Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները:
Օրեր առաջ տեղեկացրել ենք այն մասին, որ «Դվին» հյուրանոցի «Մյուզիք Հոլլ» սրահում և «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը: Երկու միջոցառումների կապակցությամբ էլ ՍԱՏՄ տեսուչները կազմել էին արձանագրություններ, որոնց հիման վրա այդ տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով:
Կասեցումներ եղել են նաև մարզերում:
ՍԱՏՄ մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել է ամենատարբեր խախտումներ՝ թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները:
Այդ օբյեկտների կապակցությամբ ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն:
Կարդացեք նաև
Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն: Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցեր ու կրկնայցեր լինելու են և՝ անակնկա՛լ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին