նչ անպատժելի իրավիճակ է: Ամուլսարի ծրագիրը լուրջ, ներդրումային ծրագիր է եւ եթե կառավարությունն ուզում է դուրս գալ այս իրավիճակից, պետք է օրինականության սահմաններում գործի»:

Նարեկ Հովհաննիսյանի խոսքով, տնտեսական այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է հանքի շահագործումը, քանի որ տուրիզմից եկամուտներ ստացող տարածաշրջանը կանգնել է փաստի առաջ եւ տուրիզմի ոլորտին մի բան էլ կառավարությունն է սուբսիդավորում, որ գոյատեւի. «Հյուրանոցները դատարկ են, փողոցները դատարկ են: Որեւէ ձեւով չի կարող տուրիզմն իրեն արդարացնել: Եթե նույնիսկ տուրիզմը վերականգնվի էլ, ապա մի քանի հոգի են դրանից շահում: Մենք՝ հասարակ ժողովուրդս, նորմալ աշխատանք ենք ուզում:
Բայց որեւէ մեկս չենք ուզում՝ տուրիզմը վերանա Ջերմուկում, տուրիզմի ոլորտն ու հանքարդյունաբերությունն իրար հետ համատեղելի են: Մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում կա դրա փորձը: Մենք էլ փորձել ենք տուրիզմի ոլորտը համատեղել հանքարդյունաբերության հետ: Իրենք դա են ընտրել՝ թող այդ ուղղությամբ շարժվեն: Իսկ ի՞նչ անեն հազարավոր երկրաբանները, հազարավոր հանքագործները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930