Լրահոս
Օրվա լրահոսը

«65-70 տարեկան նախկին սպաները ֆիզիկապես եւ գաղափարապես չեն զիջում 18 տարեկաններին». Գաբրիել Բալայան

Սեպտեմբեր 01,2020 15:02

«Աշխարհազորում կընդգրկվեն մինչեւ 70 տարեկան եւ պահեստազորում չհաշվառված անձինք, որոնք զորակոչվելու դեպքում ստանալու են զինծառայողի կարգավիճակ, այսինքն՝ նրանք մարտական առաջադրանք կունենան եւ կօգտվեն զինծառայողի եւ նրա ընտանիքի համար նախատեսված համապատասխան սոցիալական երաշխիքներից»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծ, որը բխում է ՀՀ-ի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունից:

Բալայանը տեղեկացրեց, որ խաղաղ ժամանակ վարժանքներում ներգրավվելը լինելու է կամավոր, իսկ աշխարհազորի կիրառման կարիքի դեպքում գործելու են զինծառայողներին առնչվող բոլոր օրենքները. «Մարզումներին գալու համար որեւէ վարձատրություն չի նախատեսվում, դա կամավոր է: Աշխարհազորի ստեղծումը պահեստազորում չկցագրված անձանց է վերաբերում: Անգամ Երեւանում ենք սա նախատեսում, որովհետեւ Երեւանում էլ կարող են խնդիրներ առաջանալ, եւ անձանց ներգրավենք: Բայց սա չի նշանակում, որ աշխարհազորը կազմվելու է կոնկրետ վարչատարածքային միավորների համար: Գուցե կարիք կլինի հարեւան քաղաք կամ գյուղ գնալ: Իսկ պահեստազորում ամեն անձ ունի իր զինվորական մասնագիտությունը, ուստի կորոշվի, թե նա որտեղ է առաջադրանք կատարելու»:

Գաբրիել Բալայանը նաեւ ասաց՝ համաձայն չէ կարծիքների հետ, թե 15-20 տարի առաջ հրաձգային զենքից կրակել սովորած եւ դիպուկ կրակող անձը շատ մեծ ջանքեր պետք է ներդնի՝ այսօր հմտությունը վերհիշելու համար. «Այսօր ունենք պահեստազորում չհաշվառված նախկին սպաներ՝ 65-70 տարեկան, եւ հավատացեք՝ ֆիզիկական պատրաստվածությամբ եւ գաղափարապես նրանք չեն զիջում մեր 18 տարեկան երիտասարդներին: Իրենք են մեզ դիմել, որպեսզի խմբավորումներ կազմավորվեն, եւ այստեղ խնդիր կա: Նրանց ներգրավելուց առաջ մենք պարտադիր պետք է իմանանք առողջական վիճակը՝ կարողանալո՞ւ են իրենց առողջական վիճակով առաջադրված խնդիրը կատարել: Դրա համար ամեն մարզում իրականացնելու ենք անձնակազմի բուժզննություն: Աշխարհազորում ներգրավված ցանկացած անձի տվյալներն ունենալու ենք քարտերով: Ոչ բոլոր դեպքերում է, որ աշխարհազորը մարտական խնդիրներ է կատարում: Շատ լուրջ խնդիրներ էլ կան՝ տարհանում, քաղաքացիական պաշտպանության կազմակերպում, փրկարար ծառայությանը օժանդակություն…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930