Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը ստեղծել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, հրապարակել է հետաքննություն Նովոսիբիրսկի քաղաքային խորհրդի գործող մի քանի պատգամավորների բիզնեսի մասին: Ֆիլմը կոչվում է «Ով է գրավել Սիբիրը և ինչպես այն ազատագրել»: Իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամները, որոնք հիշատակված են ֆիլմում, մտադիր են վերընտրվել քաղաքային խորհրդում, ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 13-ին:
Մասնավորապես, ֆիլմի ստեղծողները պատմում են պատգամավոր Ալեքսեյ Ջուլայի մասին՝ «Դիսկուս» շինարարական ընկերությունների խմբի տնօրեն: Հետաքննող լրագրողները պնդում են, որ ընկերության կառուցած պանելային տները «տխուր համբավ ունեն շենքերի նողկալի որակի պատճառով»: Բացի այդ պատգամավորին է պատկանում բիզնեսի կառավարման ընկերություն, ինչը թույլ է տալիս նրան ստանալ գումար ջրի, էլեկտրաէներգիայի համար: Նովոսիբիրսկի քաղաքապետարանը մի քանի անգամ դատական հայց է ներկայացրել Ջուլայի ընկերության դեմ, քանի որ վերջինս չի վճարում հողի վարձը: «Բայց պատգամավորի կարգավիճակը թույլ է տալիս նրան ամեն ինչ անտեսել»,-ընդգծում են հետաքննողները:
Ֆիլմը անդրադարձել է նաև պատգամավոր Եվգենի Յակովենկոյին, որը ևս կառուցապատող է, շինարարական բիզնեսը ձևակերպված է նրա հարազատների անուններով: Հիշատակվում է պատգամավոր Սերգեյ Բոնդարենկոն, որը ղեկավարում է «Սգո տուն» քաղաքային ձեռնարկությունը: Հեղինակների խոսքով՝ ավելի ուշ Բոնդարենկոն հիմնել է նաև նույն անվանումը կրող բաժնետիրական ընկերություն, որի ղեկավարը պատգամավորի կնոջ բարեկամն է:
Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին աշխատել է ֆիլմի ստեղծման վրա նախքան հոսպիտալացվելը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ