Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան․ Եթե համարում ենք, որ հաղորդակցումը պետք է լինի առանց դիմակների, ուրեմն՝ պետք է բոլորի վրա տարածվի

Սեպտեմբեր 01,2020 17:31

Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին խնդրեց անդրադառնալ պարետի որոշմանը, ըստ որի մի շարք պաշտոնյաների համար արարողակարգային միջոցառումների ժամանակ պարտադիր չի լինի դիմակ կրելը։

«Բնական է, որ աստիճանաբար պարետի որոշումները այնպիսինն են, որ հանում են մի շարք սահմանափակումներ, և այս տրամաբանության մեջ շատ բնական է, որ նման որոշում կարող են կայացնել։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ եթե ձևաչափի ընտրության հարցում, այսինքն՝ կա միջոցառում, կան հանդիսականներ և կան ելույթ ունեցողներ, պարետը և որոշում կայացնողները համարում են, որ կարելի է և դիմակ չկրել, այսինքն՝ անվտանգ կարող է լինել նման հաղորդակցումը, բնականաբար, դա պետք է տարածվի այս ձևաչափով բոլոր մասնակիցների վրա, այսինքն՝ կապ չունի՝ կլինի բարձրաստիճան պաշտոնյա, թե կլինի, օրինակ, համալսարանի դասախոս, որը կունենա հանդիսականներ, ինքը ևս պետք է հնարավորություն ունենա հանդես գալու առանց դիմակի, որովհետև ձևաչափը, ըստ էության, թույլ է տալիս։ Եթե մենք դա տարածում ենք միայն պաշտոնյաների վրա, դա արդեն խտրական մոտեցում է»,- ասաց նա։

Անի Սամսոնյանը նշեց, որ կարող էին հարց բարձրացնել, թե ինչով են պակաս նաև այլ պաշտոնյաները, օրինակ՝ պատգամավորները, որոնք կարող են հանդես գալ որևէ լսարանի առջև․ «Բայց դա կարծում եմ նույնպես խտրական մոտեցում կլինի նման հարց բարձրացնել, թե ինչու միայն այս պաշտոնյանները, որովհետև այստեղ պաշտոնյայի հարցը չի, այստեղ ձևաչափի ընտրության հարցն է։ Եթե մենք համարում ենք, որ հաղորդակցումը պետք է լինի առանց դիմակների, և դա անվտանգ է, ուրեմն՝ դա պետք է բոլորի վրա տարածվի։ Պատկերացրեք՝ պարետը որոշում ընդուներ տաղավարների վերաբերյալ, որ տաղավարներում հաղորդավարները և ելույթ ունեցողները, եթե միայնակ են կարող են դիմակ չկրել։ Եվ պատկերացրեք, որ այդ սահմանափակումները լինեին հանրային մի շարք անձանց համար և ոմանց համար չհանվեր։ Այսինքն՝ եթե եթերում ելույթ է ունենում բարձրաստիճան պաշտոնյա, նա կարող է լինել դիմակի, եթե եթերում միայնակ ելույթ է ունենում իքս լրատվամիջոցի հաղորդավարը, ինքը պետք է լինի դիմակով։ Այստեղ է խտրականությունը։ Այսինքն՝ ինչպես մինչև այսօր անվտանգության բոլոր կանոնները համաճարակի վերաբերյալ հավասար են եղել բոլորի համար, ըստ էության, եթե մենք հանում ենք սահմանափակումները, դրանք ևս պետք է հավասար լինեն բոլորի համար, և որևէ մեկը արտոնյալ կարգավիճակում չպիտի լինի»։

Իսկ հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր էր արտակարգ դրության պայմաններում՝ համաճարակի այս փուլում, ընդունել նման որոշում, երբ կարող է նաև կորոնավիրուսի երկրորդ ալիքը բարձրանալ, Անի Սամսոնյանը պատասխանեց․ «Եթե մենք, օրինակ, հիմա դիտարկում ենք արտակարգ դրության պայմաններում պաշտոնյաների վարքագիծը, մենք հասկանում ենք, որ որևէ երկրորդ ալիքի կամ այլ վտանգի մասին խոսակցությունները կարող են լինել չափազանցված։ Արդեն լուրեր են տարածվում, և արդեն կա նաև պաշտոնապես, որ COVID կենտրոնները փակվում են, օրինակ՝ Գյումրիի և Սպիտակի COVID կենտրոնները փակվում են։ Եվ նաև ես գիտեմ, որ բոլորին է հրահանգված աստիճանաբար այդ կենտրոնները փակել։ Հետևաբար՝ մենք հանգում ենք այն եզրակացության, որ այս պահին կարելի է հանել այդ սահմանափակումները, և կարողանան մարդիկ նորմալ աշխատել, նորմալ գործունեություն իրականացնել, ինչը շատ կարևոր է այս պայմաններում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930