«Ստեղծված իրավիճակում՝ և՛ տարածաշրջանային, և՛ գլոբալ, արտաքին քաղաքականությունը պետք է ավելի հստակ և առանց սեթևեթելու արտահայտի Հայաստանի ազգային օրակարգը: Խուճուճ ձևակերպումները, չափից ավելի դիվանագիտական, արարողակարգային լեզուն, կարծում եմ, այն լեզուն չէ, որով պետք է արտահայտել ստեղծված իրավիճակում Հայաստանի և հայկական շահերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ «Ինտերֆաքս» գործակալությանը տված ծավալուն հարցազրույցին, որում նախարարն անդրադառնում է ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացին՝ զուգահեռներ եւ համեմատականներ տանելով 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո եւ տավուշյան վերջին՝ հուլիսյան սահմանային սրացումներին հաջորդած ժամանակաշրջանների միջեւ:
Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ուստի ցանկանում են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում. «Դա հնարավոր է փոխզիջումների հիման վրա խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհով։ Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք հեռանկար չեն կարող ունենալ։ Եվ մենք չենք կարող շահագրգռված լինել մի իրավիճակում, երբ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չունեն կայուն երկարաժամկետ հիմքեր։ Այս առումով խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն այդ հակամարտության լուծման համար»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս է հայտարարել հարցի կարգավորումը նոր կետից սկսելու մասին: Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ այս հարցազրույցում իր համար նկատելի՞ են հարցի կարգավորման՝ նոր կետեր:
Արմեն Աշոտյանի գնահատմամբ, նախարարի հարցազրույցը «բավականին թույլ» էր. «Եթե իր կառավարության բառապաշարով ասեմ, ապա պետք է փաստեմ, որ հարցազրույցը հեչ էլ «դուխով» չէր»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի գնահատմամբ, Զոհրաբ Մնացականյանը կորցրեց մի շարք կարևոր հարցերի շատ ավելի հստակ և դիպուկ պատասխաններ տալու հնարավորությունը՝ սկսած հայ-ռուսական հարաբերություններից, մինչև արցախյան հակամարտության կարգավորում:
«Արցախյան բանակցություններում և՛ Նիկոլը, և՛ արտգործնախարարը բազմաթիվ սխալներ են գործել վերջին երկու տարվա ընթացքում և այսօր փորձում են այդ սխալները սրբագրել»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Սակայն, այս փորձերն անատամ են թվում: Եթե զուգահեռներ անցկացնենք ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացի կտրուկ, Հայաստանին օգուտ բերող փոփոխությունների և այսօրվա իրավիճակի միջև՝ կարող ենք փաստել, որ 2016թ. Հայաստանին հաջողվեց դիվանագիտական դաշտում կապիտալացնել ռազմաճակատային հաջողությունները, իսկ այսօր ականատեսն ենք նրա, որ տավուշյան դեպքերից հետո հայկական դիվանագիտությունը ոչ մի կերպ չի կարողանում առաջ մղել իր կողմից հռչակված օրակարգը, որի կարևոր մաս են կազմում այն պայմանավորվածությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ժամանակին խորը թաղվել էին: Խոսքը գնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի մասին»:
ՀՀԿ փոխնախագահը նաեւ շեշտում է, որ 2016 թվականի հետ զուգահեռներ անցկացնելով՝ անգամ ժամանակային ու բովանդակային հսկայական տարբերություններ կան. «Վիեննայի գագաթնաժողովը տեղի ունեցավ 2016թ. ապրիլյան մարտերից մոտ 40 օր անց, երբ արդեն Հայաստանին հաջողվել էր Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանին պարտադրել հայկական օրակարգը: Ուստի, Վիեննայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված մոտեցումները հստակ արտահայտում էին հայկական կողմի քաղաքական ձեռքբերումները: Այսօր Տավուշի դեպքերից անցել է շուրջ 50 օր, և որևէ տեղաշարժ չկա: Ադրբեջանը դիվանագիտական ճակատում ասիմետրիկ հարձակումների է ենթարկում Հայաստանին և Արցախին: Ես չունեմ տպավորություն, որ մեր արտգործնախարարությունն ու վարչապետը գիտեն, թե ինչ պետք է անել նման իրավիճակում: Ես չունեմ տպավորություն, որ մեր ղեկավարությունը կարողանում է աշխատել Մինսկի խմբի համանախագահ երկրներից գոնե մեկի հետ: Ինչ որ ասում է Հայաստանը, մնում է հայաստանյան ականջների օրակարգում»:
Մեր զրուցակիցը մնում է այն համոզման, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը բանակցային գործընթացում պահանջատեր էր, իսկ տավուշյան բախումից հետո Հայաստանի կեցվածքը կառուցողական դառնալու, երևալու խնդիր է փորձում լուծել. «Սա հսկայական տարբերություն է, քանի որ երկրորդ դեպքում խոսքը գնում է շատ պասիվ ու չեզոք, իսկ առաջին դեպքում՝ հարձակվողական և նախաձեռնողական դիվանագիտության մասին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ