Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տնօրեն. «15 օրվա համար մոտ 700 դիմակ է անհրաժեշտ»

Սեպտեմբեր 01,2020 16:08

«Ներկայումս Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 30 հավաքական մանկապարտեզ, որոնք նախատեսված են միայն աշխատող ծնողների համար…Հիմնականում ընտրված են այն ծնողների երեխաները, որոնց եւ հայրն է աշխատում, եւ մայրը»,- «Մեդիա կենտրոնի» «COVID-19-ի մուտքը խստիվ արգելվում է. որքանո՞վ են ապահով նախակրթարանները» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը: Նրա խոսքով, այդ մանկապարտեզների յուրաքանչյուր խմբում ընդգրկված է առավելագույնը 12 երեխա: Բոլոր մանկապարտեզներում պարտադիր օրական 2 անգամ ջերմաչափում է կատարվում, մանկապարտեզները տեսչական մարմինների կողմից անընդհատ ստուգվում են:

Տիկին Սարգսյանը հայտնեց, որ մանկապարտեզներում հիմնականում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասք է օգտագործվում: Ասաց, որ բոլոր մանկապարտեզներին տրամադրվել են դիմակներ, ախտահանող նյութեր: «Եթե եղել են ինչ-ինչ թերացումներ, նման մանկապարտեզների գործունեությունը կասեցվել է»,-ասաց նա:

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանը Նունե Սարգսյանից հետաքրքրվեց, թե 10-12 երեխաներն ինչ տարածության մեջ են տեղավորվելու, ինչպես են պաշտպանվելու աշխատողները, ո՞վ է հսկելու հակահամաճարակաբանական միջոցառումները: Բժիշկն ընդգծեց, որ բավականին մեծ թվով համաճարակաբաններ կան Հայաստանում, որոնք կարող են օգտակար լինել մանկապարտեզներում եւ դպրոցներում: «Երեխաները ինֆեկցում են հազվադեպ, իրենց դեպքում լինում է վիրուսի ասիմպտոմ ընթացք: Դա պետք է որսալ, եւ ժամանակին կոտրել շղթան: Այդ առումով պատասխանատվությունը լուրջ է, որովհետեւ մենք մեկ անգամ բացեցինք մանկապարտեզները, տեսանք, որ որոշ մանկապարտեզներ ու նախադպրոցական կառույցներ պատրաստ չէին բնականոն հունին անցնելու»,-փաստեց նա:

Երևանի N 50 մանկապարտեզի տնօրեն Արմինե Բաղդասարյանը նշեց, որ, օրինակ, իրենց մանկապարտեզը գործում է հունիսի 22-ից` որպես հերթապահ մանկապարտեզ, որտեղ հաճախում են մի քանի մանկապարտեզների երեխաներ: Յուրաքանչյուր խմբում 10-12 երեխա է ընդգրկված, սակայն հաճախում է 7-8: Տնօրենը վստահեցրեց, որ այս ընթացքում որեւէ դեպք չի արձանագրվել, քանի որ չափազանց զգույշ են աշխատում. «Մանկապարտեզի բակն անգամ ախտահանվում է, կողմնակի անձանց մուտքն արգելվում է, ծնողը շենք չի մտնում: Պատուհանները բաց են, երեխաներն անգամ ծորակներին չեն դիպչում»: Հավելեց, որ մանկապարտեզի աշխատակիցները դիմակներով են, որոնք փոխում են 3-4 ժամը մեկ, ապահոված են նաեւ ախտահանող լուծույթներով:

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը նշեց, որ երբ սեպտեմբերի 14-ին իրենց մանկապարտեզը կշահագործվի, կհրավիրեն տեղական համաճարակաբանին, որպեսզի ստուգի ամեն ինչ, նոր սկսեն աշխատել: Հավելեց, որ մանկապարտեզների տնօրեններով խորհրդակցություն են ունեցել համայնքապետի մոտ, քննարկել իրավիճակը: «Այդքան ռեսուրսներ չկան, որ մեկանգամյա օգտագործման դիմակներ ունենանք, հաշվարկներ կատարեցինք, պարզվեց, որ 15 օրվա համար մոտ 700 դիմակ է մեզ անհրաժեշտ, որպեսզի օրվա մեջ 3 անգամ աշխատակիցները փոխեն: Դրա համար մտածում ենք, որ կարող ենք դիմակները լվանալ եւ մի քանի անգամ օգտագործել, որովհետեւ այդպիսի ռեսուրսներ չկան ոչ մի համայնքում: Նույնիսկ կարող է մի պահ գալ, որ եւ ալկոգելը, եւ մնացած ախտահանող նյութերը հնարավոր չլինի տրամադրել»,-հայտնեց նա:

Հասմիկ Ղազինյանը նշեց, որ ընդունված չէ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակը լվանալ ու նորից օգտագործել: «Այդ դեպքում ավելի լավ է տնային պայմաններում կարված դիմակներ օգտագործել, քան մեկանգամյա օգտագործման դիմակը օգտագործել մի քանի անգամ: Կարծում եմ պարտավոր են ձեզ դիմակներով ապահովել, ամեն աշխատողի պետք է օրվա մեջ ամենաքիչը երկու դիմակ տրամադրել»,-պնդեց բժշկուհին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930