Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ց են ոմանք ենթադրել, թե քաղաքում զինված մարդիկ են շրջելու. նման բան չկա». փոխնախարար

Սեպտեմբեր 01,2020 14:47

«Մեզ քննադատողները, որոշներն իրավապաշտպանի, մյուսները՝ ռազմական փորձագետի անվան տակ, կարծիք են հայտնում, որը հանրության շրջանում եւ մեդիայի կողմից լայն արձագանք է ստանում: Իրականում որոշ կարծիքներ լսելով՝ տպավորություն է, որ նրանք պարզապես չեն կարդացել օրինագիծը, որը մեկնաբանում են»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով աշխարհազորի ստեղծման շուրջ խոսակցություններին:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն հանրային քննարկման է դրել աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծ, որը բխում է ՀՀ-ի պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունից:

«Օրինագծում որեւէ տեղ չկա գրված, թե քաղաքացիներին ազատ շրջանառվող զենք է տրվելու: Աշխարհազորը ենթադրում է, որ քաղաքացիական անձինք ներգրավվելու են բացառապես մարտական գործողությունների եւ սպառնալիքի առկայության դեպքում: Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված անձանց՝ այն դեպքում, երբ կոնկրետ տեղում մարտական գործողություններ են սկսվում կամ կա սկսվելու վտանգ: Չգիտեմ՝ ինչի՞ց են ոմանք ենթադրել, թե քաղաքում կամ բնակավայրերում զինված մարդիկ են շրջելու: Նման բան չկա: Ենթադրում ենք, որ սպառազինության քանակն ավելանալու է, որպեսզի բաժանվի: Զենքի օգտագործման գիտելիքները թարմացնելու համար պարբերաբար անցկացվելու են վարժանքներ»,-պարզաբանեց Գաբրիել Բալայանը:

Նա նաեւ նշեց, որ աշխարհազորում ներգրավվածները մասնակցելու են վարժանքներին, զենք են ստանալու եւ մարզումների ավարտից հետո՝ այն վերադարձնելու, եւ սա ոչ շվեյցարական, ոչ էլ իսրայելական մոդել է, այն հայկական է եւ ՊՆ-ի համար սկզբունքային, թեեւ միջազգային փորձն էլ են ուսումնասիրել: «Զենք ստանալն ինքնանպատակ չպետք է լինի, այն կոնկրետ խնդիր կատարելու համար է եւ տրամադրվում է տվյալ ստորաբաժանմանը՝ մարտական խնդիր կատարելու դեպքում: Նորմալ է նաեւ, երբ աշխարհազորն առանց զենք ստանալու՝ կազմակերպում է քաղաքացիական բնակչության տարհանումը»,-եզրափակեց փոխնախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930