Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե անգամ հայցը մերժվել է, դա ինձ համար անհասկանալի է. դիմելու եմ Վերաքննիչ դատարան». Հայկ Ստեփանյան

Սեպտեմբեր 01,2020 18:33

«Հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանն ընդդեմ «Հայելի ակումբի» և ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի գործով դատարանն այսօր պետք է որոշում հրապարակեր: Նշենք, որ «Հեղափոխության պահապանները» Անժելա Թովմասյանին դատի են տվել «5-րդ ալիքում» հարցազրույցի ժամանակ իրենց «խուլիգան» որակելու համար:

Դատարանի դահլիճում Հայկ Ստեփանյանը հայտարարել էր, որ Անժելա Թովմասյանից պահանջում են 500 հազար դրամ հատուցում և որ նա հերքի իր ասած խոսքերը:

Aravot.am-ի հետ զրույցում Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ դատարանը մերժել է հայցը. «Հիմնավորումները դեռ չունեմ. այսօր երեկոյան արդեն Դատալեքսում կհրապարակվի վճիռն ամբողջությամբ, կտեսնենք՝ որոնք են եղել հիմնավորումները, բայց ես նախապես էլ հասկանում էի, որ այդպես պետք է լինի»:

Aravot.am-ը Հայկ Ստեփանյանից հետաքրքրվեց՝ Ձեր հայցով դատարանի որոշման հետ կապված տեղեկատվություն ունե՞ք, քանի որ պատասխանող կողմին տեղեկացրել են, որ հայցը մերժվել է, Հայկ Ստեփանյանը պատասխանեց. «Այն, որ իրենց դատարանից տեղեկություններ են տալիս, ոչ մեկիս համար էլ նորություն չէ: Կարծում եմ՝ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե այդ տեղեկատվությունները ոնց են փոխանցվում նախկին ՍԴ նախագահի հարազատ քրոջը: Ես տեղեկություններ ունեմ այնքանով, ինչքանով ինձ ասել են, որ վճիռ կա, վճռի պատասխանը կգա նամակի տեսքով: Ես կսպասեմ այդ վճռին, որը նամակով է ինձ ուղարկվելու: Այսինքն՝ դա ծանուցման ձև է, որն ընդունված է»:

Հայտնեցինք, որ հայցը մերժվել է, Հայկ Ստեփանյանն արձագանքեց. «Հասկանալով՝ ովքեր են գտնվում մյուս կողմում, չեմ ցանկանա հիմնվել իրենց ներքին տեղեկատվությունների կամ իրենց հայտարարությունների վրա, քանի որ դրանք կարող են տարբեր շահեր հետապնդել և շատ հնարավոր է՝ իրականությանը չհամապատասխանեն: Ես ցանկանում եմ՝ սպասենք դատարանի ուղարկած ծանուցմանը: Եթե անգամ վճիռը մերժվել է, ես պետք է հասկանամ, թե ինչու է այն մերժվել, այսինքն՝ պետք է հասկանամ՝ խնդիրը ո՞րն է եղել, արդյոք դա հիմնավորվա՞ծ է, թե՝ ոչ: Եթե անգամ այն մերժվել է, դա արդեն իսկ ինձ համար անհասկանալի է:

Ես միանշանակ դիմելու եմ Վերաքննիչ դատարան: Ինչ վերաբերում է վճռին, կխնդրեմ մի փոքր սպասել, քանի որ սեպտեմբերի 7-ին մենք ունենք ևս մեկ հայցի վճիռ, որը դատարանը պետք է հրապարակի, որով արդեն տիկին Թովմասյանն ուղիղ անուն, ազգանունս տալով էր վիրավորանքներ հնչեցրել, զրպարտել: Ինձ համար կարևոր է հենց երկրորդ վճռի պատասխանը, քանի որ առաջինում անուն ազգանուններ չէր նշվել, և շատ հնարավոր է, որ պատասխանող կողմը կարողանա խուսափել՝ ունենալով այն կապերը, որն ունի: Չեմ ուզում որևէ կերպ ազդեցություն ունենալ դատարանի վրա, չեմ ուզում ասել, որ դատարանը կողմնակալ է: Կխնդրեմ բոլորս սպասենք այն ծանուցմանը, որը ես կստանամ: Այն միանգամից կհրապարակվի, և պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930