Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղողի մթերման գներն այս տարի ցածր են․ խաղողագործները բողոքում են

Սեպտեմբեր 01,2020 14:56

Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ եւ Այգեւան համայնքների խաղողագործներն այսօր բողոքի ցույց էին անում․ նրանք դժգոհ են խաղողի մթերման այս տարվա գներից։

Ցույցի մասնակիցների ներկայացմամբ՝ կոնյակի խաղողն այս տարի մթերում են 135 դրամով, անցյալ տարի՝ 150-165 դրամ էր, իսկ գինու խաղողն անցյալ տարի մթերում էին 220-240 դրամով, այս տարի՝ 135 դրամով։ Գյուղացիները խնդրում են, որ անցյալ տարվա գներով մթերվի բերքը։

Խաղողագործները պայմանագրեր են կնքել «Պռոշյանի» գինու-կոնյակի գործարանի հետ, «Նոյ» գործարանը, ինչպես խաղողագործներն ասացին, մտադիր է 130 դրամով մթերել․ «Մենք երկարաժամկետ պայմանագրեր ունենք, բայց գինը նշված չէ, ամեն տարի մի գին են ասում։ Այս տարի գարնանը կոնյակի գործարանը մեզ ասաց 155 դրամով է մթերելու, բայց այսօր իմացել ենք, որ 140 դրամի մասին է խոսակցություն գնում։ 15-20 տոննայի պայմանագրերը առանց զգուշացնելու «Արարատ» կոնյակի գործարանը կրճատել է»։ Ցույցի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ինքը 15 տարի է՝ կոնյակի գործարանին խաղող է տալիս, բայց այս տարի իրեն մթերման ցուցակից հանել են, մինչդեռ ինքն ամեն տարի իր այգին ընդլայնել է։

Բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպեց Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը։ Նա ասաց, որ կան գործարաններ, որոնք հայտնի պատճառներով կրճատել են մթերման ծավալները․ «Բայց կան տեղեր, որտեղ մթերումը կատարվում է, խաղողը կարելի է տանել եւ իրացնել։ Իսկ գնային քաղաքականությունը արտադրամասերն են որոշում, այդ մասով մենք չենք կարող որեւէ բան անել։ Բայց ամեն դեպքում, խաղողը չի մնում գետնին, մենք նախորդ հինգշաբթի օրը այդ խնդրի մասին արդեն տեղյակ ենք եղել, գործարանի տնօրինության հետ ենք խոսել։ Հեռախոսահամար կա, կարող եք զանգել եւ տանել բերքը հանձնել»։ Այս առաջարկը դուր չեկավ գյուղացիներին, հակադարձեցին՝ բա մարզպետարանի գործը ո՞րն է, որ գյուղացուն են ուղարկում գործարանի հետ պայմանավորվելու. «Գործարանն էլ կարա ասի՝ 120 դրամով եմ մթերում։ Բա մենք ի՞նչ ենք անելու»։ Փոխմարզպետը հիշեցրեց՝ կառավարությունը սուբսիդավորել է արտադրողներին, որ մթերման հնարավորություն ունենան։

Խաղողագործները բողոքի ցույցը շարունակեցին մարզպետարանում, բայց այստեղ էլ «լեզու չգտան»։

Փոխմարզպետն առաջարկեց դիմում գրել, ներկայացնել, կամ աշխատանքային խումբ ստեղծեն՝ հետագա քայլերի համար։

«Մենք չուզեցինք ճանապարհ փակել, ուղղակի դուրս էինք եկել փողոց, որ մեր բողոքն ասենք։ Բայց դուք ստիպում եք փողոց փակենք։ Չեք ասում՝ գյուղացիներ ջան, մենք մի բան կանենք, մի ձեւով ձեր խնդիրը կբարձրացնենք»,-դժգոհեցին խաղողագործները։

Կարեն Գրիգորյանի փաստարկները գյուղացիների սրտով չէր, իրար չհասկացան, խաղողագործներն ի նշան բողոքի, լքեցին դահլիճը՝ հայտարարելով՝ վաղը, մյուսը օրը ավելի ուժեղ ցույցեր են անելու․«Մարզպետը գյուղացիքին բանի տեղ չդրեց, հելավ փախավ համայնքները։ Եկել էինք քո դուռը, ինչի՞ հելար, փախար»։

Խաղողագործները բավականին վրդովված էին, կարծում են՝ իրենց խնդրին ոչ ոք չի ուզում լուծում տալ։ Նրանցից մեկն ասաց․ «Ես իմ հալալ քրտինքով ուզում եմ ապրեմ, մարզպետարանը ստեղծվել է, որ ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովի։ Չի անում, ցրեք էս մարզպետարանները»։

Խաղողագործները հեռացան մարզպետարանի շենքի մոտից, բայց խոստացան, որ վաղը կրկին բողոքի ցույց են անելու, չբացառեցին, որ նույնիսկ ճանապարհ կփակեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930