Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան հրաժեշտ է տալիս կաթնատամին, բայց մշտական ատամը չի ծկթում. ի՞նչ անել. մասնագետի խորհուրդներ (տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2020 17:42

Այս խնդիրը վերջին շրջանում շատ է սկսել անհանգստացնել ծնողներին: Մասնագետների հետ զրույցում պարզվեց, որ անգամ եղել են դեպքեր, երբ գենետիկորեն ընդհանրապես մշտական ատամի սաղմ չի եղել երեխայի մոտ:

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը` մայրիկ» խորագրի ներքո «Ֆրանս մեդ» բժշկական կենտրոնի բժշկուհի Նարինե Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր է սա, արդյոք վերջին տարիների՞ն է մեծ տարածում գտել: Նա ասաց. «Այն, ինչ ուսանելու տարիներին սովորում էինք դասագրքերով՝ ատամների ծկթման ժամկետների հետ կապված, հիմա այդ նորմայի դիապազոնը փոխվել է: Կարող է նկատվել երեխաների աճի աքսելերացիա՝ բարձրացում, արագ են աճում, մեծանում, փոխում ատամները և կարող է դանդաղեցված աճ լինել երեխաների մոտ: Կան մի շարք գործոններ. էվոլյուցիոն փոփոխություններ, փափուկ սննդի օգտագործում, գենետիկ նախատրամադրվածություն, համակարգչի դիմաց անընդհատ լինելը, սննդի, վիտամինի դեֆիցիտի հետևանքով կարող է լինել ատամների դանդաղեցված ծկթում: Դրանք բազմապատճառային ֆունկցիաներ են, ինչն, իհարկե, ամեն երեխայի մոտ և ամեն օրգանիզմում անհատական է»:

Ըստ մասնագետի՝ սա կարող է որոշվել միայն ստոմատոլոգի մոտ կոնսուլտացիայից, ռենտգեն պատկերի հետազոտությունից հետո: Նրա վստահեցմամբ՝ կան դեպքեր, երբ պետք է համագործակցել էնդոկրինոլոգի, մանկաբույժի հետ, արյան ընդհանուր անալիզ հանձնել հասկանալու համար՝ երեխան ունի կալցիումի, վիտամինի դեֆիցի՞տ, թե՞ հորմոնալ փոքրիկ շեղումներ, որպեսզի դրանք նորմայի բերվեն ու ատամների ծկթումը, ոսկրային աճն ակտիվացվի: Այս առիթով Նարինե Միրզոյանն իր պրակտիկայից օրինակ բերեց. «Հաճախ լինում են 10-11 տարեկան երեխաներ, որ արդեն բավականին մեծ թվով մշտական ատամներ պիտի ունենային ատամնաշարում, բայց անգամ չեն փոխել կաթնատամ-սեղանատամները: Սա անհատական է. ախտորոշումը, պատճառը դրվում է միայն բազմաթիվ և բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններից հետո, քանի որ գործ ունենք ոչ միայն բերանի խոռոչի, այլև ամբողջ օրգանիզմի և օրգան համակարգերի հետ»:

Բժշկուհին նշեց, որ գրանցվում են նաև կաթնատամի վաղաժամ հեռացումներ կարիեսի բարդությունների, թարախակալվելու, բորբոքվելու, վարակների հետևանքով. «Այդ պատճառով կաթնատամը վաղաժամ հեռացվում է: 4-5 տարեկանի մոտ հեռացվում է կաթնատամ-սեղանատամը, որը երեխան պիտի փոխեր 8-9 տարեկանից սկսած: Նման դեպքում, երբ վաղաժամ հեռացում է կատարվում, տեղադրվում է տեղի պահպանիչ, որպեսզի շրջակա երկու կողային ատամները չտեղաշարժվեն  դեպի բաց տարածություն և չփակեն մշտական ատամի համար տարածություն: Տեղի պահպանիչը պահպանում է տեղը ծնոտում՝ մշտական ատամի ճիշտ ծկթելու համար: Այն կազմված է օղակից և ձողից. օղակն ամրացվում է ամենահետին ատամին, այսինքն, որ ատամը բացակա է, իր կողմի հետին ատամին, իսկ ձողը գնում է դեպի առաջնային ատամ: Ֆիքսվում է հատուկ նյութով, ինչը հեռացվում է միայն այն ժամանակ, երբ արդեն տարիքը և ատամի ծկթման ժամանակը մոտեցել է»:

Հետաքրքրվեցինք՝ առավելագույնը որքա՞ն ժամանակ պետք է ծնողը սպասի հիմնական ատամի ծկթման համար, որից հետո անհանգստանա, Նարինե Միրզոյանը պատասխանեց՝ դա նույնպես անհատական է. «Երբեմն ատամը ֆիզիոլոգիական իր շարժունակությունն արդեն ունենում է. երեխան ինքն է հեռացնում ատամը, բայց մշտականը շատ դանդաղ է ձևավորվում. այսինքն՝ մոտ երեք-վեց ամիս հետո նոր մշտական ատամը ծկթում է:  Նման դեպքերում այցելում են ստոմատոլոգի, կատարվում է ռենտգեն հետազոտություն հասկանալու՝ ինչ-որ խոչընդոտ կա՞, որ ատամը դժվարությամբ է ծկթում, ինչ-որ օտար մարմին: Երբեմն ատամը սերտաճած է լինում ոսկրին, լինում են դեպքեր, երբ երեխան ունենում է կաթնատամ, բայց գենետիկորեն ի սկզբանե մշտական ատամի սաղմնադրումը չի լինում: Դրա համար էլի միայն ռենտգեն պատկերով կարող ենք նման ախտորոշում դնել, որ երեխայի մոտ այսինչ ատամների բացակայություն կա, և պետք է հասկանալ հետագա բուժումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930