«Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ պարետը իրավասու չէ կանոններ սահմանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պարետի որոշմանը, ըստ որի մի շարք պաշտոնյաների համար արարողակարգային միջոցառումների ժամանակ պարտադիր չի լինի դիմակ կրելը, ասաց «Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Նա կարծում է, որ տվյալ որոշումը շատ վատ ուղերձներ է հղում քաղաքացիներին․ «Փաստորեն, մի քանի անձանց, որոնք որ իրենց աշխատանքային պարտականություններն են կատարում․ արարողակարգային միջոցառումները աշխատանքային պարտականությունների մասն են, ազատում են դիմակ կրելու պարտականությունից, այն դեպքում, երբ ամենևին դա կապ չունի համավարակի դեմ պայքարի կամ համավարակի դեմ պայքարի բացակայության հետ։ Եվ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, որը այլ աշխատանքային գործունեություն է իրականացնում այս որոշման համատեքստում իրավունք ունի հարցադրում կատարել, թե ինչո՞ւ ինքն իր աշխատանքային գործունեությունը իրականացնելիս դիմակ դնի, իսկ նշված պաշտոնատար անձինք՝ ոչ։ Օրինակ՝ տաղավարում բավական բարձր ջերմաստիճանի ներքո աշխատող լրագրողները։ Այդ տեսանկյունից՝ սա վատ ուղերձ պարունակող որոշում է, որը հստակ ցույց է տալիս, որ իշխող քաղաքական ուժի համար առնվազն մեր երկրում կան Յուպիտերներ և ցլեր, ինչպես հայտնի ասացվածքը։ Սա վատ ուղերձ է, որովհետև այն մարդիկ, որոնք որ այսօր իշխանության են դրա հակառակ լոզունգներով էին գալիս իշխանության։ Եվ հիմա արդյունքը ցույց է տալիս, որ նրանք ամենևին իրենց իսկ հայտարարած արժեքների կրող չեն։ Պարզ ասած, սա ակնհայտ տարբերակում է, տարբերակված մոտեցում է տարբեր անձանց նկատմամբ, և տարբերակված մոտեցումը, եթե չունի բավարար հիմնավորում հավասարազոր է խտրականության։ Սա ես կհամարեի խտրականություն, որովհետև բավարար հիմնավորում չունեցող որոշում է»։
Ռուբեն Մելիքյանը համարում է, որ քաղաքացիները հակված չեն պահպանել այն կանոնները, որոնք կանոններ սահմանողները կա՛մ չեն պահպանում, կա՛մ իրենց համար պարտադիր չեն․ «Կանոնները ապրում են այնքան ժամանակ քանի դեռ դրանք պահպանելու հարցում կանոններ սահմանողները դրսևորում են համապատասխան վարքագիծ։ Երբ այդ կանոնները համապատասխան վարքագիծ չեն դրսևորում, օրինակ՝ իրենք իրենց արտոնություններով են օժտում, ապա՝ կանոնների պահպանման գործը, մեղմ ասած, դժվարանում է»։
Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ ընտրվել են օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ղեկավարները, պետության գլուխը և կաթողիկոսը․ «Այս ցանկում միակ պաշտոնատար անձը, որ զարմանք առաջացրեց, պետության գլուխն էր՝ հանրապետության նախագահը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարծես, թե այն փոքր պարտականությունները և գործառույթները, որ պետության նախագահը պահպանել է, անգամ դրանք են այսօր իրականացվում վարչապետի կողմից, օրինակ՝ պետական պարգևներ հանձնելը։ Էլ ի՞նչ իմաստ ունի արարողակարգային միջոցառումներ իրականացնել։ Մնացածի պարագայում սկզբունքը պահպանված է։ Ողջունելի է, իրականում, որ (պարետը – խմբ.) իրեն չի ներառել այդ ցուցակում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ